Հայի ճակատագրի խնդիրը

Հայի ճակատագրի խնդիրը

Հայաստանում, իհարկե, ընդամենը մեկ կառավարություն կա. դա պարտության խորհրդանիշ Փաշինյան Նիկոլի կառավարությունն է: Բայց Հայաստանում կարող են միաժամանակ գոյություն ունենալ բազմաթիվ վտարանդի կառավարություններ: Եվ դրանցից մեկն էլ կարող է լինել Արցախի Հանրապետությունը: Ինչպես, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր: Այդ տարիներին Լոնդոնում տեղակայվել էին Ֆրանսիայի, Լեհաստանի, Հարավսլավիայի, Բելգիայի, Չեխոսլովակիայի եւ եվրոպական այլ երկրների վտարանդի կառավարությունները: Բայց քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կրում էր ոչ թե Փաշինյան Նիկոլ, այլ Ուինսթոն Չերչիլ ազգանունը եւ անասնական վախ չուներ գերմանական Ռեյխից՝ նրանց բոլորին հյուրընկալել էր Լոնդոնում: Միաժամանակ, ինչպես արտահայտվել է Փաշինյանի օգնական Աբրահամյան Հակոբը, «չնայած վրա հասած աղետներին՝ մենք չենք հուսահատվում, մենք պատրաստ ենք հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերները»: 

Նրանք չեն հուսահատվում, սակայն արդյունքում Արցախի կորստից հետո կորուստներ է կրում Հայաստանը: Շարունակվում են նաեւ Բաքվից հնչող սպառնալիքները, որոնց ռիսկ չեն անում պատասխանել: Ինչպես տեսնում եք, աննորմալ բան է ստացվում: Արձանագրենք, նախ, Ադրբեջանի ղեկավարի սպառնալիքներին արձագանքելու վախը: Եվ, երկրորդ, իր կառավարման արդյունքում գեներացված եւ ոչ թե ընդհանրապես գոյություն ունեցող մարտահրավերները, ինչպես ասել է վերջինիս օգնականը, հաղթահարելու պատրաստակամություն կամ նույնիսկ համարձակություն: Ի դեպ, այդ վախը չի արտահայտվում միայն օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական Le Figaro օրաթերթին տված հարցազրույցի կապակցությամբ: Փաշինյան Նիկոլի բնազդային դարձած վախը դրսեւորվել է բազմաթիվ այլ հարցերում: Ասենք, «Սեւ լճի 30 տոկոսի կա՛մ ձյունածածկ լեռների եւ կա՛մ, ինչպես վերջերս, Տավուշի «ադրբեջանական գյուղերի» համար չպատերազմելու» եւ այլ հարցերում:

Հոգեբան չեմ, սակայն տեղյակ եմ, որ կյանքին հանկարծակի վտանգ ծագելիս մարդը դրան արձագանքում է երեք տարբերակներից մեկով: Նա կա՛մ դիմագրավում է դրան, կա՛մ փախչում է եւ կա՛մ քարանում տեղում: Դիմագրավելը կարող է հանգեցնել հաջողության, բայց նաեւ՝ պարտության: Վերջին երկուսն էն գլխից հասցնում են պարտության: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի առումով փախուստը կնշանակեր հրաժարական ներկայացնելը: Այդ մեկը, ինչպես հասկանում ենք, բացառվում է. Նիկոլը կհրաժարվի ամեն ինչից, միայն թե պահպանի պաշտոնը: Անցնենք դիմագրավելուն. Սեւ լիճը կամ տավուշյան գյուղերը պատերազմի վախից դրդված՝ թշնամուն հանձնելու պատրաստակամությունը չի խոսում դիմագրավելու օգտին: Մնաց քարանալը. ի տարբերություն շարքային քաղաքացու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ինչ-որ բան անի: Եվ նա անում է՝ ոչ միայն չի հուսահատվում, այլեւ պատրաստ է խոսքի զորությամբ հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերները: 

Բայց ողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական (Թուրքիան էլ՝ կողքից) հակամարտությունը ո՛չ պատմական բանավեճ է եւ ո՛չ էլ հատկապես փիլիսոփայական զրույց, որպեսզի տարածքներ զիջելու հետ մեկտեղ խոսքով հաղթահարես իրական մարտահրավերները: Դա մեր եղբայրների ու քույրերի, զավակների կյանքի ու մահվան երկընտրանք է: Դա մեր պետության գոյության եւ չգոյության երկընտրանք է: Այդ երկընտրանքի մի կողմում Նիկոլն է՝ իր վարչապետությամբ, մյուս կողմում՝ Հայաստանն իր զավակներով: Մնում է, որ հայաստանցիները կողմնորոշվեն. ցանկանում են Փաշինյան Նիկոլի վարչապետության շարունակությունը եւ աստիճանաբար Հայաստանի վերանա՞լը, թե՞ դրա հակառակը: Որպեսզի հետո, ցրված լինելով աշխարհով մեկ, չբողոքեն հայի դաժան ճակատագրից: