Երկրորդ ուժի ներգրավման օրենքը

Երկրորդ ուժի ներգրավման օրենքը
Երեւանում «սեւերի եւ սպիտակների» պատերազմն ավարտվեց «սպիտակների»՝ թեպետ խիստ կանխատեսելի, բայցեւ աննախադեպ քանակական հաղթանակով: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի՝ Կարգին Հայկոյի կողմից անզգուշաբար ասպարեզ նետված «սեւերի եւ սպիտակների» պարադիգման դարձավ մայրաքաղաքի ընտրողներին համախմբելու ազդեցիկ գործոն՝ երիցս մերժելով ոչ միայն Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, ՀՀԿ-ին, այլեւ տարբեր ժամանակներում նրանց հետ կոլաբորացիոնիզմի մեջ մտած կուսակցություններին, ինչպես նաեւ քաղաքական ասպարեզից դուրս մղեց երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր գործիչներին: Հեղափոխական հարթակի «սիրո եւ համերաշխության» կարգախոսներին փոխարինելու էր եկել «սեւերի եւ սպիտակների» մտրակը, որի շառաչյունը գետնեց ընտրությունների բոլոր մասնակիցներին, այդ թվում եւ՝ իշխանության հայտ ներկայացնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:



Երկրորդ ուժի հայտ ներկայացնող, տեղեկատվական եւ ֆինանսական լուրջ միջոցների տիրապետող ԲՀԿ-ն, օրինական ընտրությունների արդյունքում ստանալով երեւանցիների քվեների ընդամենը 6.95 տոկոսը, մեծ դժվարությամբ պահպանեց 2-րդ տեղը: Սերժ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարյան ելույթից հետո սա «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ արձակված երկրորդ շառաչուն համազարկն էր, որի առաջ բերած ստույգ ձախողումից հազիվ փրկվեց Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը:



2007, 2012 եւ 2017 թթ. Ազգային ժողովի ընտրություններում մշտապես զբաղեցնելով պատվավոր 2-րդ տեղը՝ «Բարգավաճ Հայաստանը», 2018թ. հայտնվելով այլ քաղաքական իրողությունների եւ պայմանների հարահոսում, դարձյալ զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն «Իմ քայլը» դաշինքից ահռելի կտրվածքով: Տարիներ շարունակ ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի դեմ կազմակերպված լայնածավալ եւ շարունակական հակաքարոզչությունն ու պայքարն իրականում էապես ջլատել էին այս կուսակցությունը, որը Երեւանի վերջին ընտրություններում ոչ միայն պարտադրված էր պայքար մղել օրինականության՝ իր համար ականապատված դաշտում, այլեւ հայտնվել «սեւերի» հետ նույնացվելու փոսում, ապա եւ՝ նետվել քաղաքապետի իր իսկ թեկնածուի կերպարի հասարակական մերժման եռացող կաթսան:



«Հայաստանի Հանրապետությունում հաստատված ավանդույթներ կան, որոնք մենք հիմա ոչնչացնում ենք»,- այս տարվա սեպտեմբերի 20-ին, քարոզարշավի ընթացքում իր ելույթում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Եվ թեպետ նա հիշատակեց այլ օրինակներ, սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանը եկել էր ոչնչացնելու ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, բռնարարքներով ուղեկցվող ընտրությունների արատավոր ավանդույթը եւ մտածելակերպը Հայաստանում: Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, հարկ է ընդգծել, որ նրա դրսեւորած քաղաքական կամքի արդյունքում 23 տարի ազատ ընտրություններ չտեսած Հայաստանում մեկ օրում ամեն ինչ փոխվեց՝ պետությանն ու հասարակությանը վերադարձնելով օրինական ընտրությունների ճանապարհ:



Երեւանյան այս ընտրությունների ամենակարեւոր ձեռքբերումները՝ ազատ ընտրական համակարգի վերականգնումը եւ առկա քաղաքական համակարգի ապամոնտաժումը, ի ցույց դրեցին նաեւ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի կորուստները՝ քաղաքական-գաղափարական մտքի իսպառ բացակայությունը, կուսակցական դաշտի ավերածությունը, քաղաքապետի թեկնածուների անհուսալի ընտրությունը:



Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ստանալով ընտրողների 81 տոկոս քվեն՝ «Իմ քայլը» դաշինքի հիմքը հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նախկին քաղաքական համակարգի առաջ բերած ավերածությունների պայմաններում, Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրեց միակուսակցական կառավարման փաստի առջեւ: Այն կուսակցության կառավարման, որը երիտասարդական կուսակցության համարում ունի՝ քաղաքական փորձառության պակասով եւ ինքնավստահության ավելցուկով:



«Քաղաքացիական պայմանագրի» գերիշխանության պայմաններում քաղաքական ասպարեզում երկրորդ ուժի բացակայությունը խորհրդարանի արտահերթ ընտրություններից առաջ դառնում է խիստ խնդրահարույց, մանավանդ որ լուրջ քաղաքական հայտերը դեռ բացակայում են:



Երեւանյան վերջին ընտրարշավի օրերին, հայտարարելով, որ քաղաքական պայմանավորվածություններով իշխանություն եւ ընդդիմություն ձեւավորելու էջն այլեւս փակվել է, որ ամեն քվեի համար պայքար պետք է մղի նաեւ կառավարող կուսակցությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց նաեւ քաղաքական դաշտը խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրությունների համար:



Փաշինյանը, որը «Ելք» դաշինքի երրորդ համարն էր 2017թ. Ազգային ժողովի ընտրություններում, դաշինք, որը, պետք է ենթադրել, խորհրդարան մտավ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայմանավորվածության շնորհիվ՝ ճանաչելով այդ ընտրությունների արդյունքները, 2018թ. սեպտեմբերի 23-ից հետո փակեց հրահանգներով քաղաքական դաշտ ձեւավորելու ճանապարհը նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» համար:



Նիկոլը բացել է ասպարեզը քաղաքականության համար, սակայն հայաստանյան կուսակցական դաշտը հրկիզված է. հին սերմերը մոխրացել են, նոր ծիլեր դեռ չկան: Նախկիններն արդարացիորեն հեռացել են, իսկ նորերի հայտեր կա՛մ դեռ չկան, կա՛մ անլուրջ են ու աննկատ:



Սակայն ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ նոր երկրորդ ուժի առաջացման խնդիրը դառնում է օրակարգային: Այն երկրորդ ուժի, որ կարող է դառնալ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» իրական այլընտրանքը՝ ապաքաղաքական, ապագաղափարական «ՔՊ»-ին հակադրելով բարձր քաղաքական գաղափարների, սկզբունքների, ծրագրերի եւ անհատների միաձուլվածք՝ «սեւ-սպիտակի» հակադրության մեջ ներդնելով մեծ քաղաքականության ողջ ներկապնակը:



Այդ երկրորդ ուժը պետք է կարողանա հաղթահարել Փաշինյանի բարձր ժողովրդայնության, հասարակական վստահության եւ քաղաքական պոպուլիզմի ու հեղափոխականության դժվարամատչ լեռնաշղթան՝ հայաստանյան քաղաքականությունը դուրս բերելու ապագաղափարականության եւ անծրագրայնության, իշխանություն-ընդդիմություն արհեստական հրահանգավորումների լեռնախորշերից: Համընդհանուր ապաքաղաքականության եւ ապագաղափարականության հասարակական այս միջավայրում սա անչափ բարդ խնդիր է:



Քաղաքականությունն ու քաղաքական պայքարը Հայաստանում պետք է դուրս գան դեռեւս խորդուբորդ այն ուղին, որի ընտրությունն անշրջելի կդարձնի ժողովրդավարության ընթացքը Հայաստանում՝ երեքհազարամյա մեր հինավուրց երկիրը կանգնեցնելով արդիականության եւ մրցունակության, ազատության եւ անկախության նոր եւ հուսալի ճանապարհի վրա:



**Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ**