ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ չի սատարում Սասուն Միքայելյանի որդուն, եւ դա բավականին լայն մեսիջ էր

ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ չի սատարում Սասուն Միքայելյանի որդուն, եւ դա բավականին լայն մեսիջ էր
Կոտայքի երիտասարդ մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանն ընդունում է, որ Սասուն Միքայելյանի որդու քաղաքապետ դառնալը քաղաքական հին մշակույթի դրսեւորում է, կանե՞ն արդյոք ՔՊ վարչությունում դրանից հետեւություն, փորձեցինք պարզել Պետրոսյանի հետ։ Նա մարզում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով եւ խնդիր չի տեսնում, որ նաեւ Սասուն Միքայելյանն է առաջադրվելու։ Ինչ վերաբերում է մարզում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի ազդեցությանը, ապա ասաց, որ 5 ամիսների ընթացքում ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ ԲՀԿ-ն չեն միջամտել, չեն խանգարել բարեփոխումների ընթացքին, դրանք կայացվել են բացառապես ՔՊ որոշումների արդյունքում։



-Անշուշտ, ես առաջադրվելու եմ եւ վստահեցնում եմ, որ վարչական ռեսուրսը չի օգտագործվելու, բոլոր հաստատությունների ղեկավարներին, դպրոցների տնօրեններին զգուշացվել է, որ որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ ՔՊ-ին, չփորձեն արջի ծառայություն մատուցել։



-**Իսկ ո՞նց եք պատկերացնում մրցակցությունը Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ ԲՀԿ թեկնածուների հետ՝ հաշվի առնելով Ծառուկյանի ազդեցությունը մարզում, նա է կարծես այդ տարածքի «տեր ու տնօրենը»։**



-Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածուների միջև կա մրցակցություն, բայց առողջ մրցակցություն, մատնանշեմ անցած տարվա փորձը. մենք ռեյտինգային թեկնածուներով միասին քարոզարշավ ենք անցկացրել։ Իսկ մարզում տեր ու տնօրեն չկա, տեր ու տնօրենը Կոտայքի մարզի բնակիչն է, որի հետ մենք աշխատանք ենք տանում, որպեսզի վերափոխվի ՀՀ քաղաքացու, իսկ ՀՀ քաղաքացին իր գլխին տեր ու տնօրեն չի ճանաչում։ Մարզում այս պահին իրավահավասարության մթնոլորտ է, եթե կլինեն առանձնակի դեպքեր, օրենքով սահմանված միջամտություն կարվի։



-**Դուք մարզպետ եք, ըստ ամենայնի, տիրապետում եք իրավիճակին, կարող եք մոտավոր ասել Ծառուկյանի՞ հանդեպ է հանրային վստահությունը մեծ, թե՞ ՔՊ-ի։**



-Եկեք կանխատեսում չանենք, բայց մարզում ունենք գիտակից քաղաքացիական հասարակություն, որը իր խոսքը կասի ընտրություններին։



**-Ձեր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը իր որդուն դարձրեց Հրազդանի քաղաքապետ, երբ ՀՀԿ-ականներն էին այդ ճանապարհով գնում, դուք քննադատում էիք, Դուք եւ ձեր մարզի բնակչությունն ինչպե՞ս ընդունեցիք այդ իրողությունը եւ դա կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենա ընտրություների ժամանակ։**



-Առաջադրման հետ կապված ձեզ ծանոթ է ՔՊ վարչության տարածած հաղորդագրությունը, ես վարչության անդամ լինելով, կիսում եմ այդ որոշումը։ Իսկ առհասարակ ընտրվելը եւ արդեն աշխատելը քաղաքացու քվեն է եղել, որեւէ բողոք, որեւէ տեղամասից չի ահազանգվել եւ վարչարարական իմաստով էլ չկա գրեթե որեւէ խախտում, այնպես որ ժողովուրդը իր քվեն տվել է Սասուն Միքայելյանի որդուն։



-**Այսինքն, նորմալ էր, որ ձեր վարչությունը «ձեռքերը լվաց», թե՝ չենք աջակցում։ Եթե համաձայն չէիք, ուրեմն ձեր թեկնածուին առաջադրեիք, կամ հեռացնեիք ձեր կուսակցությունից՝ կուսակցական սկզբունքներին դեմ գնալու համար։**



-Սեւակ Միքայելյանը, լինելով Սասուն Միքայելյանի որդին, նաեւ չափահաս քաղաքացի է, ով սահմանադրորերն իրավունք ուներ առաջադրվելու իր համայնքում, ազնիվ մրցապայքար ծավալելու եւ ընտրվելու։ Այդ առումով այդ իրավունքին որեւէ մեկը չի կարող բռնանալ։ Քաղաքական մշակույթի առումով, որ նոր կառավարման պրոպագանդող ու բերող ուժի վարչության նախագահի որդին է առաջադրվում, մենք դրան գնահատական տվեցինք վարչության մակարդակով եւ պաշտոնապես հայտարարեցինք, որ չենք սատարում Սասուն Միքայելյանի որդուն եւ վերջինս ազատ է իր առաջադրվելու եւ ընտրվելու հարցում, այդ առումով դա բավականին լայն մեսիջ էր, որ ՔՊ-ն գիտակցում է այդ անցումը, նուրբ թելը ու դրանով իսկ իր իսկ անդամին, երեք տարվա տարածքային խորհրդի անդամին աջակցություն չի հայտնում։



**- Իսկ գործնական հետեւություններ կլինե՞ն, քանի որ փաստորեն այդ կուսակցության վարչության ղեկավարը հին մշակույթի կրողն է եւ դրա իրականացնողը, եթե համաձայն չէիք, միգուցե հեռացնեի՞ք կուսակցությունից։**



-ՔՊ վարչությունը կազմավորվում է բացառապես ռեյտինգային ընտրակարգով, ներքին ժողովրդավարության բարձր ցուցանիշներով, փակ, գաղտնի քվեարկությամբ։ Այսինքն որ գործընկերը, ինչքան ձայն կստանա այդ քվեարկության ժամանակ, դա քաղաքական թիմի, կուսակցականների գործն է։ Իսկ հետեւություն անելու առհասարակ մտայնություն չեմ տեսնում, որովհետեւ Սասուն Միքայելյանն ունի իր կենսագրությունը, իր հեղինակությունը, իր անցած ուղին, իսկ ձեր ասած հնի ու նորի մշակույթնի կրողի վերաբերյալ չեմ կիսում ձեր կարծիքը։



-**Բայց Դուք ասացիք, որ նոր մշակույթ եք բերում, բայց այս դեպքում հին ավանդույթները շարունակվեցին։**



-Հին արգահատելի մշակույթը մենք մերժում ենք ու մերժում ենք հիմնովին։



**- Ինչպես Հրազդանի՞ դեպքում։**



-Մենք արդեն խոսեցինք այդ մասին։



**-Մինչեւ ընտրությունը մի քանի թեկնածուներ դուրս եկան ընտրապայքարից, տեղեկություններ կային, որ Միքայելյանն է չեզոքացրել մրցակիցներին։**



-Դա սուբյեկտիվ կարծիք է, առնվազն մեկ մրցակից կար, որը ուժեղ մրցակից էր եւ շուրջ հինգ հազար ձայն է հավաքել, սա խոսուն ցուցանիշ է։ Երկու թեկնածուներն էլ բավականին հետաքրքիր քարոզարշավ էին կազմակերպել, իսկ թե հրազդանցիներն ում ընտրեցին, դա իրենց սահմանադրական որոշումն է։



**Լուսինե Շահվերդյան**