«Հրապարակ». 1295 ընտանիք տեղավորվել է Գեղարքունիքում
Արցախցիների կենցաղի ապահովումը դրված է համայնքների վրա՝ մարզպետարաններ, համայնքապետարաններ։ Արցախցիներից շատերն անգամ բաժակ ու ափսե, անկողին ու բավարար հագուստ իրենց հետ չեն բերել։ «Ամեն ինչով ապահովում են տեղահանված բնակիչներին՝ ով ինչի կարիք ունի, մարզպետարանների, համայնքապետարանների միջոցով ստեղծված աշխատանքային խմբերը կարիքի գնահատում են իրականացնում իրենց համայնքներում, որտեղ որ տեղավորվել են այդ բնակիչները։ Ամենօրյա ռեժիմով գնում են, շրջում են, տեսնում են, թե ով ինչի կարիք ունի՝ սկսած սննդից, վերջացրած առաջին անհրաժեշտության պարագաներով, հագուստ, անկողնային պարագաներ։ Ինչի կարիք ունեն, ասում են, դա գույքագրվում է, եւ մարզպետարանների ու համայնքապետարանների միջոցով ապահովվում են նրանց կարիքները»,- վստահեցնում է տարածքային կառավարման նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չի ուզում խոսել արցախցիներին տեղավորելու բարդություններից, բայց չի էլ հերքում, որ դրանք կան։ «Դժվար աշխատանք ենք կազմակերպում, ո՞նց կարող են չլինել բարդություններ։ Բոլորին գրեթե ապահովում ենք։ Աշխատանքային պրոցես է։ Կառավարությունը մեզ հատկացրել է միջոցներ, դրանցով կարողանում ենք այդ հարցերը կարգավորել»։ Նա չկարողացավ թվեր ասել, թե որքան սնունդ, հագուստ են բաժանել։ «Աշխատում ենք, պրոցես է»,- ասաց նա։
Ըստ մարզպետի՝ Գեղարքունիքի մարզում տեղավորվել է բռնագաղթած 1295 ընտանիք։ «Կան ընտանիքներ, որոնք ունեն ինչ-ինչ պարագաներ, կան այնպիսիք, որոնք ոչինչ չեն բերել իրենց հետ։ Բազմապիսի են կարիքները։ Մենք փորձում ենք նրանց այնպես տեղակայել, որ բոլոր պայմանները լինեն։ Մարդուն տեղակայենք եւ կենցաղային պայմաններ չապահովենք՝ դա բացառված է»,- ասում է Կարեն Սարգսյանը։
«Նախապես գտնում ենք տներ` տարբեր գների, տանում ենք իրենց ցույց ենք տալիս, ամենալավերից սկսած, տանտերերին համոզում ենք, որ հիմա գումար չվերցնեն, ամսվա վերջ նոր փող կտան, երբ պետական աջակցությունը ստանան։ Կոմունալ վարչությունների հետ խոսում ենք, որ էս ամիս զրոյացնեն կոմունալը, իրենցից փող չվերցնեն, գումարած՝ ամեն օր սնունդ ենք տալիս,- ասում է Գեղարքունիքի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը։- Մենք մեր ծանոթ-ընկերների միջոցով ենք դա անում, գուցե ուրիշ տեղերում այդպես չէ։ Մենք մեր միջոցները ներդրել ենք։ Բայց եթե անգամ համայնքը ոչինչ չկարողանա անել, պետությունը տարրական բաները՝ սնունդ, կացարան, ապահովում է։ Մարզպետը վերահսկում է, որ ծախսերն արդյունավետ լինեն»։
Կարծիքներ