Սահմանադրություն ունենք՝ աշխարհը չունի

Սահմանադրություն ունենք՝ աշխարհը չունի
2015թ. խորհրդարանական ընտրություններից հետո Արցախում սկսեցին խոսել նոր սահմանադրության ընդունման մասին: Քանի որ Հայաստանում անցում էր կատարվել խորհրդարանական կառավարման, իշխող մոտեցումն այն էր, որ նույն համակարգը պետք է գործի նաեւ Արցախում: Քաղաքական որոշ ուժեր, այդ թվում եւ ՀՅԴ տեղական կառույցը, հանդես եկան համապատասխան հայտարարություններով: Բայց 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո իրավիճակը փոխվեց: Պատճառաբանությունը մեկն էր՝ պատերազմող երկիրը պետք է ունենա կենտրոնաձիգ-նախագահական կառավարում: Արդյունքում ընդունվեց սահմանադրություն, որով լուծարվեց վարչապետի պաշտոնը, նախագահն ստացավ եւ պետության, եւ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակ:



Սահմանվեց, որ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները պետք է տեղի ունենան համաժամանկյա, իսկ անցումային դրույթներով Ազգային ժողովին վերապահվեց մինչեւ 2020թվականը ժամկետով ընտրել նախագահ: Սահմանադրության նախագծի շուրջ հանրային լուրջ քննարկումներ չկազմակերպվեցին: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ սահմանադրության նախագիծը գրվել է Հայաստանի նոր սահմանադրության հեղինակների կողմից: Եւ այսօր Արցախում գործում է մի սահմանադրություն, որով ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ կարելի է Հանրապետության նախագահին անվստահություն հայտնել, երկու երրորդով՝ պաշտոնանկ անել, բայց նաեւ սահմանված է, որ «Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կաամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաեւ Ազգային ժողովը արձակելու դեպքերում նշանակվում են Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություննեեր»:



Թե ո՞րն է տրամաբանությունը՝ մնում է անհասկանալի: Այսինքն, Ազգային ժողովն ինչու՞ պիտի անվստահություն հայտնի նախագահին, եթե դրան պետք է հետեւի իր լուծարումը: Կամ՝ ինչու՞ նախագահի պաշտոնանկությունից հետո պետք է անցկացվեն նաեւ Ազգային ժողովի ընտրություններ: Անվստահություն հայտնելը, պաշտոնանկ անելը սահմանադրական նորմեր են, որոնք ենթադրում են իշխանության օրենսդիր թեւի վերահսկողություն Հանրապետության նախագահի եւ գործադիր իշխանության նկատմամբ: Արցախի սահմանադրությամբ, մինչդեռ, ստացվում է, որ եթե Հանրապետության նախագահը մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ պաշտոնանկ արվում կամ պատգամավորները նրան անվստահություն են հայտնում, ապա դրա համար պատասխանատվություն պետք է կրի նաեւ գործող խորհրդարանը:



Այսինքն՝ նախագահին պետական դավաճանության կամ անգործության մեջ մեղադրող Ազգային ժողովը նման որոշում կայացնելու համար պետք է հատուցի լուծարմա՞մբ: Իսկ եթե դա տեղի ունենա, նախագահի պաշտոնը մնա թափուր, իսկ Ազգային ժողովն արձակվի, ո՞վ է նշանակելու Հանրապետության նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ: Մեկ այլ հոդված սահմանում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնոումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնոում է Ազգային ժողովի նախագահը: Հանրապետության նախագահի լիազորություններ իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Հիմա ո՞րն նորմն է գերակա: Այն, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակվում են նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություննե՞ր, թե այն, որ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագա՞հը: Այսսինքն, գործնականում ի՞նչ լուծում է լինելու, եթե ԱՀ նախագահի պաշտոնը մնա թափուր:



Նշանակվելու են նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ, բայց այդ ամբողջ ընթացքում Ազգային ժողովը գործելու՞ է, նրա նախագահն էլ իրականացնելու է Հանրապետության նախագահի լիազորությու՞նները: Տպավորություն է, որ սահմանադրության հեղինակները նման «մանրուքներով» չեն մտահոգվել, ուղղակի ինչ-որ տեքստ են գրել՝ այն հարմարեցնելով նախագահական կառավարման մասին քաղաքական պատվերին: Այլապես կնկատեին, որ մի հոդվածում խոսում են Ազգային ժողովի արձակման, մյուսում՝ ԱԺ եւ նախագահի միաժամանկյա ընտրության մասին, բայց այդպես էլ չեն սահմանում, թե երբ եւ ինչ հանգամանքներում է արձակվում Ազգային ժողովը կամ դա ենթադրու՞մ է նաեւ, որ Հանրապետության նախագահի պաշտոնը մնում է թափուր: Արցախում 2020թվականին սպասվում են ընտրություններ: Ժամանակը սուղ է, բայց քաղաքական բավարար կամք ունենալու դեպքում կարելի է անդրադառնալ այս եւ բազմաթիվ այլ հարցերի: Մանավանդ որ գործող սահմանադրությունը թույլ է տալիս սահմանադրական փոփոխություններ կատարել խորհրդարանական ճանապարհով: Հակառակ դեպքում կունենանք սահմանադրություն, որի նմանն աշխարհում երեւի թե գոյություն չունի: