Բակո Սահակյանը հոգեբանական խնդիրներ ունի՝ հրապարակում մարդկանց հավաքվելը ծանր է տանում

Բակո Սահակյանը հոգեբանական խնդիրներ ունի՝ հրապարակում մարդկանց հավաքվելը ծանր է տանում
Հունիսի 13-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանրահավաք պետք է անցկացներ, սակայն անցկացվել է այլ վայրում՝ հրապարակից քիչ հեռու՝ Ստեփան Շահումյանի արձանի հարեւանությամբ, որն արցախցիների շրջանում հայտնի է «Պիտաչոկ» անունով։ Բանն այն է, որ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղադրել եւ թույլ չի տվել հանրահավաքի մասնակիցներին մուտք գործել հրապարակ, իսկ Ստեփանակերտի քաղաքապետն այդ հանրահավաքը համարել է չարտոնված։ «Մեր հավաքը կայացել է մեր նշած վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա, որովհետեւ հրապարակը պաշարվել էր ոստիկանների կողմից, որովհետեւ, ըստ որոշ պաշտոնյաների, Բակո Սահակյանը հոգեբանական խնդիրներ ունի, եւ հրապարակում մարդկանց հավաքվելն իր վրա ծանր է անդրադառնում, սթրեսի մեջ է ընկնում։ Դրա համար էլ ոստիկանությունը պաշարել էր հրապարակը, եւ Բակո Սահակյանին սթրեսից հանելու միջոցառումներ էին իրականացնում նախագահականում»,- մեզ հետ զրույցում ասաց **Հայկ Խանումյանը**։



Արցախում, պարզվում է, չկա հավաքների մասին օրենք, միայն երեկ է նման օրինագիծ տարվել ԱՀ ԱԺ։ «Այո, Արցախում հավաքների մասին օրենք չկա, նախագիծն այսօր բերել են խորհրդարան, սահմանադրական նորմ է գործում, բայց դա էլ կապ չունի, Տարիներ շարունակ էդ նույն քաղաքապետին դիմել ենք՝ խնդրելով այսինչ տեղը, այսինչ ժամին մեզ հավաքի արտոնություն տալ, չի տվել, եւ վերջին նամակը գրել ենք այսպես․ «Ցանկացած օր, ցանկացած ժամի, ցանկացած վայրում՝ հավաքի հնարավորություն», եւ նույնիսկ դա է մերժել քաղաքապետը։ Հետեւաբար, գործող քաղաքապետը չի կարողացել ապահովել սահմանադրական իրավունքի իրացումը։ Նման դեպքում ուղղակի անիմաստ է դիմել այդ նույն քաղաքապետին՝ խնդրելով հավաքների հնարավորություն տալ։ Բայց այսօր 3 տեղ կա քաղաքում, որ հավաքների արտոնություն է տրված, եւ մարդիկ կարող են հավաքվել՝ իրենց ուզած խնդիրները քննարկել։ Իրենց պարզաբանումն այն է եղել, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս հրապարակում, դե, Բակո Սահակյանի բանն ա… չգիտեմ․ ասում են՝ հրապարակը սուրբ ա, Բակո Սահակյանը սուրբ ա»։



Հայկ Խանումյանը մեր նախորդ զրույցում այն հարցին, թե հանրահավաքի ժամանակ առա՞ջ են քաշելու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրաժարականի պահանջը, չպատասխանեց՝ ասելով, որ չի ցանկանում չակերտներ բացել, բայց այս անգամ չակերտները բացեց․ «Մենք քաղաքական ճգնաժամի լուծման տարբերակներ ենք առաջարկել։ Առաջինը Բակո Սահակյանը պետք է հեռանա, մինչեւ 2020 թվականը ինքը չի կարող մնալ նախագահ, որովհետեւ իր բոլոր հավաստիացումները, որ գիտեք՝ ես փոխվել եմ, իրողություններին համապատասխանում եմ եւ այլն, չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ նույն ձեւով, նույն մեթոդներով, նույն մեխանիզմներով Բակո Սահակյանը շարունակում է ղեկավարել երկիրը։ Երկրորդը՝ Ազգային ժողովի նախագահը պետք է փոխվի, ԱԺ նախագահ պետք է դառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը կողմ չի քվեարկել սահմանադրական փոփոխություններին»։



Հարցրինք՝ նկատի ունեք, որ պետք է հրաժարակա՞ն տան։ «ԱԺ նախագահի փոփոխության այլ կարգեր գոյություն ունեն, ԱԺ 18 պատգամավոր կարող է նոր թեկնածու առաջարկել, եւ քվեարկություն տեղի ունենա, ԱԺ նախագահը հեռանա առանց հրաժարականի։ Դա քաղաքական կուսակցությունների բանակցությունների արդյունքում պետք է լինի։ Նախագահի դեպքում հրաժարականը պարտադիր է։ ԱԺ նախագահ չի կարող լինել խորհրդարանական 2 խմբակցության ներկայացուցիչ՝ «Ազատ հայրենիքի» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցության»։ Էդ 2-ը հանդես են եկել սահմանադրական փոփոխություններին կողմ, իրականացրել են քարոզարշավ, այս ճգնաժամը նաեւ այդ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով է։ Եվ երրորդ․ պետք է այնպիսի մթնոլորտ հաստատվի, եւ նախագահ ընտրվի այս փուլում այնպիսի մարդ, որը որեւէ կուսակցության ներկայացուցիչ չլինի, որը 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի ընտրություններում եւ 2020 թվականին ապահովի խորհրդարանական եւ նախագահական արդար ու ազնիվ ընտրությունների անցկացումը, որպեսզի բոլոր կուսակցությունները եւ բոլոր թեկնածուները հավասար պայմաններում մասնակցեն ընտրություններին»։



Իսկ ունե՞ն նման թեկնածու՝ չէ՞ որ Արցախը նախագահական հանրապետություն է, եւ այդ 2 տարում, բացի ընտրությունները կազմակերպելուց, նախագահը պետք է նաեւ պատասխանատու լինի անվտանգության եւ այլ ոլորտների համար։ Խանումյանը պատասխանեց․ «Դե, կարելի է քննարկել, գտնել էդպիսի մարդիկ, Արցախում շատ կան էդպիսի մարդիկ, կարող է զինվորականներից լինել, օրինակ՝ մեր գնդերից մեկի հրամանատարը, ով բացարձակ հեղինակություն կարող է լինել բոլոր կուսակցությունների համար։ Թեկնածուներ կարելի է գտնել Արցախում։ Այնպես չէ, որ Արցախում այդպիսի գործիչների պակաս կա, տարբեր ոլորտներում տարբեր մարդիկ կան, որ իրենց կարող են դրսեւորել, եւ, կարծում եմ, զինվորականի լինելը նույնիսկ կհամապատասխաներ այս փուլում այդ պաշտոնին՝ հաշվի առնելով անվտանգության, պաշտպանության հարցերը եւ այլն»։



ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր **Վահրամ Աթանեսյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահն իր հրաժարականի հավանականությունը չի բացառել, եւ դա պայմանավորված է ԱԺ խորհրդարանական 2 ուժերի միջեւ շատ խիստ պայմանավորվածությամբ․



«Ես պարոն Խանումյանին լսել եմ՝ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խորհրդակցության տեսագրությունը դիտելով, ես չեմ լսել նման ձեւակերպում։ Որքանով ես երեկ իր ելույթը լսեցի, Խանումյանի պահանջն ԱԺ նախագահի փոփոխության հետ է կապված, ինչի հավանականությունը, ի դեպ, ԱԺ նախագահն իր խոսքում չի բացառում, որովհետեւ եղել է շատ խիստ պայմանավորվածություն 2 կուսակցությունների՝ «Ազատ հայրենիքի» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության միջեւ։ Հիմա «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել պետնախարարի պաշտոնից, եւ, բնականաբար, հարցի հնչեղությունը պետք է վերանայվի։ Թե ինչ իրադարձություններ տեղի կունենան՝ ես դժվարանում եմ ասել»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**