Հաղթանակներ, ինտրիգներ, դավաճանություն

Հաղթանակներ, ինտրիգներ, դավաճանություն

Դժվար էր երեւակայել, որ մեր ֆուտբոլային չորս լավագույն թիմերը, եվրոպական առաջատար ակումբների հետ մրցավեճի մեկնարկում ընդունելով համեմատաբար քիչ հայտնի, ոչ ուժեղ մրցակիցների, ստիպված են լինելու բավարարվել համեստ ցուցանիշներով: Ճիշտ է, «Փյունիկը» 2:0 հաշվով վստահորեն հաղթեց Էստոնիայի «Տրանսին», «Արարատ-Արմենիան» եւ «Ալաշկերտը», համապատասխանաբար մրցելով Ալբանիայի «Էգնատիայի» եւ Չեռնոգորիայի «Արսենալի» հետ, բավարարվեցին համեստ ցուցանիշներով՝ գրանցելով նույն 1:1 հաշիվը, իսկ ահա մեր չեմպիոնը՝ «Ուրարտուն», ընդունելով Բոսնիայի «Ժրինսկի» թիմին, ընդհանրապես ձեռնունայն մնաց՝ ո՛չ գոլ կարողացավ խփել, ո՛չ էլ միավոր շահել:

Այսքանից հետո կարելի է պատկերացնել, թե ինչպիսի դժվարին խնդիրների առջեւ է կանգնելու մեր քառյակը՝ պատասխան խաղերն անցկացնելով մրցակիցների հարկի տակ: Սակայն ուրախությամբ հարկ է ընդգծել, որ այն, ինչ գրանցվեց արտասահմանյան ասպարեզներում, գերազանցեց հայկական ֆուտբոլի երկրպագուների սպասելիքները: Բոլորին ուղղակի հիացրեց «Ալաշկերտը», որը կարողացավ ջախջախիչ պարտության մատնել «Արսենալին»՝ նրա հարազատ խաղադաշտում գրանցելով բացառիկ արդյունք՝ 6:1: Այն էլ նշեմ, որ հանդիպման հերոս, այսպես ասած՝ հեթ-տրիկի, երեք գոլի հեղինակ դարձավ Մենեզեսը, թեեւ գովեստի է արժանի ջանք ու եռանդ չխնայած ամբողջ թիմը:
Պակաս տպավորիչ չէին նաեւ «Փյունիկի» ֆուտբոլիստների բավականին ակտիվ ու խելամիտ գործողությունները «Տրանսի» հետ հանդիման ժամանակ: Դեռ չէր անցել քառորդ ժամ, իսկ ցուցատախտակի վրա արդեն փայլփլում էր 2:0 արդյունքը, դիպուկ հարվածներով աչքի ընկան Դաշյանն ու Յունինյոն: Իսկ հանգստից հետո Յուրիչիչը հաշիվը դարձրեց 3:0, ընդհանուր արդյունքն էլ, հիրավի, գերազանց էր՝ 5:0: 

Աներեր մարտունակություն դրսեւորեցին նաեւ «Արարատ-Արմենիայի» տղաները: Նրանք ոչնչով չզիջեցին դաշտի տերերին՝ Ալբանիայի «Էգնատիային»․ Երեւանում գրանցված ոչ-ոքին պահպանվեց նաեւ այստեղ, եւ, ի վերջո, գրանցվեց 4:4: Հաղթողին որոշելու համար նշանակված 11 մետրանոց հարվածները վկայեցին հայ ֆուտբոլիստների տեխնիկական նուրբ հմտությունը՝ նրանք առավելության հասան 4:2 հաշվով: 

«Ժրինսկի» թիմի հետ պատասխան խաղից առաջ Հայաստանի չեմպիոնի՝ «Ուրարտուի» ավագ մարզիչ Դմիտրի Գունկոն հայտարարեց․ «Մեր առաջադրանքը դրական արդյունքի հասնելն է»: Այդ առաջադրանքը շատ մոտ էր կատարմանը, թեեւ դաշտի տերերը կարողացել էին մեկ գոլի առավելությունը կրկնապատկել: Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հյուրերի առավելությամբ, եւ Գրիգորյանին հաջողվեց երկու պատասխան գոլ խփել ու վերականգնել հավասարակշռությունը: Ոչ-ոքին պահպանվեց նաեւ լրացուցից ժամանակի մրցակցության ժամանակ: Իսկ հաղթողին որոշող 11 մետրանոցներն իրացնելիս ստացվեց այնպես, որ երեքական հարվածներից հետո «Ուրարտուն» կարողացավ առաջ անցնել` 3:2: Թվում էր, թե մեր չեմպիոնը հասնելու է նպատակին: Ցավոք, վճռական երկու հարվածները գոլային ավարտ չունեցան, եւ սրանից օգտվեցին դաշտի տերերը՝ գրանցելով 4:3: 

