«Հրապարակ». Եթե չեն կարողանում միավորվել, ապա գոնե պետք է բոյկոտեն ընտրությունները

«Հրապարակ». Եթե չեն կարողանում միավորվել, ապա գոնե պետք է բոյկոտեն ընտրությունները

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում նախընտրական մթնոլորտ է։ Բոլորը ստարտի վրա են՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ, սակայն իշխանական դաշտում դեռ կատարյալ անորոշություն է, չգիտեն՝ արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ անեն: Չգիտեն, քանի որ որոշումն ընդունելու է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Բանն այն է, որ «Երեւանի մասին» օրենքի բացերը մանեւրելու եւ քաղաքական հակառակորդներին մոլորեցնելու հող են ստեղծում։ 

Օրենքի 46-րդ հոդվածն ասում է․ «Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են արտահերթ ընտրություններ», այսինքն` ընտրում են ավագանու կազմից: Սակայն իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ավագանու ցանկում չկա եւ չի ցանկանում, որ Երեւանը նոր քաղաքապետ ունենա` մինչեւ հերթական ընտրությունները: Հրաչյա Սարգսյանի վաղաժամ հեռացումը, մեր տեղեկություններով, Ավինյանի ջանքերով էր: Քովիդի գործով կալանքներն Ավինյանին ցայտնոտի մեջ են գցել, մյուս կողմից՝ նա երաշխիքներ է ուզել, որ իրեն չեն «քցելու» եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ չեն առաջադրելու Հրաչյա Սարգսյանին, ով պաշտոնի բերումով ավելի բարձր վարկանիշ ուներ, քան իր տեղակալը։ Բացի այդ, Սարգսյանին ասպարեզից հանելով՝ Ավինյանը հույս ունի, որ Փաշինյանը կհամակերպվի եւ ժամանակի սղության պատճառով այլ թեկնածու չի փնտրի։ Իսկ գործող ավագանին, որը մեծամասամբ Ավինյանի «տակ» է, նոր քաղաքապետ չի ընտրի։
Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կախված է Ավինյան-Փաշինյան տանդեմի պայմանավորվածություններից։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վկայաբերում են օրենքի բացը՝ նշելով, որ այս պահին Փաշինյանը չի կարող վաղաժամ դադարեցնել Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը։ Ըստ օրենքի՝ հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում եթե ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում, դրանից հետո, ոմանց կարծիքով, օրենքը հստակ չի կարգավորում։ Օրենքի 17-րդ հոդվածն ասում է՝ եթե քաղաքապետ չի ընտրվում, ապա կառավարությունը վաղաժամ դադարեցնում է ավագանու լիազորությունները եւ նշանակում է նոր ընտրություններ, սակայն, փաշինյանականների մեկնաբանությամբ, դա վերաբերում է միայն ավագանու առաջին նիստին, երբ նոր-նոր ավագանի է ձեւավորվում։ 

«Ավագանու լիազորությունները դադարեցվում են, եթե «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»: Իսկ ԸՕ հիշյալ հոդվածը վերաբերում է ավագանու առաջին նիստին, մյուս դեպքերի մասին օրենքը կարգավորում չի նախատեսում, ուստի արտահերթին դեմ հանդես եկողներն ասում են, որ այն չի տարածվում այդ դեպքի վրա եւ կառավարությունն այժմ չի կարող լուծարել ավագանին: Ավինյանականները հակադարձում են՝ եթե նույնիսկ այդպես է, ապա Փաշինյանն ԱԺ մեծամասնության միջոցով կարող է օրենքի բացը լրացնել եւ մի քանի օրվա ընթացքում դադարեցնել ավագանու լիազորությունները՝ նշանակելով արտահերթ նիստի օր։  

Այդուհանդերձ, եթե ներիշխանական հակասությունները հարթվեն, ապա գործող օրենքը կարող են հօգուտ արտահերթի ծառայեցնել, ինչի համար դեռեւս մեկ ամիս ժամանակ կա: Իշխանական շրջանակներում խոսում են՝ եթե արտահերթի որոշում կայացվի, ապա այն նշանակվելու է հունիսի 4-ին, եթե ոչ, ապա գնում ենք հերթականի` սեպտեմբեր։ Այդ դեպքում մինչեւ սեպտեմբեր քաղաքապետի պաշտոնակատար կմնա Լեւոն Հովհաննիսյանը։
Խնդիրը, սակայն, ոչ այնքան իշխանության քայլերն են, որքան` ընդդիմության։ ՔՊ-ն, ինչպես բոլոր իշխանությունները, վարչական ռեսուրսի շնորհիվ որոշակի տոկոսներ արդեն իսկ ունի, եւ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է գլխավորելու իշխանության ցուցակը։ Եթե Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե Ավինյանին չեզոքացնելն է գերխնդիրը, այլ Երեւանի առումը, ապա ինքն էլ կներգրավվի քարոզարշավին եւ կփորձի կոմպենսացնել իրենց թեկնածուի ցածր վարկանիշը։ Ընդդիմության պարագայում մեծ է վտանգը, որ նախորդ համապետական ընտրությունների նման՝ ընդդիմության ձայները կփոշիանան, եթե միասնական ճակատով չմասնակցեն ընտրությանը։

