Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 18

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 18

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր 19-րդ՝ ապրիլի 18:

2018թ․ ապրիլի 18

Երեւանում եւ մարզերում հանրահավաքներ են, փակվել են բազմաթիվ փողոցներ, շրջափակված են պետական գերատեսչությունների շենքերը: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ սփյուռքահայերից մեկը պատրաստ է շարժմանն առաջինը միացող ոստիկանին տրամադրել 10 հազար դոլար: Հաջորդիվ միացող ոստիկաններն էլ կպարգեւատրվեն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանն էլ հիշեցնում է, որ ՀՀԿ-ական իշխանության խոստումները չեն իրականացել: Հետո պարզվում է, որ սփյուռքահայն ընդամենը կատակել է: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւանում է եւ գրում է. «Երեւանի փողոցներում շփվելով երիտասարդների հետ՝ ես չտեսա ո՛չ ընդհանուր գաղափար, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ընկալում այն բանի, թե ուր են գնում իրենք, եւ ով է իրենց առաջնորդը։ Ինչ-որ մեկն ուղղակի ոգեւորել է երիտասարդներին, առաջ հրել դեպի բարիկադներ, իսկ ինքը քայլում է նրանց մեջքի հետեւից, որպեսզի հանկարծ, Աստված չանի՝ մեջքին մահակով հարված չստանա»։ 

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, հանրային ճանաչում ունեցող գործիչներ են այցելում հանրակրթական դպրոցներ եւ դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այդ այցերից հրապարակված տեսանյութերից երեւում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցիչների հետ՝ առաջացնելով լարվածություն: Բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր են հնչեցնում: Ոստիկանությունը կոչ է անում՝ բոլոր ելույթներում եւ գործողություններում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից: Հետո պիտի պարզվեր, որ երեխաներին քաղաքական ակցիաներում օգտագործելն այս իշխանության սիրած զբաղմունքն է: Եվ 2018-ի հեղափոխությունը նաեւ դպրոցականների միջոցով իրականացվեց։

2019թ․ ապրիլի 18

Իշխանափոխության առանցքային դեմքերից մեկի՝ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ է հարուցվում: Պետական վերահսկողական ծառայության դեկավար Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Դավիթ Սանասարյանը պնդում է՝ իմ դեմ իրականացվողը շինծու հետապնդում է, դա անգամ ապացուցման կարիք չունի, եւ մեղադրում է Արթուր Վանեցյանին՝ անձնական հաշվեհարդար տեսնելու հարցում։ 2020 թվականի փետրվարին գործը մտնում է դատարան, եւ դեռ քննությունը չի ավարտվել: Սանասարյանի պաշտոնավարումը 2019-ին կասեցվում է եւ այդպես էլ չի վերականգնվում՝ ապացուցելով, որ խնդիրը նրան այդ պաշտոնից հեռացնելն էր։

Քաղաքացու երջանկության համար իշխանության եկած ուժի կառավարությունը Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացրել է 124 միլիոն դրամ։ Օրը սահմանել էր նույն ուժը՝ մոտ մեկ ամիս առաջ: Գումարը տրամադրվել է կառավարության պահուստային ֆոնդից։ Քաղաքացիները սկսում են բողոքել՝ այդ գումարով սոցիալական ծրագրեր իրականացրեք: Կառավարող ուժն անտեսում է քաղաքացիներին ու 124 միլիոնով նշում Քաղաքացու օրը․ Մաշտոցի պողոտայում մանղալներ են դրվում, խորոված են անում, մասնակցում է անձամբ Փաշինյանը:

2020թ․ ապրիլի 18

Կորոնավիրուսը տարածվում է, փորձագետներն արձանագրում են, որ ապրիլի 16-ի տվյալներով՝ Հայաստանում մեկ միլիոնի հաշվարկով կա 391 հիվանդ: Ընդ որում, թեստավորվել է ընդամենը 9 հազար մարդ: Ռուսաստանում, օրինակ, հայտնաբերվել է 191 հիվանդ, ստուգվել է մոտ 1,6 մլն մարդ: Բելառուսում՝ 445, որտեղ թեստավորվել է մոտ 80 հազար քաղաքացի: Ղազախստանում այս ցուցանիշը 75 է, որտեղ թեստավորվել է ավելի քան 85 հազար մարդ: Ղրղզստանում՝ 71, թեստավորվել է մոտ 26 հազար քաղաքացի: Բոլորը կարծում են, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը նպաստեց հիվանդության տարածմանը։ Իսկ հանրաքվեն ուղղված էր ՍԴ մի քանի դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելուն։ Նման կառավարման պարագայում չէր հաջողվելու խուսափել սոցիալական, տնտեսական եւ առողջապահական կատաստրոֆայից: Եվ չհաջողվեց։

2021թ․ ապրիլի 18

Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր է իրականացնում, ինչը միանշանակ չի ընդունվում: Եղան գնահատականներ. «Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ... Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը: Մարզից մարզ են գնում, տաղավարից տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած աշխատում են, իսկ «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։ Եվ բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:

Շարունակելի

Արեգ Մարգարյան