Ավելի լավ ճնշում էլ ո՞րն է․ լուսանկարներ

Ավելի լավ ճնշում էլ ո՞րն է․ լուսանկարներ
Ինչպես տեղեկացրել էինք, արդեն ավարտվել է **Yerevan.today** լրատվական կաքի խմբագրությունում իրականացված խուզարկությունը, որը սկսվել էր առավոտյան 9։30-ից և տևել է մինչև 15։40 րոպեն։ Կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը մեզ հայտնեց, որ առգրավել են ինչպես իր համակարգիչը, այնպես էլ խմբագրության մի շարք այլ համակարգիչներ, այդ թվում՝ երկու տարի ընդհանրապես չմիացված համակարգիչ։ Նրա համար այս ամենը տարօրինակ է, և դեռ պետք է խորհրդակցի փաստաբանների հետ, քանի որ նրանք այս պահին 7 կետով խախտում են առանձնացրել իրավապահների գործողություններում, այնուհետև կորոշեն՝ ինչ քայլեր են ձեռնարկելու։



Հարցին՝ սա ճնշում համարո՞ւմ է ազատ խոսքի նկատմամբ, Հակոբյանն ասաց․ «Ես չեմ հիշում երբևէ նման դեպք՝ լրատվամիջոցի խուզարկություն, ինձ թվում է՝ ավելի լավ ճնշում էլ ո՞րն է, երբ որ գալիս են մի քանի ժամ ստուգում են, դրանից հետո ստուգում են քո բոլոր փաստաթղթրեը, կապ չունի՝ գործի մասին են, գործի մասին չեն, պայմանագրեր են ստուգում, հազար ու մի բան են ստուգում, էլ ճնշումը ո՞րն ա։ Այսինքն՝ մենք հայտարարություն էինք տվել, որ ընդունում ենք աշխատանքի լրագրողներ ամիսներ առաջ։ Ռեզյումեները պահել էինք։ Եվ նրանք էդ ռեզյումեները մանրակրկտորեն նայում էին, ես չգիտեմ՝ գուցե նրանց էլ գնան խուզարկեն»։



Նա նշեց, որ այդ ողջ ընթացքում քննչական կոմիտեի և ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մտշական կապի մեջ էին ինչ-որ մարդկանց մեջ, որոնցից ճշտում էին՝ ինչը ստուգեն, ինչը՝ ոչ։ Սևակ Հակոբյանի խոսքով՝ իրավապահները իրենց խմբագրությունում փնտրում էին կրիչները, որով իրենք ենթադրաբար գաղտնալսել էին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցը։



**Hraparak.am**-ի հարցին՝ արդյոք որևէ անձնական տարածք ներխուժե՞լ են, այդ թվում՝ համակարգչային ֆայլերի մասով, կայքի խմբագիրն ասաց․ «Էսպես ասեմ, իմ ամբողջ ֆայլերը քրքրել են, ես վերջում էլ հարցրի՝ էս ֆայլերի հետ ի՞նչ են լինելու, որովհետ, եթե դրանք գործի հետ առնչություն չունեն, միևնույն է, դրանք ինձ համար անձնական, գաղտնի ֆայլեր են։ Դե, հասկանում եմ, դժվար չէր մի քանի հազար փաստաթուղթ փնտրել»։



Կայքի գործունեությունը այս ժամերի ընթացքում խափանվել էր, հիմա էլ դժվար է հասկանալ՝ ինչպես է շարունակվելու, քանի որ Սևակ Հակոբյանն ասաց՝ իրենց մի շարք համակարգիչներ տարել են, այդ թվում՝ իր համակարգիչը, իրենց վիդեոմոնտաժողի համակարգիչը, ինչի հետևանքով դժվար է ասել՝ ինչպես են աշխատելու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**