Սա ընդամենը «խաղաղ օրակարգի» գործընթացի սկիզբն է

Սա ընդամենը «խաղաղ օրակարգի» գործընթացի սկիզբն է

Հասարակ մարդկանց կյանքի եւ անվտանգության հաշվին քաղաքական «խաղերը» միշտ եղել եւ մնում են «սիրելի» գործիք՝ գլոբալ քաղաքականության մեջ։ Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է ուշադրություն դարձնել ճգնաժամի առաջացման հիմնական պատճառներին, քանզի հիմնականում քննարկվում են հետեւանքները, այլ ոչ թե պատճառները:

Երբ նայում ես հայաստանյան իշխանությունների՝ Արցախում ճգնաժամը կանխելու իբր ջանքերին, միանգամից մի հետաքրքիր դետալ ես նկատում։ Այն է՝ իշխանությունների հիմնական իբր «պայքարը» ծավալվել է շրջափակումը ճեղքելու վրա՝ առանց պարզաբանելու տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետեւանքային երանգները։ Եվ այսպես:

Բազմիցս Հայաստանում (եւ ոչ միայն Հայաստանում) քաղաքական եւ փորձագիտական շրջանակները փաստարկված ապացուցել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դեպքում անխուսափելիորեն սկսվում է Արցախի բնաջնջման եւ Հայաստանի մասնատման լեգետիմացիայի գործընթացը:
Եկեք պարզապես հիշենք, որ Արցախի ուղղությամբ ակտիվ ճնշումների գործընթացը սկսվեց Հայաստանի թավշյա իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ճանաչելու մասին հայտարարությունից անմիջապես հետո։ Այսինքն՝ աղետալի գործընթացների տրիգերը հենց դա էր, որը փաստացի արձակեց թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը։ Հայկական իշխանությունների բոլոր ստահոդ, պրիմիտիվ եւ անգրագետ արդարացումներն առ այն, որ «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում», անմիջապես մերժվում են ադրբեջանական իշխանությունների կողմից հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, հետեւաբար՝ հենց հայկական իշխանությունն է կարեւոր դեր խաղացել ներկա աղետալի իրավիճակի ձեւավորման գործում:

Հիմա կրկին թուրք-ադրբեջանական խաղն է ընթանում, երբ Արցախի Հանրապետության անվտանգության, իրավունքների եւ քաղաքական ապագայի ապահովման հարցը դարձել է ընդամենը «մարդասիրական» հարց: Այսինքն՝ տխրահռչակ «միջազգային հանրության» եւ հայաստանյան իշխանությունների ջանքերի շնորհիվ խոսքն այժմ արդեն ոչ թե տարածաշրջանում հայերի իրավունքների, անվտանգության եւ քաղաքական ապագայի, այլ Արցախի Հանրապետության բնակչության հումանիտար իրավունքների պահպանման մասին է։
Իրավիճակի ողջ վտանգն այն է, որ եթե անգամ շրջափակման բեկում լինի այս փուլում, եւ մարդկանց ապահովեն սննդով ու դեղորայքով, ապա ստեղծված իրավիճակի բուն պատճառները ոչ մի կերպ չեն լուծվում։

Իսկ աղետի պատճառները հետեւյալն են․

1. Հայկական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի իրավունքի ճանաչումը:

2. «Հումանիտար օրակարգի» առաջխաղացումը, բանակցությունների լիարժեք քաղաքական ճարտարապետության ձեւավորման փոխարեն, առանց Հայաստանի եւ Արցախի շահերը հաշվի առնելու, ի շահ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Ցավոք, սա ընդամենը «խաղաղ օրակարգի» կարգախոսներով տարածաշրջանում հայկական էթնո-քաղաքական ներկայությունն ապամոնտաժելու գործընթացի սկիզբն է։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։

Արման ԱԲՈՎՅԱՆ