Մխիթարյանը ասել է՝ կվերադառնա հավաքական, թե ոչ

Մխիթարյանը ասել է՝ կվերադառնա հավաքական, թե ոչ

Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե դրանից դուրս, չեմ զղջում։ Այս մասին Երևանում  newmag / summer fest-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով հավաքական վերադառնալու հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին։

«Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: