Տրամաբանական շղթա՞, ՔՊ-ո՞ւմ

Տրամաբանական շղթա՞, ՔՊ-ո՞ւմ

Ով խոսի տրամաբանական շղթայից, Նիկոլն ու իր ՔՊ-ն պետք է լռեն: Տրամաբանությունն այս մարդկանց մոտ իսպառ բացակայում է: Իմանալով այդ մասին՝ ես հումորով եմ վերաբերվում իշխանական պատգամավոր Արման Եղոյանի երեկվա ելույթին, որով նա, ոչ ավել ոչ պակաս, ընդդիմադիրներին հորդորում էր տրամաբանություն դրսեւորել: Նա ամբիոն էր բարձրացել հրովարտակելու, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, եւ Հայաստանը ոչինչ անել չի կարող միջանցքը բացելու ուղղությամբ: Եվ այդքանն ասելուց հետո նա սկսել է դասախոսություն կարդալ տրամաբանությունից. «Եկեք մի պարզ, տրամաբանական շղթա կառուցենք՝ Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ, հզոր պետություն, թե՞ Հայաստանը, ինձ թվում է՝ Ռուսաստանը։ Բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ եւ այլն։ Հիմա ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել, դա տրամաբանական չէ։ Մենք ինչո՞վ կարող ենք օգնել ՌԴ գործընկերներին՝ կատարել իրենց անմիջական պարտականությունները»:

Միանգամից պատասխանեմ Արման Եղոյանին՝ եթե խոսքը ձեր մասին է, դուք ոչնչով չեք կարող օգնել: Դուք պարզապես ձեր եւ ձեր հովանու տակ գործող քաղաքական պոռնիկների ելույթներով մի խանգարեք ռուս խաղաղապահներին՝ անելու իրենց գործը: Հայտարարել եք, չէ՞, որ ՌԴ-ն է փակել միջանցքը: Հետեւաբար, տրամաբանություն չկա ձեր ասածների մեջ: Եթե ՌԴ-ն է փակել միջանցքը, ուրեմն այդպես է պետք, իսկ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանն է փակել, ուրեմն դուք այնքան ապիկար եք, որ չեք կարողանում բացել տալ այն:

Պարոն Եղոյան, եթե չեմ սխալվում, 2020թ. նոյեմբերի 9-ին ինչ-որ համաձայնագիր եք ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ 2021թ. հունիսի 21-ին էլ ընտրություններում հաղթել եք խաղաղության դարաշրջան բացելու մասին ճոռոմ խոստումներով: Այդ խաղաղությունը, որի մասին խոսում էիք, ո՞վ պետք է բերեր, ռուսնե՞րը: Դա է՞լ էիք ռուսների հույսով խոստանում: Արցախի մեծ մասը կերաք, Հայաստանի սուվերեն տարածքներ զիջեցիք, պաշտպանությունը հիմնահատակ խորտակեցիք՝ դա է՞լ էր ռուսների հոգը… Դե, իհարկե, ռուսները պարտավոր էին թույլ չտալ, որովհետեւ դուք ապաշնորհ էիք ու չէիք կարող ոչինչ անել:

Ռուսաստանը, իհարկե, մեզնից ուժեղ է՝ բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ… Իսկ դա ի՞նչ կապ ունի Լաչինի միջանցքը բացելու հետ: Դուք հո պատահաբար չե՞ք մտածում, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա միջուկային ռումբ է գցելու, որ Լաչինի միջանցքը բացվի: Այդ միջանցքը Ռուսաստանի ինչի՞ն է պետք, կասե՞ք, եթե 44-օրյա պատերազմից հետո դուք՝ իշխանավորներդ, գեթ մեկ անգամ Արցախ չեք գնացել, որպեսզի տեսնեք, թե ինչ է մնացել հայկական երկրորդ պետությունից: Ռուսներն այդ տարածք են մտել որպես խաղաղապահներ, որպեսզի անեն այն, ինչ դուք չեք կարողացել անել եւ չեք էլ կարողանա, որովհետեւ որեւէ ռեսուրս չունեք դրա համար: Դուք նույնիսկ Հայաստանի սուվերեն տարածքից չեք կարողանում դուրս քշել ադրբեջանական զինված խմբավորումներին, էլ ուր մնաց միջանցք բացեք Արցախի համար, որն ուրացել եք շատ անբռնազբոսիկ կերպով եւ անկեղծորեն: 

Իսկ հիմա՝ երկու խոսք այն մասին, թե ինչու է ինձ թվում, որ Նիկոլ Փաշինյանի, Արման Եղոյանի եւ մյուս ՔՊ-շնիկների տրամաբանության հետ սկսել է ինչ-որ տարօրինակ բան կատարվել: Այս մարդիկ այնպես են խոսում Լաչինի միջանցքում տիրող բարդ իրավիճակի մասին, ասես հենց նոր են եկել իշխանության ու միջանցքը տեսել են փակ: Արա, էդ միջանցքը 30 տարուց ավելի եղել է բաց, ու մենք էլ միայն այդ միջանցքի հույսին չէինք: Նիկոլն այդ միջանցքով է գնացել Արցախ, իրեն ցույց տվել Ստեփանակերտի հրապարակում, ճղճղացել սրտի ուզածի չափ: Ռուսնե՞րն էին պահում այդ միջանցքը, որ ինքն ազատ զվռներ դրանով: Բա հիմա եկել եք, ամեն ինչ տվել ու մնացել ձեր աթոռների մեջ: Հայտնի ֆիլմում ո՞նց է ասում՝ բա որ հորթերը սատկեն, ձե՞զ պիտի տանեմ ցուցահանդես: Դուք ո՞ւմ եք պետք, ախր, առանց Արցախի, առանց Սյունիքի, առանց Սեւանի:

Երեւի վերջում էլ ասելու եք՝ մեզ պաշտպանելը Ռուսաստանի պարտականությունն է: Սոչիում արդեն մտել էիք, չէ՞, ռուսների զոնտիկի տակ: Բայց այստեղ էլ ոչ մի տրամաբանություն չկա: Դուք հանդիպում ու լեզու եք թրջում ԱՄՆ եւ ՄԲ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, բայց պահանջում եք, որ Ռուսաստանը բացի Լաչինի միջանցքն ու մի բան էլ ատոմային ռումբ գցի Ադրբեջանի վրա: Իսկ ինչ մնում է խորամանկությանը, ապա կարող եմ վստահ ասել, որ այն ձեզ մոտ որոշակի զարգացում, այնուամենայնիվ, ունեցել է: Ահավասիկ, փորձում եք ամեն կերպ դեռ մնալ իշխանության, մինչեւ ամեն ինչ գնա գրողի ծոցը, ու խուսափեք պատասխանատվությունից: Միանգամից ասեմ՝ նման բան չի լինելու: Դուք բերովի իշխանություն եք ու ձեր միսիան արդեն կատարել եք: Ինչքան էլ դեռ «կրուտիտ» լինեք ձեր տերերի մոտ, միեւնույն է, նրանց համար դուք արդեն անցյալ էտապ եք, ու ձեզ վրա այլեւս խաղադրույք չեն կատարելու: Դուք չափից ավելի ինֆորմացված եք Արեւմուտքի գործերից, իսկ Արեւմուտքում այդպիսիներին չեն սիրում: