Իշխանության իներցիան

Իշխանության իներցիան
Մի քանի օր առաջ, ստույգ գնահատելով իրավիճակը, մարդու իրավունքների պաշտպանն Արցախի իշխանություններին հորդորել էր հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունել հավաքների ազատության մասին օրենք: Որեւէ բացառիկ բան այստեղ չկա, դա սահմանադրության պահանջ է, որը, սակայն, ավելի քան մեկ տասնամյակ է՝ մնում է անկատար:



Թվում էր, իշխանությունը կընդառաջի ՄԻՊ նախաձեռնությանը, Ազգային ժողովում կսկսվեն քննարկումներ, բայց՝ ոչ: Իշխանությունը համառորեն չի ընդառաջում իրականության պահանջներին: Դրա փոխարեն Ստեփանակերտի ավագանին հունիսի 13-ին արտահերթ նիստ է գումարել եւ քննարկել հավաքների անցկացման կարգի մասին հարցը, կայացրել համապատասխան որոշում: Ըստ այդմ, Արցախի մայրաքաղաքում հավաք անցկացնելու համար կազմակերպիչը հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 եւ ոչ ուշ քան 30 օր առաջ պետք է իրազեկի քաղաքապետին եւ ստանա համապատասխան թույլտվություն:



Բացառություն է այն դեպքը, երբ հավաքն ինքնաբուխ է, մասնակցում է ոչ ավելի, քան [20 հոգի](https://aparaj.am/new/%D5%BD%D5% ): Պարզ է, որ Ստեփանակերտի ավագանին արտահերթ նիստ գումարել եւ նման որոշում կայացրել է ոչ ինքնաբուխ: Գործընթացն ուղղորդվում է ավելի բարձր ատյաններից: Բայց ինչու՞ է ընտրվել այդ ձեւը: Չէ՞ որ ՏԻՄ օրենքը համայնքի ավագանուն նման լիազորություններ չի վերապահում:



Ավելի լավ չէ՞ գնալ օրենք ընդունելու ճանապարհով, ոչ թե տուրք տալ իներցիային եւ փորձել հարցերը կարգավորել «տղայականով»: