«Հրապարակ». ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց շատ խեղճ են պահում, ինչից Ադրբեջանը խանդավառվում է

«Հրապարակ». ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց շատ խեղճ են պահում, ինչից Ադրբեջանը խանդավառվում է

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրը։ Արցախահայության նկատմամբ Բաքվի ագրեսիայի նոր դրսեւորումն ուղեկցվում է հարյուր հազարավոր մարդկային ճակատագրերի խաթարմամբ, ԼՂ-ում հումանիտար, էներգետիկ ու բովանդակ ճգնաժամի ստեղծմամբ, էթնիկ զտումների քաղաքականությամբ, միջազգային հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, համաշխարհային հանրության դատապարտող կոչերի անտեսմամբ եւ այլն։ Ի՞նչ մտորումներ ու, առավել եւս, ի՞նչ անելիք ունի այս հարցում հայկական սփյուռքը՝ Ադրբեջանին ճնշելու եւ արցախահայության հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցում։
«Հրապարակ»-ի զրուցակիցը Ֆրանսիայի Իսե լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանն է։

- 100 օր է՝ Ադրբեջանն ապօրինաբար ու ի տես աշխարհի՝ շարունակում է շրջափակված պահել Արցախը՝ արգելափակելով Հայաստանին ու Արցախին կապող միակ կենսական ճանապարհը Լաչինի միջանցքում։ Միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆրանսիայի դիրքորոշումը միանշանակ է՝ Բաքուն պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը։ Ֆրանսիայի հայ համայնքը եւս անմասն չէ արցախահայության շահերի պաշտպանությունից․ բողոքի ակցիաներ, հայտարարություններ եւ այլն։ Ուրիշ ի՞նչ ջանքեր է գործադրում ֆրանսահայությունը՝ հայության համար կենսական խնդիրը լուծելու ուղղությամբ։

- Այսօր, դժբախտաբար, ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ միջազգային մամուլն անուշադրության է մատնել հայության խնդիրները, մասնավորաբար՝ կապված Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավել է ուկրաինական պատերազմի հարցը։ Այդ պատճառով ոչ մեկին, ցավոք, չի հետաքրքրում եւ երկրորդ պլան է մղվել Լաչինի միջանցքի հարցը, իսկ Ադրբեջանն օգտվում է դրանից եւ անում է այն, ինչ ցանկանում է՝ խնդիրներ առաջացնելով արցախահայության համար։ Այս դեպքում գործում է միջազգային երկու քաղաքականություն․ մեկը՝ հայտարարությունների մակարդակով, մյուսը՝ ավելի կոնկրետ քայլերի ու միջոցառումների տեսքով, ինչպես տեսնում ենք Ուկրաինայի պարագայում։ Այս համատեքստում համաշխարհային հանրությունն ամեն ուժ ու ջանք գործադրում է՝ Ուկրաինային օգնելու համար, որպեսզի այդ երկիրը պաշտպանի ինքն իրեն։ Սա փաստում է, որ հայկական հարցը, Արցախի ու Լաչինի միջանցքի հարցը կարող է դիտվել զուտ հայտարարությունների մակարդակում եւ ոչ ավելին։ Այս ամբողջ ընթացքում Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ, բողոքի ցույցեր ու ակցիաներ եղան, բայց, ցավոք, չկարողացանք հասնել խնդրի ամբողջական լուծմանը։ Բացի այդ, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը որոշում են Ելիսեյան պալատն ու երկրի ԱԳ նախարարությունը, մնացյալը, այդ թվում՝ պատգամավորները, տարբեր պաշտոնյաներ, կարող են արտահայտել իրենց կարծիքն ու դիրքորոշումն ու ոչ ավելին։ Պաշտոնական Փարիզն իր հերթին հաշվի է առնում բացառապես իր շահերը, եւ նրա արտահայտած ցանկացած դիրքորոշում նույնպես, այսպես կոչված, հռչակագրային բնույթ ունի եւ հայտարարություններից անդին չէ։ Այդպես է ցանկացած երկրի պարագայում։ Այս ամենից պետք է հետեւություն անի Հայաստանը՝ հասկանալու՝ ի՞նչ արդյունավետ քայլեր պետք է անել, այդ թվում՝ տարբեր երկրների հետ քաղաքականություն վարելու իմաստով, Լաչինի հարցը լուծելու համար։ Ինչ վերաբերում է սփյուռքի անելիքներին, ապա նախ ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ մեր երկիրն իր շահերն ունի։ Չի կարող պաշտոնական Երեւանը հայտարարել, որ ԼՂ-ում էսկալացիայի, նոր ցեղասպանության վտանգ կա, ինչը, անշուշտ, առկա է ու ճշմարիտ, բայց, մյուս կողմից, թիկունք չկանգնի Արցախի ժողովրդին։ Անպտուղ հայտարարությունների ժամանակը չէ։ Բացի այդ, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ռազմական սադրանքների դիմեց եւ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ գրավելով որոշակի դիրքեր ու տարածքներ, իսկ Հայաստանը, ըստ էության, ոչ մի բան չարեց այդ ամենը բացառելու եւ վերացնելու համար։ Խելացի հայտարարություններ անելուց ու խելամիտ դիրքորոշում արտահայտելուց բացի պետք է պահանջատեր լինել, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ֆրանսահայությունը չի կարող անել այն, ինչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, այսինքն՝ նույն ազդեցությունը չի կարող ունենալ հիմնախնդրի լուծման առումով։ 

- ԵՄ-ն Հայաստան է գործուղել քաղաքացիական առաքելություն, որի կազմում նաեւ ֆրանսիացի ժանդարմներ են։ Որքանո՞վ կարող է դա զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումներն ու տարածքային պահանջները՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

- Չեմ կարծում, որ Եվրամիությունը կամ ԵՄ-ի անդամ երկրները դիտորդական առաքելություն ուղարկելով կկարողանան ապահովել արցախահայության անվտանգությունը, այդ թվում՝ լուծել Լաչինի միջանցքի հարցը։ Եթե կարողանային, մինչեւ այսօր կանեին։ Մինչդեռ Ուկրաինայում պատերազմից անմիջապես հետո միանգամից արձագանքեցին եւ գործուն քայլեր ձեռնարկեցին Կիեւին քաղաքական, ռազմական եւ հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է գրեթե 2,5 տարի, եթե փափագում են Հայաստանին ու Արցախին օգտակար լինել, կարող էին, չէ՞, այս ամբողջ ընթացքում որեւէ կոնկրետ գործողություն անել, օգնություն ուղարկել։ Կրկնում եմ՝ ցավոք, աշխարհի ուժային կենտրոնների, միջազգային խաղացողների, այդ թվում՝ Ֆրանսիայի համար հայկական հարցը, ԼՂ հիմնահարցն այն մակարդակի, աստիճանի ու կարեւորության վրա չէ, որպեսզի նրանք առավել աշխույժ եւ գործուն աջակցություն ցուցաբերեն հայությանը։

- Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին, Բաքվի բռնապետը շարունակում է սպառնալ ու մեղադրանքներ հնչեցնել ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին՝ հայտարարելով, թե ԼՂ-ում ապրող հայերի վերաինտեգրումն անխուսափելի է, եւ որ դա իրենց ներքին հարցն է այլեւս։ Դուք, իբրեւ հայկական սփյուռքի ակտիվ գործիչ, հավատո՞ւմ եք Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատմանը։

- Ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դժբախտաբար, Հայաստանն այսօր տկար է, հետեւապես՝ Ադրբեջանը շարունակում է հիմնականում անպատիժ գործել՝ միայն փոքր դիտողությունների կամ դատապարտող հայտարարությունների արժանանալով։ Մինչեւ Հայաստանն ուժեղ չլինի, իր շուրջը չհամախմբի սփյուռքի եւ Արցախի ժողովրդի ուժերը, անհնար է, որ մեր դիրքորոշումն ու պահանջը հարգվեն։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, պետք է լինենք այնպիսի ուժ, որի հետ հաշվի են նստում բոլորը, այդ թվում՝ թշնամիները։ Ինչո՞ւ եմ ասում «թշնամի» եւ ոչ՝ «հարեւան երկիր»։ Եթե Ադրբեջանում նույնիսկ դպրոցական տարիքից սերմանում են, որ իրենց ամենամեծ թշնամին հայերն են, ապա մենք էլ պիտի նույն խոսույթն օգտագործենք։ Կարծում եմ, ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց շատ խեղճ են պահում, ինչից Ադրբեջանը խանդավառվում եւ անում է այն, ինչ ուզում է։ Սա ինձ համար շատ ցավալի ու մտահոգիչ է։ Ելքը մեկն է՝ պետք է համախմբված լինենք, գիտակցենք մեր ազգային շահն ու հանուն մեր ժողովրդի անվտանգության ավելի պահանջատեր դառնանք եւ խուսափենք տարբեր ծուղակներ ընկնելու վտանգից, այլ խաբկանքներից։

Արա Ալոյան