Եվ այսպես, պարտություն կրելով՝ «Ուրարտուն» ստիպված եղավ տեղափոխվել ստորին՝ Կոնֆերենցիաների լիգա: Ինչ խոսք, սա տխուր անակնկալ էր, յուրատեսակ գահավիժում: Եվ այս ամենի սկիզբը, որքան էլ տարօրինակ է, դրվեց երեւանյան խաղի ժամանակ, երբ երեւանցիներն անսպասելի պարտություն կրեցին: Պատճառները քիչ չեն, սակայն մեկի մասին արժե հիշատակել, քանի որ դա հաստատ կապ ունի Հայաստանի անցած մրցաշրջանում թիվ մեկ ֆուտբոլիստ հռչակված Ուգոչուկվու Իվուի հետ: Բոլորի, այդ թվում, հասկանալի է, «Ուրարտու» ակումբի թիմի ավագ մարզիչ Գունկոյի, էլ չեմ ասում՝ ընդհանրապես ֆուտբոլասերների համար, շատ անսպասելի էր, երբ խաղից առաջ հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ պարզ դարձավ, որ դա ֆուտբոլային նոր աստղի վերջին ելույթն է լինելու Երեւանում, որ ինքը չի մասնակցելու պատասխան խաղին, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ տեղափոխվելու  արտասահմանյան այլ ակումբ: Նիգերիացի այս ֆուտբոլիստը, ստացվում է, գաղտնի ու միայնակ որոշում է կայացրել՝ կոպտորեն խախտելով ընդունված կանոնակարգը․ չէ՞ որ ֆուտբոլիստների` մեկ ակումբից մեկ այլ ակումբ տեղափոխումների ժամանակ նախ բանակցություններ են վարում եւ որոշիչ, հատկապես ֆինանսական հարցերին լուծում են տալիս երկու ակումբների ղեկավարները: Մեզ մոտ, պարզվում է, հանրահայտ կարգը խախտվել է, արհամարհվել: Ինչ վերաբերում է «Ժրինսկի» թիմի հետ առաջին հանդիպմանը, ապա կարելի է ստույգ պատկերացնել, թե ինչպիսի անտարբերություն է Իվուն դրսեւորել «Ուրարտուի» միջազգային հանդիպման ելքի նկատմամբ: Ինչ գոլի, ինչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, երբ նիգերիացու գլխում մի միտք կար մեխված` խաղադաշտում լուրջ ընդհարումներ չունենալ մրցակիցների հետ եւ, Աստված մի արասցե, վնասվածք ստանալ՝ չէ՞ որ դա կարող է բացասաբար անդրադառնալ իր կարիերայի վրա` հետագա տխուր հետեւանքներով: Ինչ խոսք, այս ամենն իր հետքը թողեց կարեւոր խաղի ընթացքի ու ելքի վրա: 

Տեղին է ասել, որ այդ հանդիպումից ընդամենը երկու օր անց պարզվեց, որ Իվուն հայտնվել է Ռուսաստանի Կազան քաղաքում, որտեղ «Ռուբին» թիմի բժիշկների կողմից պրակտիկ բուժզննում է անցնում: Սա է Հայաստանի թիվ մեկ ֆուտբոլիստ ճանաչվածի շնորհակալական խոսքը իրեն նման պատվի արժանացնողներին: Երեւի նման առիթներն են պատճառ դարձել, որպեսզի տարածվի այս ասույթը` ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:

Զարմանալիորեն հեշտ ու հանգիստ ձեւավորվեց նրա գրանցումը «Ռուբինում»: Իսկ անցած շաբաթ օրը, երբ մեկնարկեց Ռուսաստանի ֆուտբոլի հերթական առաջնությունը, Կազանի թիմը Մոսկվայում հանդիպեց «Լոկոմոտիվի հետ»: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2: Ի դեպ, դաշտի տերերից գոլերից մեկը խփեց նաեւ Հայաստանի հավաքականում հանդես եկող Թիկնիզյանը: Իսկ «Ռուբինի» կազմում հանդես եկավ նաեւ ֆուտբոլային նոր Մյունհաուզենը` Իվուն:
Հաճելի չէ այս ամբիցիոզ ինտրիգների թվարկումը: Այսօր կարեւորն այն է, որ միջազգային ասպարեզում մեր չորս թիմերին սպասվում են նոր հանդիպումներ` ավելի ուժեղ եւ  հեղինակություն վայելող մրցակիցների հետ: Ահա Հայաստանի առաջատար ակումբների հուլիսի 27-ին կայանալիք խաղերի ցանկը․ Ռումինիայի «Ֆարուլ»-«Ուրարտու», Շվեյցարիայի «Կալմար»-«Փյունիկ», «Ալաշկերտ»-Հունգարիայի «Դեբրեցեն», «Արարատ-Արմենիա»-Հունաստանի «Արիս»: Իսկ պատասխան հանդիպումները տեղի կունենան մեկ շաբաթ անց` օգոստոսի 3-ին:

Միսակ Նազարյան