Յուրի Վարդանյանը ՄԻԵԴ-ից պահանջել է 5 միլիոն եվրո, 3 տարի առաջ էլ համաձայնության չի եկել պետության հետ

Յուրի Վարդանյանը ՄԻԵԴ-ից պահանջել է 5 միլիոն եվրո, 3 տարի առաջ էլ համաձայնության չի եկել պետության հետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աննախադեպ վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա՝ Բուզանդի 13 հասցեում գտնվող տունը  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք փոխանցվել է պետությանը:

Մինչդեռ 2016 թվականին Վարդանյանների ընտանիքին առաջարկվել է հաշտության գալ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նրանց  շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ սկզբում առաջարկվել է 50 միլիոն դրամի շուրջ համաձայնության գալ, սակայն իր վստահորդը չի համաձայնել․« Տան արժեքը գնահատել էր մասնավոր ընկերությունը։ Եվ տան մասով մոտ 50 միլիոն էր սահմանել, իսկ հողակտորի մասով 200 միլիոն։ Հողակտորի մասով դիմել էին, որպեսզի սեփականության իրավունքը անվավեր ճանաչվի, անվավեր էր ճանաչվել, անօրինական վճիռ էր։ Այդ 50 միլիոնի շուրջ էր հաշտության համաձայնությունը նախատեսված, որին դեմ էր պարոն Վարդանյանը։ Ընդհանուր առմամբ՝ այդ գինն էր շատ ցածր։ Հաշտության համաձայնությունը կնքելու որեւէ պատճառ չի ունեցել մեր վստահորդը»։

Նրա խոսքով՝ իր վնասը գնահատել է 5 միլիոն եվրո, այդ հաշվարկներով էլ դիմել են ՄԻԵԴ-ին․ «ՄԻԵԴ-ում ներկայացված հաշվարկներով մենք գնահատել էինք ընդհանուր առմամբ 5 միլիոն եվրո, նույնիսկ ցածր է սա։ ՄԻԵԴ վճռով սովորաբար նման մեծ կարգի գումարներ չի փոխհատուցվում, դա է նաեւ վկայում, որ ամբողջ մեր պատմության ընթացքում վճիռների հանրագումարը սրան չի անցնում»։
Փաստաբանը նաեւ նշեց, որ 3 ամսվա ընթացքում գումարը պետք է տրամադրվի։ Հարցին թե կառավարությունից նորություն ունե՞ն, պատասխանեց, որ դեռ չի կարող այդ մասով ինֆորմացիա տալ։

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ ՄԻԵԴ այդ որոշման մասին ասում է․ «Այդ գումարը որը տրամադրվել է, շատ չնչին  է, քսանապատիկ էլ տային, ոչինչ չէր լուծելու դա։ Թուրքիայում մեր հայրենակիցներին որ տեղահան արեցին, նույնն էր, ոչ մի տարբերություն չկար, դրանց գույքը խլեցին ու աքսորեցին այնտեղից, դա ինչ-որ ձեւով կարելի՞ է փոխհատուցել։ Կա մի կարեւոր հանգամանք, որ պետք է սկսել իշխանավորներից՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Անդրանիկ Մարգարյանի, Երվանդ Զախարյանի եւ այդ ամենի գլուխգործոցը Դավիթ Հարությունյանն է, որը հարցազրույց է տալիս, ասում է՝ ես խաբար չեմ։

Եկեք մի հատ հասկանանք՝ ի՞նչ է կատարվել, թալանել են չէ՞, նոր իշխանություններ են եկել, որոնք արդարություն պետք է վերականգնեն։ Կոնկրետ մարդ է չէ՞ վնաս կրել։ Ես նորից եմ կրկնում․ եկեք փողը թողնենք մի կողմ,  ստեղ կարեւորը այդ հանգամանքն է։ Մենք շատ ենք սիրում եվրոպական երկրների հետ համեմատվել, էդ ո՞ր մի եվրոպական երկիրն է  իր քաղաքացուն այդ օրը քցում»։