Գյումրեցի օգտատիրոջ տեսանյութի հետքերով բացահայտվեցին շինաշխատանքների խախտումները

Գյումրեցի օգտատիրոջ տեսանյութի հետքերով բացահայտվեցին շինաշխատանքների խախտումները
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին անհանգստացրել է գյումրեցի ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած տեսանյութը, որտեղ քաղաքացին ցույց է տվել Գյումրու Վազգեն Սարգսյանի փողոցում ընթացող շինարարական աշխատանքները եւ իր կողմից հայտնաբերած թերացումները: Ըստ նրա, նույնիսկ ժամանակավոր շաղախը, որն արվել է բետոնե պատնեշները շարելու համար, չպետք է ձեռքով քանդվեր: Տվյալ փողոցում շինարարական աշխատանքները իրականացնող ղեկավարը՝ Վահե Մարգարյան էլ, ներկայացնելով նախագիծը, բացատրություն է տալիս՝ ասելով, որ այն ժամանակավոր շաղախը, որը տեսանյութում քանդվում է, նախագծով նախատեսված չէ։ Եզրաքարի տակ արդեն կա նախագծով նախատեսված ամուր բետոնե հիմք, իսկ այդ ժամանակավոր շաղախանյութը կրում է պաշտպանիչ բնույթ տվյալ բետոնե շերտի և եզրաքարի համար՝ նախքան խճի և ասֆալտի հիմնական շերտի կառուցումը։



Շիրակի մարզպետարանում սակայն խնդիրը չափազանց կարևորել են եւ այսօր արդեն Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, փոխմարզպետ Արա Մելիքջանյանը այցելել է Վազգեն Սարգսյան փողոց, հանդիպել «Ա. Ա. Բ. Պրոեկտ» և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ների ղեկավարներին, ովքեր «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացնում են փողոցի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խմբի ղեկավարը մասնագետների ուղեկցությամբ հետևել է կատարված աշխատանքներին, եւ ուշագրավն այն է, որ ըստ մասնագետների՝ բազալտե եզրաքարերի շարվածքը չի համապատասխանել շինարարական նորմերին ու ստանդարտներին, դրանից զատ աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ:



«Աշխատանքային խումբը տեղում հանձրնարարականներ է տվել` նշելով, որ եթե այսուհետ ևս թերացումներ ու խախտումներ արձանագրվեն, ապա վերահսկողությունն իրականացնող խումբը կդիմի կտրուկ քայլերի, ընդհուպ մինչև տուգանքների կիրառում»,-տեղեկացնում են մարզպետարանից: «Մեզ համար որևէ պատճառաբանություն անընդունելի է դառնում, երբ խոսք է գնում անորակ աշխատանքի մասին, ցանկացած մետրի վրա կատարված աշխատանքում որակի անհամապատասխանություն չպետք է լինի:Անընդունելի եմ համարում ժամկետների մեջ տեղավորվելու պատճառաբանությամբ անորակ աշխատանքների իրականացումը: Ավելի լավ է մեկ անգամ որակով կառուցել, քան հինգ անգամ անորակ, որը քանդվելու է»,-նշել է Արա Մելիքջանյանը՝շինարարներին հորդորելով արհեստական լարվածություն չստեղծել ու լծվել շինաշխատանքներին:



Հիշեցնենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Գյումրիում հիմնովին վերանորոգվելու եւ լուսավորվելու են 10 փողոց: Սա այն ծրագիրն էր, որը Հանրապետության երկրորդ քաղաքին իշխանությունը խոստացել էր 2016թ-ի սահմանադրական բարեփոխումների նախաշեմին. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը 23,8մլն եվրո դրամաշնորհ հատկացրեց քաղաքի փողոցներն ու լուսավորությունը բարեկարգելու համար: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշմամբ փոխվեց փողոցաշինության աշխատանքների վերահսկողության խմբի ղեկավարը, այն ղեկավարում է Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, մինչդեռ նախկինում մարզպետարանի որևէ աշխատակից խմբում ընդգրկված չէր: Նախարարության որոշմամբ խմբի անդամները վերափոխվել են, խմբում ընդգրկված են ինչպես ավագանու անդամներ, քաղաքապետարանի, այնպես էլ մարզպետարանի ներկայացուցիչներ:



**Արևիկ Հակոբյան**