Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու

Դեռեւս 2020 թ․ վերջին՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքի առիթով հարուցված քրեական գործը՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ` Քրօր. 225.1 եւ 307.1 հոդվածներով», իր տրամաբանական ավարտն ունեցավ՝ կարճվեց։ Պարզվեց, որ ընդդիմադիրներին ձերբակալելը, ապա 1 տարի 3 ամիս տեւած քննությունը կեղծ, չապացուցվող, ապօրինի մեղադրանքի հիման վրա է ընթացել։ Քննիչների խումբը մեկ տարուց ավելի անիմաստ ժամանակ է վատնել մի գործի վրա, որն ի սկզբանե հասկանալի էր, որ դատական հեռանկար չունի, այլ հարուցվել է քաղաքական նկատառումներից ելնելով։ Մի նպատակով՝ ընդդիմությանը վախեցնելու, քաղաքական պայքարից հետ պահելու։

Բայց հարց է ծագում՝ ո՞վ է պատասխան տալու այսքան միջոցների վատնման եւ մարդկանց պատճառած անհանգստությունների համար։ Քրեական գործի հարուցման հրահանգն իջեցրած Նիկոլ Փաշինյա՞նը, քննի՞չը, որը տեսնելով, որ ակնհայտ ապօրինի քրգործ է, այնուամենայնիվ, կատարել է այդ պատվերը։ Դատախա՞զը, որը հաստատել է ապօրինի մեղադրանքը։ Այս անձինք պատժվելո՞ւ են։ Կամ գոնե ներողություն խնդրելո՞ւ են մեղադրյալներից, որոնք մեկ տարուց ավելի զրկված են եղել տեղաշարժի՝ Հայաստանի սահմաններից դուրս գալու հնարավորությունից, որոնց հեռախոսներն ու անձնագրերն առգրավված են եղել եւ քննիչների սեյֆում են պահվել։ Զղջալո՞ւ են, որ այսքան մարդու առողջությանն են վնասել, նյարդային ապրումներ են պատճառել, հրավիրել են քննչական մարմիններ՝ հարցաքննությունների, ծախսեր են առաջացրել՝ փաստաբան վարձելու եւ այլ եղանակներով։ Ի վերջո, նրանց հեղինակությունն է տուժել՝ քրեական գործի եւ մեղադրանքի մասին իրավապահները հաղորդագրություններ են տարածել, հանրության աչքում նրանց որպես հանցագործներ ներկայացնելով։