Գլխավոր հարցն այն է, թե Երեւանի ընտրողն ինչպիսի թեկնածու, ինչ ուժ է նախընտրում, կարո՞ղ է արդյոք սեւ-սպիտակի, նախկինների դեմ հայտնի քարոզչաթեզն այս անգամ էլ  իր սեւ գործն անել: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի ընտրություններին մասնակցության փորձառություն ունեցող քաղաքական գործիչների հետ։ Էդուարդ Շարմազանովը, որ 2013-ին, 2017-ին ղեկավարել է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը, մեզ ասաց․ «Ես Երեւանի քաղաքապետի ընտրությունով հետաքրքրված չեմ։ Չեմ էլ կարծում, որ Երեւանի ընտրությունը կամ քաղաքապետի ընտրություններն առաջնային են։ Իմ կարծիքով, սա Նիկոլի հերթական կեղծ օրակարգն է։ Առաջնայինն Արցախն է, էլի Արցախը ու նորից Արցախը։ Արցախից է կախված՝ Երեւան կմնա՞, թե՞ կդառնա թուրքական եսիմինչ։ Բայց սա զուտ իմ կարծիքն է։ Այո, ՀՀԿ շտաբի պետ եմ եղել ե՛ւ 2013-ի, ե՛ւ 2017-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Բայց այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին, իսկ Հայաստանում էլ թուրքերը չէին վխտում»։

Նաիրա Զոհրաբյանը, ով 2018-ին գլխավորում էր ԲՀԿ ավագանու ցուցակը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն էր, կարծում է, որ միայն միասնական ճակատով է հնարավոր հաջողության հասնել: Նրա համոզմամբ՝ իշխանությունը ջանք չի խնայելու վարչական լծակներն ի շահ իր թեկնածուի օգտագործելու համար․ «Երեւանի քաղաքապետի ընտրությունը քաղաքի լավագույն մենեջերի ընտրությունն է, սակայն պիտի հասկանանք, որ որեւէ անգամ այդ կոնտենտով  ընտրողը չի նայել քաղաքապետի ընտրությանը, այլ կատարել է քաղաքական ընտրություն, եւ, որպես կանոն, ընտրվել է իշխանության թեկնածուն, քանի որ կիրառվել է վարչական ռեսուրսը։ Բոլոր ժամանակներում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկները՝ մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, բերվել են «համար 1» վիճակի։ 2018-ի ընտրություններին, որին ես եւս մասնակցում էի, հեղափոխական էյֆորիան աշխատեց, եւ եթե Հայկ Մարությանի փոխարեն Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու առաջադրեր իր կոշիկի շնուրոկը կամ Չալոյին՝ ասելով, որ Չալոն մեզ հետ Գյումրիից Երեւան է քայլել, ապա Չալոն ընտրվելու էր քաղաքապետ»։ Զոհրաբյանը կարծում է նաեւ, որ այս անգամ «նախկին թալանչիներ» լոզունգներն արդյունավետ չեն աշխատի․ «Եթե իշխանությունն ուզենա իր թեկնածուի քարոզարշավը կառուցել «նախկինները, թալանը․․․» կարգախոսներով, չեմ կարծում, թե արդյունավետ քարոզարշավ կլինի, որովհետեւ այս իշխանության` 1000 դրամ պարտք ուզող կամ սրա-նրա հաշվին ձրի պիվա ու սոկ խմող սբրոդից միանգամից կես միլիոն դոլարանոց շքեղ առանձնատների սեփականատեր դառնալը, ապա թալանի` կոպեկ առ կոպեկ վերադարձնելու մասին քարոզչական տակտիկան չեմ կարծում, թե կաշխատի։ Ավելին, կարծում եմ` Ավինյանն այդ մարտավարությունը չի  նախընտրի, եթե քարոզարշավն իր վրա չվերցնի Նիկոլը»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը․ «Եթե որոշի ընտրությունների գնալ առանձին թեկնածուներով, ապա ուղղակիորեն լեգիտիմացնելու է իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ընդդիմությունը մեկ քայլ կարող է անել՝ հայտարարել, որ սա ոչ թե տանիքի, վերելակի, կանալիզացիայի ընտրություն է, այլ քաղաքական ընտրություն է։ Հայտարարի, որ իրենք Երեւանի ընտրությունից սկսում են Հայաստանի փրկությունը, եւ միավորվեն մեկ միասնական ցուցակում։ Եթե ընդդիմությանը հաջողվի վերցնել Երեւանը, հաջորդ օրվանից պետք է սկսի մասսայական բողոքի ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ Արցախի ցեղասպանությունն ու Հայաստանի տարածքային կորուստները կասեցնելու համար, ինչի մասին իր չորսուկես ժամանոց ասուլիսում գուժեց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե ընդդիմությունից ամեն մեկը գրկի իր թեկնածուին ու գնա ընտրության, կդառնա 2021 թվականի խորհրդարանական ընտրությունը, որը հերթական անգամ լեգիտիմացրեց եւ ուժեղացրեց Փաշինյանի դիրքերը՝ ձեւավորելով Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ, ամենատրյապկա, ամենացածրակարգ ու անորակ խորհրդարանը։ Եթե չեն կարողանում միավորվել, ապա գոնե պետք է բոյկոտեն ընտրությունները՝ Նիկոլին իր գրպանային ընդդիմության հետ թողնելով միայնակ»։