Առաջնագիծ մեկնած ոստիկանների մի մասը ստացել է աշխատավարձը, մի մասը՝ ոչ

Առաջնագիծ մեկնած ոստիկանների մի մասը ստացել է աշխատավարձը, մի մասը՝ ոչ
Ոստիկանություն հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե արդյոք վճարվե՞լ են օգոստոսի 23-ից առաջնագիծ ծառայության մեկնած ոստիկանության զորքերում ծառայող անձանց հավելավճարները, եթե այո, ապա երբ և որքան է կազմում դա, եթե ոչ, ապա՝ ինչու։ Հարցրել էինք նաև՝ յուրաքանչյուր հերթափոխը քանի՞ անձից է բաղկացած և մինչ օրս քանի՞ հերթափոխ է մեկնել առաջնագիծ։



Մենք տեղեկություն ունեինք, որ առաջնագիծ մեկնած զինվորներին հատկացվելիք աշխատավարձը՝ հավելավճարներով, ուշացնում են և մինչ օրս չեն վճարել, ինչն էլ դժգոհության առիթ է տվել առաջնագիծ մեկնած ոստիկանների մոտ։ Ոստիկանությունից մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին հետևյալը․ «Սույն թվականի օգոստոսի 24-ից առաջնագիծ մեկնած և վերադարձած ՀՀ ոստիկանության զորքերի բոլոր զինծառայողները ստացել են իրենց հասանելիք հավելավճարները, բացի այն ստորաբաժանումից, որը գտնվել է առաջնագծում և ֆինանսավորվելու է հաջորդ ամսվա ընթացքում բյուջետային հայտը ներկայացնելուց հետո՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման։ Բյուջետային հայտը ներկայացվում է մինչև ս.թ. տվյալ ամսվա 15-րդ օրը։



ՀՀ ՈԶ զինծառայողներին հասանելիք հավելավճարները հավասարեցված են ՀՀ պաշտպանության նախարարության դիրքապահ պայմանագրային զինծառայողների ֆինանսական բավարարմանը»։ Իսկ այն հարցին, թե մինչ օրս քանի հերթափոխ է եղել, պատասխանել են, որ մինչ օրս առաջնագիծ է մեկնել 5 հերթափոխ։ Ինչ վերաբերում է հերթափոխերում ընդգրկված զինծառայողների թվին, ապա ըստ ոստիկանության՝ պայմանավորված կոնկրետ ծառայողական մարտական առաջադրանքի կատարման անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված են տարբեր թվով ծառայողներ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**