Բրյուսելը կանխում է Մոսկվայի ակտիվացումը

Բրյուսելը կանխում է Մոսկվայի ակտիվացումը

Մայիսի 22-ին կայացած Շառլ Միշելի, Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ հանդիպման մասին տարածված գրեթե միակ տեղեկատվությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից տարածված մամլո հաղորդագրությունն էր: Այն շատ չէր տարբերվում ապրիլին Միշելի տարածած հաղորդագրությունից: Երկու դեպքում էլ իրականությունից տեսանելիորեն կտրված եւ կյանքի կոչվելուց հեռու ձեւակերպումներ էին՝ սահմանագծման-սահմանազատման աշխատանքները մեկնարկելու, հաղորդակցության ուղիների բացումը քննարկելու եւ դրանցից էլ հեռու գտնվող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ապրիլյան հանդիպումից շուրջ երկու ամիս անց ոչ մի շյուղ տեղից չի շարժվել, եւ հազիվ թե հուլիս-օգոստոսին ծրագրված հաջորդ եռակողմ հանդիպմանը սայլը տեղից շարժված լինի: 

Ինչ խոսք, Միշելի հայտարարությունում թվարկված ուղղություններով ոչ մի էական քայլ չանելն ավելի քան բխում է Հայաստանի շահերից: Սակայն պետք չէ այնքան միամիտ լինել, որ կարծել, թե Փաշինյանը, Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանն աշխարհի չորս կողմ վազվզելով են նման արդյունք ապահովել: Իրականությունն այն է, որ Ռուսաստանը շատ էլ կցանկանար իր հովանու ներքո Հարավային Կովկասում տեղաշարժեր գեներացնել, սակայն դա ոչ միայն ոչնչով չի համապատասխանի Հայաստանի շահերին, այլեւ պետք էլ չէ Արեւմուտքին: Ապրիլին էլ եմ գրել, այժմ էլ նույն կարծիքին եմ մնում, որ Շառլ Միշելի հրավերով Բրյուսելում գումարվող եռակողմ հանդիպումները Փաշինյանի եւ Ալիեւի հետ որեւէ այլ գործառույթ չունեն, քան Ռուսաստանի ակտիվությունը Հարավային Կովկասում արգելակելը եւ շոշափելի ցույց տալը, որ Եվրամիությունն էլ ավելի է ներգրավվում տարածաշրջանում, եւ Ռուսաստանի հեռանալուն զուգահեռ այստեղ ԵՄ-ի եւ Արեւմուտքի ազդեցությունն է հաստատվելու:

Արեւմուտքի այս ակտիվությունը ողջունելի է նախ նրա համար, որ ամենքը, ովքեր իրենք իրենց եւ միջազգային քաղաքական զարգացումները ռուսական պրիզմայով ընկալող իրենց հետեւորդներին ներշնչում ու ահաբեկում են, թե Ռուսաստանի դիրքերի թուլացումը կամ հեռանալը Հարավային Կովկասից նշանակելու է Թուրքիայի դիրքերի ամրապնդում եւ հաստատում, տեսնեն, որ Հարավային Կովկասում, ճիշտ այնպես, ինչպես Սկանդինավիայում կամ Բեսարաբիայում, լինելու է Եվրամիության ներկայություն եւ ազդեցություն` ոչ թե Թուրքիայի: Ի վերջո, գոյություն ունի հարյուրամյա ռուս-թուրքական տանդեմ` Լենինի եւ Աթաթուրքի ձեռամբ ամրացած` ընդդեմ Եվրոպայի, քաղաքակրթության եւ Սեւրի դաշնագրի: Որ այդ տանդեմի մի բաղկացուցչի` Ռուսաստանի թուլացումն ու հեռացումը նաեւ երկրորդ բաղկացուցչի` Թուրքիայի թուլացում եւ հեռացում կնշանակի:

Հարյուր տարի անց վերջապես ռուս-թուրքական տանդեմի չեզոքացումը Հարավային Կովկասում տեսանելի ուրվագծվում է։ Այն, որ իբր Ղարաբաղի հարցը լուծած եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար անելիք չտեսնող Իլհամ Ալիեւը, լեզուն իրեն քաշած ու ականջները կախած, ամեն հրավերով մեկնում է Բրյուսել, դա անում է հիմնականում այն պատճառով, որ ինքն էլ է գիտակցում իր երկու հովանավորների` Ռուսաստանի եւ Թուրքիայի ծավալած առճակատումն Արեւմուտքի հետ եւ դրանից ածանցվող բարդությունները: Ընդսմին, ոչինչ դրական Ալիեւի համար լինել չի կարող, քանի որ Ռուսաստանը կամ Թուրքիան իրենց ներկա մարգինալ վիճակից էլ ավելի են մեկուսացվելու եւ մերժվելու: 

Ի՞նչ է Հայաստանին հարկավոր իրերի այս դրությունում: Հարկավոր է, որ ոչ մի էական տեղաշարժ՝ Ադրբեջանի հետ որեւէ հարաբերություն կարգավորելու ուղղությամբ, չկատարվի` գոնե մինչեւ հուլիս-օգոստոս: Ձեւականությունից այն կողմ ոչ մի քայլ` ո՛չ սահմանազատման-սահմանագծման թեմայով, ո՛չ խաղաղության բանակցությունները սկսելու, ո՛չ էլ, առավել եւս՝ հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ չարժե կատարել: Ինչո՞ւ մինչեւ հուլիս-օգոստոս: Որովհետեւ իրադարձությունները սրընթաց զարգանում են, եւ պետք է դադար վերցնել, մինչեւ Եվրոպայի մնացյալ տարածքներում մի հանգրվանի հասնեն։ Չէ՞ որ մի բան է այսօրվա` ռազմական պարտության մատնված, բայց դեռ Ուկրաինայում տարածքներ վերահսկող Ռուսաստանը եւ այլ բան է լինելու Ղրիմի թերակղզուց դուրս մղված Ռուսաստանը: Ի վերջո, այժմ ՆԱՏՕ-ում քննարկվում են Ուկրաինային տրամադրված ռազմական օժանդակության արդյունքում Ռուսաստանին Ղրիմից եւ Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքից դուրս մղելու հարցը: Ռուսաստանի առաջխաղացման հարց արդեն առհասարակ չի դիտարկվում, քանի որ Ռուսաստանն արդեն կանգնեցված է եւ ետ է մղվում: 

Թուրքիայի մասով․ վերջինս էլ, բարեբախտաբար, խելապակասություն ունեցավ Ռուսաստանի proxy-ի ֆունկցիան կատարելով` իբր Շվեդիայի եւ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին միանալու հարցում խոչընդոտներ հարուցելու: Արձագանքը հատկապես ԱՄՆ-ից գրեթե արհամարհական էր, ոչ ոք դրա վրա չկենտրոնացավ, որքան էլ Թուրքիան հնարավոր բոլոր հարթակներում աղմկեց: Ի պատասխան, միայն ակտիվացան խոսակցությունները` նույնիսկ ԱՄՆ ներկա ու նախկին սենատորների մակարդակով` Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության եւ պահի մասին: Ի վերջո, հարցը միայն Էրդողանի հիվանդ ցուցամոլությունը, Ռուսաստանի վստահյալ լինելը, առհասարակ՝ ընթացիկ դիվանագիտական կոնյունկտուրան չէ: Թուրքիան, նախ, ի ծնե, ի բնե եվրոպական քաղաքակրթական դաշտի հետ առնչություն չունի եւ, հետո՝ ՆԱՏՕ-ի երկրներին ներկայացվող պահանջներից ոչ մեկին չի բավարարում` ժողովրդավարությունից սկսած: Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս շպրտելու կոչերն արդեն 2-3 տարի հնչում են, այդ հեռանկարը, երբ հարկավոր է, օգտագործվում է Թուրքիային սաստելու համար, բայց հրաշալի կլինի, եթե այս անգամ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկկողմ ճնշումների ներքո հայտնված Թուրքիան իրոք ելք չգտնի, եւ ՆԱՏՕ-ից նրան հեռացնելու գործընթաց սկսվի: