Իսկ Նիկոլին մնաց մի օգոստոս

Իսկ Նիկոլին մնաց մի օգոստոս

Արցախցիների պայքարը Երեւանում՝ բացել կյանքի ճանապարհը, չի կարող անօրինական լինել, ինչքան էլ որ ՀՀ ոստիկանությունը փորձի ճնշել այդ շարժումը: Արցախցիները եւ նրանց միացած երեւանցիները երեկ փողոցներ էին փակել՝ ՀՀ իշխանություններից եւ միջազգային հանրությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Ճիշտ են արել արցախցիները: Նրանք պայքարում են իրենց ու իրենց հարազատների կյանքի համար, իսկ այդ պայքարում չի կարող որեւէ անօրինական բան լինել:

Այս պահին ամենաանօրինականը ՀՀ իշխանություններն են, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում ու նստել սեփական կեղտի մեջ՝ չիմանալով ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Կապիտուլյանտ Նիկոլն իր «բառադի» կառավարությամբ ինչ էլ անի սրանից հետո, միեւնույն է, չի կարողանալու վերադառնալ օրենքի դաշտ: Նա, լինելով ՀՀ վարչապետ եւ Արցախի անվտանգության երաշխավոր, ոտնահարել է ոչ միայն ՀՀ, այլեւ Արցախի սահմանադրությունը եւ հիմա որեւէ շանս չունի գլուխն ազատելու համընդհանուր դժգոհություններից: Իսկ դժգոհությունները, եթե նույնիսկ ընդդիմության կազմակերպած շարժումներն էլ չհաշվենք, գնալով ընդլայնվում եւ խորանում են: Երեւանի այսօրվա խղճուկ տեսքը՝ ոստիկաններով լցված Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, դատախազության շենքի, Շահումյանի եւ Մյասնիկյանի արձանների շրջակայքը, Բաղրամյան փողոցը, Արշակունյաց պողոտան, Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկը եւ այլն, խոսում են հանրային դժգոհության վերելքի եւ Նիկոլի իշխանության մոտալուտ կրախի մասին: Նիկոլն արդեն չգիտի գլուխը որտեղ թաքցնել պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների ծնողներից, չգիտի ինչպես շարունակել փակուղի մտած հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունները, չի կարողանում իր համար ապահով նիշա գտնել նախկին դաշնակիցների շրջանում, երկրի տնտեսությունն իջեցրել է խելացի գոմերի մակարդակի, աղքատությունն ու արտագաղթը դարձրել համընդհանուր երեւույթ, քանդել գիտությունն ու կրթությունը, ապականել մշակույթն ու խորտակել հավատն ապագայի հանդեպ:

Ո՞վ է նա այսօր՝ իր երկրի շահերին դավաճանած մեկը, մեծ լիազորություններով օժտված ոչ լեգիտիմ մի պաշտոնյա, որ հրաժարական տված պետք է լիներ դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Այդ օրվանից սկսած մինչ օրս նա գոնե կես քայլ պատերազմը չի հեռացրել մեր երկրից, եղած զոհերին եւ տարածքային կորուստներին միայն նորերն է ավելացրել, բանակցությունից բանակցություն ավելի ու ավելի են սրվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների եւ կյանքի ապահովության խնդիրները: Եվ այսքանից հետո էլ Նիկոլի ոստիկանությունն արցախցիների վրա օրենք է թափահարում ու պահանջում ճանապարհները բացել: Գնացեք, ձեր օրենքը թափ տվեք Նիկոլի ու նրա կառավարության վրա, որ ապօրինաբար զավթել են իշխանությունն ու չեն հեռանում, որպեսզի իրենց լրբենի ֆիզիոնոմիային ոչինչ չպատահի:

Դողում են սեփական կաշվի վրա, իսկ որ 120 հազար մարդ՝ ծերեր, կանայք, երեխաներ, սովամահ են լինում Արցախում, պետքներն էլ չէ: Թե բա՝ գնում ենք Երեւանի ընտրությունների… Տո լավ, է: Նիկոլին մի օգոստոս է մնացել: Սեպտեմբերից հայոց հողն այրվելու է նրա ոտքերի տակ: Արդեն չիմանալով ինչ անել՝ պերսոնա նոն գրատա է հայտարարելու Հայաստանում ապաստանած արցախցիներին, արգելելու է Արցախի մեր հայրենակիցների մուտքը Հայաստան, ինչպես դա արեց առանձին սփյուռքահայ գործիչների նկատմամբ, սկսելու է վախենալ անգամ սեփական ստվերից: Այդպես եղել է միշտ՝ բոլոր բռնապետիկների ու դավաճանների կյանքում:

Կասկածից վեր է, որ ընդդիմությունը սեպտեմբերից գեներացնելու է դժգոհության ալիքը՝ քաղաքական պայքարի հուն տեղափոխելով այն: Դա արդեն պարզ կդառնա առաջիկա ընտրությունների քարոզարշավի օրերին, երբ ոստիկանների աչքի առաջ հասարակության տարբեր խավերի կողմից կքարկոծվեն իշխանական հավաքներն ու դրանց հռետորները: Փաշինյանը չի համարձակվելու քիթը դուրս հանել իր զրահապատ մեքենայի պատուհանից: Այնպես որ, շարքային ՔՊ-շնիկներն են ստիպված լինելու կազմակերպել իրենց հավաքներն ու տանել հանրային ողջ թուքումուրը:
Իսկ հայաստանիցիներին ու արցախցիներին ահա թե ինչ կասեմ. սիրելի հայրենակիցներ, այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ռադ լինեն իրենց պաշտոններից եւ քաղաքականությունից, իրենց հետ կտանեն թե՛ նոր պատերազմի վտանգը, թե՛ Լաչինի միջանցքի առեղծվածը, թե՛ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու «նեբիլիցան», թե՛ իրենց ստեղծած ոստիկանապետությունը, թե՛ այս ամոթն ու պարտված վիճակը, որ պարտադրել են մեր ժողովրդին: Այսօր աշխարհը մեզ չի հասկանում զուտ այն պատճառով, որ հանդուրժում ենք Նիկոլին, Արայիկին, նրանց ռեժիմը: Չլինեն դրանք՝ հայը կդառնա համագործակցության հասկանալի եւ կանխատեսելի սուբյեկտ ողջ միջազգային հանրության համար: