ՀՖՖ-ից համագործակցության որեւէ առաջարկ չեմ ստացել

ՀՖՖ-ից համագործակցության որեւէ առաջարկ չեմ ստացել

«Հրապարակի» զրուցակիցը ֆուտբոլի հայազգի ճանաչված մարզիչ, Քաթար-2022 աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մարգար Աղաջանյանն է։

- Աշխարհի այս առաջնությունը Ձեզ համար 3-րդն էր։ Ինչ տպավորություններ ունեք։ 

- Տպավորություններս հակասական են՝ շատ ծանր եմ տանում այն, որ, չնայած առաջին փուլում կրած ջախջախիչ պարտությանը, որն ուներ իր օբյեկտիվ պատճառները, մեր թիմը չկարողացավ դուրս գալ 1/8-8d եզրափակիչ, ինչն այնքան իրատեսական էր Ուելսի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ ԱԱ 2022-ն աչքի ընկավ աննախադեպ կազմակերպվածությամբ, անզիջում պայքարով, ինձ համար չափազանց հաճելի անակնկալով (նկատի ունեմ Մարոկկոյի թիմի հաջող ելույթը)։

- Իրանի հավաքականը ԱԱ-ն սկսեց 2-6 խոշոր հաշվով պարտությամբ, ապա տպավորիչ հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ։ Ինչպե՞ս կբացատրեք Իրանի հավաքականի այդքան տարբեր ելույթները։

- Իրանի հավաքականի առաջին խաղն Անգլիայի հավաքականի հետ համընկավ Իրանում կատարվող հայտնի դեպքերի հետ։ Այդ պատճառով մեր ֆուտբոլիստները գտնվում էին ահավոր բարոյահոգեբանական ճնշման տակ։ Իսկ ԱԱ-ն պահանջում է բացառիկ կենտրոնացում, բարձրագույն մոտիվացիա յուրաքանչյուր խաղի համար, իսկ մեր խաղացողներն Անգլիայի դեմ խաղին խաղադաշտ դուրս եկան այդ որակների բացակայությամբ։ Մեր մարզչական շտաբը մեծ ջանքերի եւ ծանր աշխատանքի գնով կարողացավ թիմին վերադարձնել բնականոն հուն, ինչը դրսեւորվեց Ուելսի դեմ խաղով։ Ցավոք, մեր խաղացողներին չհաջողվեց մինչեւ վերջ պահպանել այդ վիճակը։

- Առաջնության եզրափակիչ խաղից Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են։

-  Կարծում եմ՝ ԱԱ եզրափակիչը դիտարժան ու լարված խաղ էր, որին մեծ հաճույքով հետեւեցին թե՛ ֆուտբոլի երկրպագուները, թե՛ մասնագետները։ Որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ շատ նուրբ ու հետաքրքիր տակտիկական պայքար ընթացավ երկու մարզիչների միջեւ։ Դրա վառ վկայությունն են խաղի ընթացքում կատարված փոփոխությունները, Արգենտինայի մեկնարկային կազմում Դի Մարիայի հայտնվելը։ Տեսանք նաեւ, թե ինչքան կարեւոր դեր խաղացին աստղերը՝ Մեսսին ու Մբապեն, որոնք կարողանում էին վայրկյանների ընթացքում փոխել խաղի ընթացքը։ Վստահ եմ, որ այսպիսի խաղերը մեկ անգամ դիտելը շատ քիչ է, իսկ մասնագետներն ու մարզիչները շատ քննարկելու եւ սովորելու բան ունեն այս խաղից։

-  Առաջնության ավարտից հետո Կառլուշ Կեյրուշի մարզչական շտաբը հայտարարեց Իրանի հավաքականից հեռանալու մասին։ Դուք ի՞նչ պլաններ ունեք։

- Այո, Քաթարից վեռադառնալուց անմիջապես հետո Կեյրուշի գլխավորությամբ մենք ներկայացրինք մեր հրաժարականները։ Բավական դժկամությամբ ԻՖՖ-ն ընդունեց դրանք, բայց նաեւ միանգամից լծվեց Կեյրուշին համոզելու գործին եւ նրան առաջարկեց նոր՝ քառամյա պայմանագիր։ Կեյրուշը բավական պահանջված մարզիչ է, եւ ես գիտեմ, որ նա այլ երկրներից էլ ունի առաջարկներ։ Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ դեռեւս մնում եմ Կեյրուշի շտաբում եւ սպասում եմ իրավիճակի հանգուցալուծմանը, չնայած որ ես էլ արդեն ստացել եմ երկու տարբեր երկրներից առաջարկ՝ գլխավորելու նրանց ազգային հավաքականը։ Այնուամենայնիվ, համարում եմ նորմալ, որ Կեյրուշի նման մարզիչն ունենա բազմաթիվ առաջարկներ, ամեն ինչ կպարզվի Ամանորի տոներից հետո։ 

- Հետեւո՞ւմ եք հայկական ֆուտբոլին։ Ի՞նչ կարծիքի եք։ 

- Երկար ժամանակ է՝ հետեւում եմ հայկական ֆուտբոլին թե՛ մոտիկից, թե՛ ԶԼՄ-ների միջոցով։ Հաճախ եմ լինում Երեւանում, որտեղ ունեմ շատ ընկերներ ու բարեկամներ, եւ առիթը բաց չեմ թողնում՝ մարզադաշտից հետեւել Հայաստանի առաջնության խաղերին ու հայկական թիմերի եվրագավաթային ելույթներին։ Հայաստանի առաջնության մասնակից թիմերում շատ են լեգեոնականները։ Հետեւում եմ նաեւ բոլոր հավաքականների ելույթներին, հատկապես անցած ԱԱ ընտրական փուլի խաղերին, երբ հավաքականը վստահ սկսեց իր ելույթները, բայց հետո, ցավոք, զիջեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ։

- Հայաստանում մասնագետներ, երկրպագուներ կարծիք են հայտնել, որ կուզենային Ձեզ տեսնել Հայաստանի հավաքականի ղեկին։ Ստացե՞լ եք նման առաջարկ ՀՖՖ-ից։ Եթե առաջարկեն՝ կհամաձայնե՞ք։

- Նախ, շնորհակալ եմ այդ մասնագետներին եւ երկրպագուներին՝ այդպիսի կարծիք հայտնելու համար։ ՀՖՖ-ից որեւէ մեկն ինձ հետ երբեւէ կապ չի հաստատել, եւ համագործակցության որեւէ առաջարկ չեմ ստացել։ Գիտեք, ցանկացած հայի, որտեղ էլ նա ապրի, պարտքն է՝ ծառայել հայրենիքին, իր լուման ներդնել հայրենիքի զարգացման գործում։ Իմ կարծիքով, ցանկացած հայ մարզիկի եւ մարզիչի երազանքը պիտի լինի հանդես գալ հայոց եռագույնի ներքո, ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզներում։ Իհարկե, եթե ինձ առաջարկեն, մեծ ուրախությամբ եւ պատվով կընդունեմ այդ առաջարկը եւ երազանք ունեմ Հայաստանի հավաքականը տեսնել ԱԱ եզրափակիչ փուլում։ Երբեք չեմ վախեցել ծանր աշխատանքից եւ մարտահրավերներից եւ վստահ եմ, որ մեր հավաքականն ունի այդ ներուժը ու կարող է հաջողությամբ հաղթահարել ընտրական փուլը։ Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, միշտ ցանկացել եմ տեսնել Հայաստանի հավաքականը Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, ում գլխավորությամբ էլ որ այն խաղա։