Մի քանի դիտարկում՝ Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի հետ կապված

Մի քանի դիտարկում՝ Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի հետ կապված

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մայիսի 2-6-ը ԱՄՆ այցելությունն ու հանդիպումը պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ, իհարկե, ինքնին արդեն հետաքրքիր է՝ որպես իրադարձություն, քանզի ամեն օր չէ, որ ԱՄՆ-ում նման բարձր մակարդակով Հայաստանից պաշտոնյաների են ընդունում, այն էլ՝ ԱԳ նախարարի։

Նախարար Միրզոյանն արդեն հանդիպել է պետքարտուղար Թոնի Բլինկենի ու Վիկտորիա Նուլանդի հետ։ Նա կմասնակցի նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նիստին։ Նախատեսված են Միրզոյանի հանդիպումները նաեւ ամերիկացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ու նաեւ ելույթն Ատլանտյան խորհրդում։ Ու թեեւ այցը դեռ ընթացքի մեջ է եւ ունի բավականին հագեցած օրակարգ, սակայն փորձենք արդեն հիմա որոշ դիտարկումներ կատարել։

• Կարո՞ղ է արդյոք այս այցը նշանային լինել հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Ենթադրում ենք՝ այո, սակայն որոշ վերապահումներ, այնուամենայնիվ, կատարելով, որովհետեւ, օրինակ, հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի կարող են բարձրանալ, եթե նման «բարի կամք» ցուցաբերի Միացյալ Նահանգները, իսկ դա էլ ներկայիս Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին, ենթադրում ենք, կլինի միայն այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ուզենա ինչ-ինչ կոմբինացիաներ խաղարկել ու Հայաստանին՝ թեկուզեւ ամենափոքր, էպիզոդիկ դեր վերապահած լինել։

• Այս այցը բավական հետաքրքիր նյուանսներ է ձեռք բերում նաեւ այն իրողությամբ պայմանավորված, որ այժմ, մի կողմից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է բավականին լարված, եւ ապա՝ Հայաստանը պատրաստվում է կարեւոր մի շարք գործընթացների, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը։

• Այն բավականին նկատելի քաղաքական դիվիդենտ է հենց Արարատ Միրզոյանի համար, որի դիրքերը թիմում այնքան էլ ամուր չեն։ Եթե ճիշտ ենք հիշում՝ 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում արժանանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատվին։ Սա կարող է նաեւ ինչ-որ առումով նշանակել ամերիկյան իշխանությունների բարեհաճ վերաբերմունք Արարատ Միրզոյանի անձի հանդեպ։ Ի դեպ, եթե չենք սխալվում, վերջին անգամ ԱՄՆ նախագահ-Հայաստանի ղեկավար հանդիպում տեղի է ունեցել 2010 թվականին, երբ հանդիպել են Բարաք Օբաման եւ Սերժ Սարգսյանը։

• Տպավորություն է, թե ինչ-որ առանձնահատուկ բան կա այս այցի, ինչպես նաեւ Արեւմուտքի էմիսարների՝ Հարավային Կովկաս այցերի հաճախակիացման կամ, որ նույնն է՝ Հարավային Կովկասի հանդեպ Արեւմուտքի ուշադրության սեւեռման հետ կապված։ Այն, որ դա կարող է կապված լինել հենց հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, չենք բացառում։ Հատկապես որ, օրինակ, Վիկտորիա Նուլանդի հետ հենց այս թեմաներն են քննարկվել։ Ու չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցանկությամբ է համաձայնել ընթացք տալ։

• Ի դեպ, հիմա արդեն կարող ենք ասել, որ այս այցն աննկատ չի մնա Մոսկվայում, եւ առաջիկայում՝ թեկուզ փորձագիտական-քարոզչական մակարդակով, այն քննարկման առարկա կդառնա, ու կհնչեն արտահայտություններ, որոնց տողատակերը, եթե հասկանանք, բավականին «մեսիջներ» կպարունակեն՝ ուղղված «տարբեր հասցեատերերի», մանավանդ՝ Հայաստանին։