Սեւակ Միքայելյանի նախընտրական նկարը՝ հասարակական տրանսպորտում (տեսանյութ)

Սեւակ Միքայելյանի նախընտրական նկարը՝ հասարակական տրանսպորտում (տեսանյութ)
Թիվ 11 երթուղին սպասարկում է Կոտայքի Մեղրաձոր, Արտավազ, Հանքավան համայնքները: Հանքավանից մինչեւ Հրազդան գյուղացիներին ուղեկցում է քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի քարոզչական պաստառը: Ընտրական օրենսգրքով, սակայն, արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը հասարակական տրանսպորտի վրա կամ դրա ներսում:



Նոր Հայաստանում հին բարքերը շարունակվում են, ոչ միայն լուսանկարները փակցում են հասարակական տրանսպորտում, այլ թաղապետարանը ծառայում է՝ որպես նախընտրական շտաբ: Այնինչ ընտրություններից առաջ Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել համատիրության ղեկավարների եւ թաղային լիազոր ներկայացուցիչների հետ, հորդորել, որ համատիրություններում եւ թաղապետարաններում աշխատանքը պետք է միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն, զերծ մնալ ընտրական գործընթացին, համատիրությունները եւ թաղապետարանները չծառայեցնել որպես շտաբ:



Համատիրության լիազորությունների չարաշահմամբ՝ քաղաքական որևէ շահի սպասարկելը հակադարձվելու է խստագույնս՝ օրենքի պահանջներին համապատասխան: Մեր այն հարցին, թե ի՞նչպես է վերաբերվում այն փաստին, որ Ջրառատի թաղապետարանը ծառայում է որպես Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբ եւ Սեւակ Միքայելյանի քարոզչական պաստառ փակցված է հասարակական տրանսպորտում, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «2 տեղեկությունն էլ Ձեզանից եմ լսում, ինձ հայտնի չեն նման դեպքեր։ Եթե օրենքի խախտում կա որևէ տեղ, կարող եք այդ մասին հաղորդել թեկնածուի շտաբին, և իհարկե, օրենքով սահմանված կարգով այն չվերացնելու դեպքում, համապատասխան կարգով ահազանգել»:



**Նելլի Կարապետյան**