Ինչու՞ հենց «Ապրելու երկիր»-ը

Ինչու՞ հենց «Ապրելու երկիր»-ը

Ցանկանում եմ շարունակել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի մտորումները Երևանի ավագանու ընտրությունների առումով: Ընտրություններն, ինչպես արդեն ասվել է, ենթադրաբար կկայանան սեպտեմբերի 17-ին: Այսինքն, մնացել է ընդամենը երկուսուկես ամիս: Արդեն մեկ տարի քաղաքապետի Նիկոլին թեկնածուն ձևականորեն փոխքաղաքապետ, իրականում քաղաքապետի պաշտոնը կատարող Ավինյան Տիգրանն է: Մարդ, որն այդ ընթացքում զբաղված է իր քարոզչությամբ: Իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով է լինելու իրենց միասնական թեկնածուն: Եթե, իհարկե, նման թեկնածու առաջադրվի: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե նման թեկնածու չառաջադրվի: Եվ, ընդհանրապես, չառաջադրվի որևէ թեկնածու խորհրդարանական ընդդիմության կողմից:

Որովհետև, ինչպես ասվեց, մնացել է ընդամենը երկուսուկես ամիս: Որպես ընտրական գործընթացի (համայնքային թե համապետական) շուրջ 20 տարվա դիտորդ կարող եմ պնդել, որ դա բավարար ժամանակ չէ, որպեսզի որևէ ընդդիմադիր կարողանա այդ կարճ ժամանակահատվածում բավարար ճանաչելիություն ձեռք բերել: Ինչ մնում է այն հանգամանքին, թե ընդդիմադիր խմբակցության անդամ լինելը բավարար է այդ հարցի լուծման առումով, ապա այն ավելի քան կասկածահարույց է: Իշխանության թեկնածուի փոխքաղաքապետ լինելը, և նրա որոշակիորեն դրական գործունեությունը բավարար է, որպեսզի այդ գործոնը չեզոքացվի: Դրան գումարած այն հանգամանքը, որ համայնքային ընտրությունների դեպքում գործող իշխանության կողմից միշտ առաջ է մղվում համայնքապետի՝ որպես կառավարչի կամ մենեջերի (օտար բառով ասած), շեշտադրումը:

Բայց եթե խորհրդարանական ընդդիմությունը չպետք է թեկնածու առաջադրի, դա չի՞ նշանակում, որ Երևանի կառավարումը զիջում է Նիկոլին: Դա այդպես կլինի, եթե ընդդիմությունը մնա պասիվ վիճակում: Բայց եթե այն որոշի աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանը և այդ որոշումը կյանքի կոչի, ապա Նիկոլը ստիպված է լինելու շատ ջանքեր գործադրել մայրաքաղաքի կառավարումը պահպանելու նպատակով: Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի կողմից հիմնադրված՝ երկամյա այդ կուսակցությանը, նախ, խիստ գրագետ մարտավարություն դրսևորեց՝ տարբեր մարզերում մասնակցելով համայնքային ընտրություններին: Եվ դա այն դեպքում, երբ շատ ավելի հին ու փորձառու կուսակցությունները չմասնակցեցին դրանց: Լրատվականներից մեկի հաշվարկով, կուսակցությունը գրավել է երկրորդ տեղն իր ստացած ընդհանուր ձայների քանակով: Առաջինը, բնականաբար, Նիկոլի կուսակցությունն է: 

«Ապրելու երկիր»-ը ավագանու ընտրությունները շահել է  Ալավերդիում, Նոյեմբերյանում և  Տաթևում: Ընդդիմադիր այդ կուսակցության հաջողության բանալին, իմ կարծիքով, դրա ոչ արմատական լինելն է: Այդ հանգամանքը, ինչպես նաև նորաստեղծ լինելը այն խաբուսիկ շղարշն էր, որին տրվեց նաև Նիկոլը: Եվ չդիմեց հենց սկզբից կոշտ վարչական միջոցների՝ իրավապահների ներդրմամբ: Այն, ինչ կատարվեց Վանաձորի կամ այլ համայնքային ընտրություններում: Երկրորդ կարևոր հանգամանքը նախկին սոցապանախարար լինելու՝ Մանե Թանդիլյանի հեղինակությունն էր իր ծննդավայրում (Ալավերդի) և կից շրջանում՝ Նոյեմբերյանում: Իսկ Տաթևում, վստահաբար, կուսակցությանն առաջ մղող ուժ է եղել գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի անուղղակի աջակցությունը՝ հիշենք Տաթևեր ճոպանուղին:

Չնայած կուսակցության անունից հայտարարվել է, որ Նոյեմբերյան, Ալավերդի և Տաթև համայնքներում, որտեղ այն իշխանություն է կազմում, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է «Հայաքվե»-ի նախաձեռնությանը: Միևնույն ժամանակ, կուսակցության համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով՝ դրա մասին տեղեկացնելով «Հայաքվեի» նախաձեռնող խմբին: Բայց Երևանի ավագանու ընտրության առումով ներկայացված ծրագրերը վկայում են, որ Մանե Թանդիլյանն և Մեսրոպ Առաքելյանն իրենց հաշիվ են տալիս, որ ընդամենը փորձում են վերցնել մայրաքաղաքի կառավարման ղեկը: Եվ ոչ թե փորձում են երկիրը կամ գոնե քաղաքն ազատել Նիկոլից: Եվ, ըստ այդմ, առաջին պլան է մղվելու երևանցիների և հյուրերի կենցաղի և դրա հետ կապակցված հարցերի կազմակերպումը: Ինչը, բնականաբար, առավելագույնս արդյունավետ է լուծվելու ոչ թե Նիկոլի իշխանության, այլ այն կուսակցության  կողմից, որի թիկունքին կանգնած է միջազգային մակարդակի գործարար և սոցիալական ներդնող Ռուբեն Վարդանյանը:

Ի դեպ, «Ապրելու երկիր»-ն արդեն հայտարարել է, որ ավագանու ընտրությունում հաջողության հասնելու դեպքում քաղաքապետարանը վերականգնելու է, նախ, Երիտասարդական պալատը: Իսկ այնուհետև վերաստեղծելու է Երևանի ճոպանուղին, որն 90-ականներից չի գործում։ Նոր ճոպանուղին իր ցանցի մեջ է առնելու ողջ քաղաքը՝ ունենալով մոտ 100 կայարան: Այն կառուցելու է նույն միջազգային կազմակերպությունը, որը շահագործման է հանձնել Տաթևերը։ ԻՆչպես երևում է, այս հարցում ևս առկա է նախկինում մոսկվաբնակ Ռուբեն Վարդանյանի շունչը, որն այսօր փորձում է արցախցիների հետ միասին հայկական պահել Արցախը: Համենայն դեպս, ես, որպես ընդդիմադիր, իմ մեկ հատիկ քվեն տալու եմ Ապրելու երկիր» կուսակցությանը: Որովհետև ավելի ճիշտ կլինի, որ իմ քվեն ոչ թե փոշիանա, այլ համալրի Ռուբեն Վարդանյանի կողմից աջակցվող կուսակցությանը տրվելիք ձայները: