Պետք է չունենանք թոշակառու, ով նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա

Պետք է չունենանք թոշակառու, ով նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ **Մանե Թանդիլյանին** եւս հետաքրքում է, թե Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ հայտարարում է, որ կան սեւ ուժեր, որոնք հեղափոխության առաջամարտիկ են ներկայանում, բայց բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Նա կարծում է, որ սա պետք է ճշտել կարծիք արտահայտողից, այլ ոչ թե իրենցից։



**-Բայց վարչապետը հասցեական չի անում իր հայտարարությունները, եւ սա քննադատվում է մյուս ուժերի կողմից։ Ասում են՝ թող անվանական ասի՝ ովքե՞ր են սեւ ուժերը, ովքե՞ր են ուզում հակահեղափոխություն անել եւ այլն։**



-Ես կիսում եմ այդ մոտեցումը, որ անհրաժեշտ է հասցեական ուղղել թե՛ մեղադրանքները, թե՛ կարծիքները։ Բայց նորից հարցը պետք է ուղղել միտք արտահայտողին։



**-Ձեզ մոտ այդ հարցն առաջացե՞լ է, եւ փորձե՞լ եք դրա պատասխանը ստանալ վարչապետից։**



-Գիտե՞ք, անկեղծ որ լինեմ, էդ հարցով չէ, որ ես վարչապետի հետ հարաբերվում եմ, եւ իմ աշխատանքային հարաբերությունների մեջ էդ հարցը չի մտնում, եւ իմ տեսակետն առ այն, որ պետք է լինի հասցեական, շարունակում է լինել վավեր։



**-Մի բան հստակ է վարչապետի խոսքում, որ այս ընտրապայքարում սպիտակներն իրենք են, ստացվում է, որ սեւերը մյո՞ւս ուժերն են, այդ թվում՝ ձեր «Լույս» դաշինքը։**



-Դուք կարծում եք, որ որեւէ մեկը կանի՞ հայտարարություն եւ կասի՝ ես սեւն եմ կամ՝ ես սպիտակն եմ։



**-Փաշինյանի այս հայտարարությունները չե՞ն վնասում, արդյոք, «Լույս» դաշինքին ընտրապայքարում։**



-Ակնհայտ է, որ հայտարարությունը կարող է ստվերել յուրաքանչյուր գոյություն ունեցող կուսակցության եւ գործունեություն։ Հիմա դա արտահայտած կարծիք է, որը հստակեցման կարիք ունի նաեւ ձեր օգնությամբ։ Դրա հետեւից կարելի է գնալ, կարելի է չգնալ՝ կախված նրանից, թե ինչ մոտեցում կա հարցին։ Հիմա ես համոզված եմ, որ հանրությանը կհետաքրքրի, հետեւաբար, նաեւ լրագրողների աջակցությամբ անհրաժեշտ է պարզել, թե ում նկատի ունի։



**-Ձեզ բավարարեցի՞ն վարչապետի բացատրությունները սկանդալային ձայնագրության վերաբերյալ։**



-Ես բավարարվելու տեսլական չունեի այդ պատասխանից։ Հետեւյալն է, որ վարչապետը հրապարակեց խոսակցությունը, որի մասին մենք տեղեկություն չէինք ունեցել։



**-Անդրադառնանք կոռուպցիայի դեմ տարվող պայքարին։ Դուք ձեր ոլորտում կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի ի՞նչ ցուցանիշներ կարող եք հրապարակել։**



-Իրավիճակը հետեւյալն է․ անընդհատ ստանում ենք ահազանգեր, որոնք ես անմիջապես ուղղորդում եմ իրավապահ մարմիններին, ոլորտում այնքան խնդիրներ կան, եւ աշխատելու այնքան դաշտ կա, եւ այնքան բացեր կան, որ ես հենց այդպիսի քաղաքականություն եմ որդեգրել՝ յուրաքանչյուր կասկածանք, անգամ եթե կասկած է առաջացնում, որեւէ բան չի մնում նախարարությունում, եւ բոլորն ուղղորդվում են իրավապահ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու։



**-Առաջիկայում սպասվո՞ւմ են հնչեղ քրեական գործեր՝ խոշոր չարաշահումների մասին։**



-Ես չեմ կարող ասել, թե Ձեզ համար հնչեղը որն է։ Ինձ համար յուրաքանչյուր դրամի վատնում հնչեղ է, եւ ինձ համար այն համակարգը, որի արդյունքում հասցեական չի դառնում, օրինակ, նպաստների տրամադրման կարգը, սա ինձ համար հնչեղ է։ Բայց բազմաթիվ են քրեական գործերը, այդ թվում նաեւ Լոռու, Շիրակի մարզերի հետ կապված, Սյունիքի եւ այլնի։



**-Քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ ձեր նախարարությունը եւ Դուք ի՞նչ ջանքեր եք գործադրում։ Օրինակ, «ամենապրիմիտիվ» արդյունքը, որ կարող է լինել, թոշակների, նպաստների ավելացումն է։**



-Ինձ դուր չի գալիս Ձեր ձեւակերպումը՝ պրիմիտիվ, դա շատ դժվար որոշում է, որովհետեւ դրա տակ կանգնած են բազմաթիվ օպտիմալացման աշխատանքներ, բազմաթիվ վերաբաշխումներ եւ մոտեցումներ՝ ապագային միտված։ Այսինքն՝ բարձրացումը որ այդքան հեշտ լիներ, հավանաբար, դա ավելի շուտ կանեին։ Ինձ համար սկզբունքային է, որ երկրում պարենային զամբյուղից ցածր եկամուտ ունեցող քաղաքացի չլինի։ Եվ մենք վստահ լինենք, որ մեզ մոտ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գոնե սննդի հարցերը լուծել իր համար։ Եվ այս առումով հենց դրան միտված է լինելու մոտակա նախաձեռնությունը, որ ունենք։ Նաեւ մենք շատ հետեւողական ենք երեխաների առնչությամբ վարվող քաղաքականության մեջ առ այն, որ երեխաները պետք է լինեն պաշտպանված մեր երկրում՝ անկախ կարգավիճակից։



**-Եթե կարճ ձեւակերպենք, 2019 թվականի բյուջեում կնախատեսվի՞ թոշակների, նպաստների բարձրացում։**



-Հենց զուտ նպաստի համակարգի վերանայման արդյունքում հնարավոր են նման փոփոխություններ, բայց պետք է ասեմ, որ նպաստի համակարգն այսօր անբարվոք վիճակում է գտնվում եւ տոտալ վերափոխման կարիք ունի։ Եվ դրա արդյունքում, բնականաբար, միջոցների վերաբաշխում տեղի կունենա, հետեւաբար՝ նոր բարձրացումներ։ Ինչ վերաբերում է թոշակներին, որի մասին շատ է խոսվում, մենք նվազագույնի սահմանում ենք նախաձեռնում սահմանել, որի արդյունքում պետք է չունենանք թոշակառու, ով որ պարենային աղքատության նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա։ Դա կոչվում է ծերության նպաստ, որն այս պահին 16 հազար դրամ է, եւ մենք նախատեսում ենք դարձնել 25 հազար 500 դրամ։ Այս պահին դա է մեր քննարկման առարկան։



**-Բյուջեն թույլ կտա՞ դա անել։**



-Բյուջեն թույլ կտա, նաեւ վերաբաշխումներ կլինեն։