Ինչ անելիքներ ունի Արցախի նորաստեղծ հանրային խորհուրդը

Ինչ անելիքներ ունի Արցախի նորաստեղծ հանրային խորհուրդը

Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել է խորհրդի կանոնադրությունը եւ նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են խորհրդի մյուս 17 անդամի ընտրության գործընթացը:
ԱՀ նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամների թվում են Արմինե Ավագիմյանը՝ «ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Գագիկ Ավանեսյանը՝ քաղաքական վերլուծաբան, Գոհար Գրիգորյանը՝ կոնֆլիկտների կառավարման փորձագետ/մասնագետ, Արմեն Գեւորգյանը՝ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Մհեր Հարությունյանը՝ «Կաճառ գիտական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Արա Ղահրամանյանը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, Արմեն Մաղաքելյանը՝ «Հավատ եւ արիություն ռազմահայրենասիրական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Սարասար Սարյանը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Հոկտեմբերի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Գեւորգյանը, ով, ի դեպ, այս պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր։

Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու նորաստեղծ ՀԽ-ի անելիքները, ինչ հարցերի շրջանակ են քննարկելու եւ ազդեցության ինչ լծակներ են ունենալու՝ այս կամ այն որոշումների վրա ներազդելու համար։

«Նախագահի հրամանագրով ստեղծվել է նախագահին կից հանրային խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է։ Այս պահի դրությամբ արդեն 6 հանձնաժողով ձեւավորվել է՝ 4-ական անդամներով, որոնք աշխատում են իրենց աշխատանքային պլանների վրա։ Այդ հանձնաժողովներում ընդգրկված են բոլոր ոլորտները՝ արտաքին հարաբերություններից մինչեւ առողջապահություն, որոնք զբաղվելու են հանրային հնչեղության հարցերով,- ասում է Ա․ Գեւորգյանն ու հավելում, որ հասարակությանը հուզող հարցերով են զբաղվելու,- ոչ թե կենցաղային, այլ հանրային խնդիրներ ենք վեր հանելու, լուծելու, առաջարկություններ ներկայացնելու նախագահին, որպեսզի այդ հարցերին լուծում տանք»։

ՀԽ նախագահն ընդգծում է, որ Արցախում երբեք հանրային խորհուրդ չի գործել, սա առաջինն է, 2018-ին ուզում էին ստեղծել, բայց իրականություն չդարձավ․ «Մենք մինչեւ այդ, 18 հասարակական կազմակերպություններով համագործակցության համաձայնագիր ունեինք ստորագրած, որի գլխավոր կետերից մեկը եղել է հանրային խորհուրդ ստեղծելը։ Մենք հասարակական հիմունքներով արդեն անում էինք այդ գործը, մինչեւ հանրային խորհուրդ ստեղծելը։ Ասեմ նաեւ, որ հիմա զուգահեռ զբաղվում ենք, որպեսզի Սահմանադրությունում համապատասխան կետ ավելացնենք, որ հետագայում արդեն Հանրային խորհուրդն իրավունքի, օրենքի ուժով գործի»։  

ԱՀ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ, «Կաճառ գիտական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ենթահանձնաժողովն արդեն արել է անդրանիկ նիստը, որտեղ քննարկել են իրենց անելիքները, որոշել յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուներին․ «Սպասում ենք առաջարկությունների, որոնք ընդհանրացնելով՝ կկազմենք մեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ աշխատանքային պլանը»։

Մ․ Հարությունյանն ասում է, որ միայնակ չեն աշխատելու, ծրագրում են հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին, պատասխանատուներին ու նաեւ նրանց հետ քննարկել ոլորտի խնդիրները՝ հասկանալու, թե որոնք են դրանց լուծման ուղիները։

«Մինչեւ կոնկրետ առաջարկներ ստանալը հանդիպելու ենք դպրոցներում տնօրենների հետ, նաեւ՝ արտագնա հանդիպումներ են լինելու, հնարավոր է՝ առանձին ֆորումի ձեւաչափով հրավիրենք կրթության մասնագետների, հստակ օրակարգով աշխատենք, հասկանանք անելիքները, որովհետեւ հնարավոր չէ սկսել մի որեւէ գործողություն՝ առանց ախտորոշելու խնդիրը»։

Քննարկման փուլում է նաեւ ուղեղային կենտրոնի ստեղծումը, որը, ըստ զրուցակցիս, բոլոր այդ ուսումնասիրությունները, քննարկումներն ընդհանրացնելու է։ «Դրանք համեմատելու ենք այլ երկրների հետ, թե նման իրավիճակներում ինչպես են լուծումներ գտել, փորձելու ենք մասնագիտական կարծիքները համախմբել եւ լուրջ հիմքերով կատարել մեր առաջարկությունները, ընդ որում՝ մի քանի տարբերակով»,- ասում է Հարությունյանն ու կարեւորում կրթությունը, քանի որ բոլոր կարեւոր հարցերի հիմքում որակյալ կրթությունն է։

«Այս առումով բավական անելիքներ կան՝ սկսած մանկապարտեզներից, ավարտած բարձրագույն կրթական համակարգով։ Այս պահին մեր ԱԺ-ում քննարկվում է նաեւ «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը, մենք փորձում ենք մեր առաջարկությունները մշակել եւ ներկայացնել։ Ցավոտ թեմա են հուշարձանները, հատկապես՝ այս օրերին, երբ թշնամին ոչնչացնում է մեր պատմաճարտարապետական հուշարձանները օկուպացված տարածքներում՝ ջնջելով այն ամենը, ինչը հայկական է։ Եվ այդ տեսանկյունից մենք հիմնականում 2 ուղղությամբ ենք տեսնում մեր աշխատանքները, մեկը՝ որ փորձենք ահազանգ հնչեցնել, համագործակցելով նաեւ համապատասխան մարմինների հետ՝ հուշարձանների պահպանության ոլորտում, եւ 2-րդ՝ նախատեսում ենք հրատարակչական աշխատանքներ․ այն հուշարձանները, որոնք այսօր վանդալները ոչնչացրել են, դրանց պահպանված լուսանկարները, դրանց վերաբերյալ վկայությունները պատրաստ ենք ալբոմների տեսքով, տարբեր լեզուներով տարածել՝ գոնե այդ ձեւով պահպանելով այդ հուշարձանների մասին տեղեկությունը»։