Վերլուծություն

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես քեզ հստակ ասացի՝ Վահագ տղա, եթե դու քո այդ կարծիքով որեւէ գյուղ մտնես, քեզ կծեծեն: Այն ժամանակ (հստակ օրը չեմ հիշում) դու ընդդիմադիր էիր եւ ահավոր քննադատում էիր Սերժ Սարգսյանի գյուղատնտեսական ռեֆորմը: Բայց քանի որ ռեֆորմը չէիր կարդացել, ինքնամոռաց «վրա էիր տվել» գյուղապետերին, թե տասնամյակներով չեն փոխվում, իրենց ազգուտակին լցրել են գյուղապետարաններ, լավ հողերը զավթել, գյուղացուն կողոպտել, ֆլան-ֆստան: Ես քեզ նույնիսկ հարցրի՝ Վահագ, ե՞րբ ես վերջին անգամ եղել գյուղում, տեսե՞լ ես, թե ինչպես են շատ գյուղապետեր կաշվից դուրս գալիս, որ գյուղը պահեն, որ գյուղացուն պահեն գյուղում, ե՞րբ ես խոսել գյուղացիների հետ, որ միշտ իրենց գյուղապետի կողքին են՝ իրենց բանուգործին: Քանի՞ գյուղ տվեցիք, Վահագ, քանի՞ դպրոց փակեցիք, քանի՞ գյուղապետ ձեր պատճառով թողեց-գնաց արտագնա աշխատանքի: Մի խոսքով՝ ասե՞լ եմ, որ քեզ կծեծեն… Ասել եմ:

Վահագ, հիշո՞ւմ ես, երբ քեզ հանձնարարեցին սահմանադրական հանրաքվե կազմակերպել (2019 թ. ապրիլի 5-ին), դու տապալեցիր: Այն ժամանակ էլ ես քեզ ասել էի՝ Վահագ տղա, գործ չունես, չես ձգելու: Ասե՞լ եմ… Ասել եմ: Դեռ 2018 թվին ձեր ողջ թիմի մասին ասել եմ, որ սրանք պատահական անցորդներ են եւ դժբախտություն են բերելու մեր երկրին ու ժողովրդին: Ասե՞լ եմ… Ասել եմ: Բա հիմա՞ ինչ ասեմ քեզ, Վահագն Հովակիմյան, որ այս ընթացքում աճել ու դարձել ես ԿԸՀ նախագահ: Գոնե գիտե՞ս, թե ինչ է ԿԸՀ-ն, ինչի համար է, ով է պահում այդ կառույցը, ով է քեզ աշխատավարձ տալիս… Ի դեպ, ամսականդ ինչքա՞ն է, Վահագ ջան… Բա դու կողմնակի եկամուտ չունե՞ս՝ պարգեւատրություն, հավելավճարներ… Հասկացա: Ուրեմն մեր պետությունը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, գիտնականին «վաբշե» չի վճարում, բանակի բյուջեն կտրում է, տալիս է քեզ, որ ուտես եւ այսքան վա՞տ աշխատես, չկարողանա՞ս երկու թիվ գումարել, ալարե՞ս երկու էշի գարի իրարից ջոկել…

Պարոն Հովակիմյան, այնպես չէ, որ ԿԸՀ-ն Նիկոլի ստեղծածն է, ու մինչ օրս ոչ մի ընտրություն այդ կառույցով չի անցել: Այդ կառույցը շատ բան է տեսել, Վահագ, քեզնից առաջ էլ նախագահներ է ունեցել, հանձնաժողովներ: Այդ կառույցը Մուկուչյան է տեսել, Վահագ, որ քեզնից հազար անգամ լավ էր նկարում: Խոշորացույցով մտնում էինք պարկերի ու թվերի մեջ, քրքրում ամեն ինչ, բայց 2-3 ձայնից ավելի չէինք գտնում: Մուկուչյանը վարպետ էր, Վահագ, մեծատառով վարպետ: Հիմա դու քո «տապոռային» մտածողությամբ եկել, ուզում ես Մուկուչյա՞ն աշխատել: Չի ստացվելու, չես ձգում: Վահագ, դու ոնց որ Պանիկովսկին լինես… Սա՝ Օստապ Իբրահիմովիչին, սա՝ ինձ, սա՝ Բալագանովին, սա՝ Կոզլեւիչին… Այ տղա, 21-րդ դարում ո՞վ է այդպես քվեներ հաշվում… Տպավորություն է ստեղծվում, որ սովետի ժամանակների խանութպանի «չոտկով» ես հաշվել՝ հաց, պանիր, կարագ, մարագ, կես կիլո միս, երկու մածուն՝ ութ ու հիսուն… Նայում եմ կենսագրությունդ, գյուղացի էլ չես, որ ասեմ՝ հա… Հարյուրներով քվեներ ես զրոյացրել, ո՞վ է պատասխան տալու:

Կողքերդ մի նայիր, Վահագ տղա, որովհետեւ դու ես պատասխան տալու: Շեֆդ իրեն վաղուց է ազատել այդ ցավից՝ հայտարարելով, որ ընտրակեղծիքների էջը փակված է: Մինչդեռ դու եկել եւ ընտրակեղծիքներ ես արել, հարյուրներով քվեներ ես գողացել, քվեներ ես գրել, թվեր նկարել, որոնք չկան իրականության մեջ: Դու այնքան շատ ես ուզեցել «լավություն» անել շեֆիդ, որ տեղամասերից մեկում ընդհուպ 112,93 տոկոս մասնակցություն ես նկարել (CIVIC-ը վկա): Եվ այսքանից հետո կարծում ես՝ շե՞ֆդ պետք է պատասխան տա… Ծը… Դու ես կանգնելու պատի տակ, Վահագ ջան, քեզ են ծեծելու փողոցում կամ դատելու, որովհետեւ դու փնթի թվանկարիչ ես ու չես արդարացրել շեֆիդ՝ քո հանդեպ ունեցած «բարձր» վստահությունը:

ՀԳ. Այսօր չորս կողմից նույն հարցն են տալիս՝ ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, վերցնել մանդատները, չվերցնել, ընդունել ընտրությունների արդյունքները, չընդունել, գնալ խորհրդարա՞ն, թե՞ կառավարության շենք… Դժվար է, իհարկե, որոշում կայացնելը: Վահագն ու իր շեֆը, ախր, այնպիսի բան չեն արել, որի անունը կարելի լինի դնել ընտրություն ու կռիվ տալ արդարության համար: Բառի բուն իմաստով՝ ք.քել են գործի մեջ, դրել մի կողմ: Եթե այս պահին Վահագն Հովակիմյանը ձերբակալված լիներ, ես դեռ կհասկանայի, թե ինչ է սպասվում այս «ընտրություններին»: Եթե Նիկոլը ձեռքը տաներ դանակին, որ երակները փրթի, ես դեռ կհասկանայի, որ ինչ-որ սկզբունքային հարց կա մեջտեղում, ու ճիշտը ամեն ինչ ջնջել, նորից ընտրություն անելն է՝ առանց Նիկոլի ու Վահագի: Բայց հիմա ինչ ասեմ, երբ Հայաստանի մի կեսը չկա, իսկ մյուս կեսում նույնիսկ իշխանություն չենք կարողանում ձեւավորել:
Երեւի սա արդեն վերջն է վերջին սերիայի…

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image