Գերխնդիրը դեմքը պահելն է

Գերխնդիրը դեմքը պահելն է
ՀՅԴ կարկառուն դեմք, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սկսել է ակտիվություն ցուցաբերել, որն առավելապես արտահայտվում է համացանցում գրառումներով եւ հայտարարություններով հանդես գալով: Միանգամայն բնական գործընթաց նախկինում տարբեր կարեւոր պաշտոններ զբաղեցրած պետական եւ ռազմական գործչի համար: Միայն իրեն բնորոշ քաղաքական հոտառությամբ Աղաբեկյանը հասկացավ, որ Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացները լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի նա իր վրայից թոթափի քաղաքական պատմության փոշին եւ փորձի խցկվել նոր քաղաքական զարգացումների մեջ՝ վերստին իր համար ապահովելով երկրում, կարեւոր չէ՝ մայր Հայաստանում, թե Արցախում, կարեւոր եւ հանգուցային քաղաքական գործչի անուն:



Իրավիճակի մերօրյա զարգացումների փուլում պարոն Աղաբեկյանին շատ անհանգստացնող հարցեր կան: Լինելով խոշոր գործարար, Արցախում ազդեցիկ քաղաքական կուսակցության ոչ շարքային անդամ եւ նախկինում ուժային գերատեսչությունների ազդեցիկ պաշտոնյա՝ նա անհանգստանալու շատ բան ունի, եւ նրա լռությունը կամ քաղաքական պրոցեսների նկատմամբ անտարբերությունը կարող էր ազդեցիկ շրջապատներում ընկալվել որպես թուլության կամ վախի նշանների դրսեւորում: Ինչ-ինչ, բայց պարոն Աղաբեկյանի կենսագրությունն իր մեջ ներառել է տարբեր ժամանակներում բարձրացված խնդիրներ, որոնք քննարկվել են թե՛ հասարակության լայն շրջանակներում, թե՛ մամուլում:



Նիկոլ Փաշինյանի խոստացած պայքարը ստվերի դեմ ուղղակի սպառնալիք կարող է դառնալ Աղաբեկյանի բիզնես շահերին բուն Հայաստանում եւ, միանշանակ, կանդրադառնա նաեւ Արցախում: Իսկ նրա ներգրավվածությունը հայաստանյան բիզնես կյանքին՝ ուղղակի կամ անուղղակի տեսքով, մամուլում բազմիցս է շրջանառվել: Նա գործուն մասնակցություն է ունեցել սիրիահայերին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերին եւ եղել է նրանց ինտեգրման ծրագրերը համակարգողներից մեկը։ Բացի դա՝ նրա անվան հետ է կապվում ՀՀ-ում որսորդական զենքի վաճառքի շուկայում մենաշնորհը, կան կարծիքներ, որ Աղաբեկյանն ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ այդ ամենը նշանակում է, որ նա կարող է կանգնել լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ, եթե ստուգումները հասնեն այդ ոլորտներ, եւ նրա անունը հայտնվի շրջանառության մեջ: Սա՝ մեկ:



Երկրորդը․ պարոն Աղաբեկյանը ՀՅԴ կուսակցության ղեկավարությանը խնդիր ունի ապացուցելու, որ ինքը դեռ այն մարդն է, որն ունակ է ձեռքը պահել քաղաքական զարգացումների զարկերակի վրա, ինչն ամեն կերպ աշխատել է անել տարիներ շարունակ, իսկ թե որքանով է դա նրան հաջողվել, խոսում են նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները։ Թե որքանով կհաջողի հիմա, ցույց կտա ժամանակը: Անձամբ ես չեմ կարծում, որ նա իրավամբ ունեցել է անձնական դրական կարեւոր դերակատարում ներքաղաքական կյանքում: Օր օրի սասանվող ՀՅԴ կուսակցության հիմքերի ամրապնդման համար Սփյուռքի կառույցները կսկսեն ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք կուղեկցվեն ֆինանսական ներարկումներով, եւ, այ, այստեղ է, որ պարոն Աղաբեկյանն ուղղակի չի կարող կողքի կանգնել եւ լուռ հետեւել, թե ինչպես են ուրիշները ստանում եւ տնօրինում ֆինանսական եւ բարոյական աջակցության ռեսուրսները: Եվ հիմա, երբ անցյալում են սիրիահայերի խնդիրների լուծման տապալված ծրագրերի պատմությունները, ապրիլյան քառօրյան, պարոն Աղաբեկյանը գերխնդիր ունի ապացուցելու, որ ինքը մարած հրաբուխ չէ եւ դեռ կարող է որոշիչ խոսք ասել եւ դերակատարում ունենալ Արցախի եւ մայր Հայաստանի ներքաղաքական զարգացումներում:



Ներկա իրողությունում Աղաբեկյանի ոտքի տակ հողն այնքան էլ հաստատուն չէ, եթե հաշվի առնենք, որ կալանքից սկսել են ազատվել Հիմնադիր խորհրդարանի անդամները, որոնք քաջատեղյակ են նրա ռազմական եւ քաղաքական անցյալին։ Իսկ եթե շուտով ազատ արձակեն նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՞ն: Այդ դեպքում հաստատ կխամրի դեռ նոր փայլի հույսով ծագող Աղաբեկյանի աստղը:



Անցյալը՝ անցյալ, բայց «Մարտիկ» հիմնադրամը դեռ շատերն են հիշում, ավելին ասեմ՝ միտք էլ չունեն մոռանալ:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**