Որտե՞ղ է այդ ճամպրուկը

Որտե՞ղ է այդ ճամպրուկը
2002 թվականին մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Նա Երեւանի 2784-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ուղերձ է հղել 2018 թվականի Երեւանի քաղաքացիներին։ Տեքստը դրվել է ճամպրուկի մեջ եւ ի պահ տրվել Էրեբունի թանգարանին՝ 2018թ․ Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ բացելու համար։ Նախատեսված էր ճամպրուկը բացել Էրեբունու հրապարակում, որի ընթացքում նոր քաղաքապետը նույնպես պիտի ուղերձ հղեր Երեւանի ապագա քաղաքացիներին։



Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, սակայն, ուղերձի մասին ոչ մի հիշատակություն չեղավ, ոչ ոք չհիշեց 2002-ին փակված ճամպրուկի մասին։



Փորձեցինք 2002 թվականին Երեւանի քաղաքապետի տեղակալ աշխատած Ֆիրդուս Զաքարյանից ճշտել ուղերձը բացելու ժամկետներն ու հանգամանքները։ «Այո, ուղերձ եղել է, Էրեբունի թանգարանի մոտ Նազարյանը կարդաց այդ տեքստը, եւ մենք փաթաթեցինք ու գեղեցիկ ամանով հանձնեցինք Էրեբունի թանգարանին։ Դա էնտեղ պետք է լինի։ 2002 թվականն էր, եւ ուղերձ էինք ուղարկել 2018 թվականին Երեւանի բնակիչներին, ու ենթադրվում է, որ դա պետք է բացվեր այս օրերին»։



Էրեբունի թանգարանի հասարակության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ ուղերձը դեռ իրենց մոտ է եւ տոնի շրջանակներում չի բացվել․ «Դա նախատեսված էր 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ բացել։ Մասնավորապես՝ հոկտեմբերի 19-ին, երբ լրանում էր նաեւ թանգարանի 50-ամյակը, սակայն նախատեսվող տոնակատարությունները կրճատվեցին։ Կրճատվեց նաեւ այն մասը, որը ներառում էր թանգարանի 50-ամյակի տոնակատարությունը։ Բայց, այնուամենայնիվ, նախատեսվում է թանգարանի 50-ամյակը նշել, որի ժամանակ էլ կբացվի ուղերձը»։



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գեւորգյանը մեզ առաջարկեց գրավոր դիմել՝ պատճառաբանելով, որ խնդիրը պետք է ուսումնասիրվի, ինչի համար ժամանակ է պահանջվում։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**