Կրթական համակարգը փորձադաշտ չէ

Կրթական համակարգը փորձադաշտ չէ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանրապետության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ուսուցիչների ատեստավորման մասին։ Այն եղել է ձեւական, թե ոչ՝ դա չէ կարեւորը։ Կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելն ընդհանրապես սխալ է եւ վտանգավոր։ Այն ոչ մի դրական ազդեցություն չի ունենա կրթական համակարգում։ Ուսուցիչը, որը ստացել է բարձրագույն կրթություն (եւ ոչ միայն ուսուցիչը), արդեն պետք է համարվի ատեստավորված։ Եթե բարձրագույն կրթության մակարդակն այն չէ, ապա եկեք բարձրացնենք դրա որակը։ Այս տարիները որքան տառապանք պատճառեցին մանկավարժներին․ է՛լ օպտիմալացում, է՛լ ավագ դպրոց-հիմնական դպրոց, դրա հետեւանքով տեղափոխություն դպրոցից դպրոց, գնահատման անհասկանալի փոփոխություն, ոչ այդքան հաջող դասագրքերի փոփոխություն, բարդացված ծրագրեր, ծնողներին տրված շատ մեծ իրավունքներ։ Եվ դրա դիմաց՝ չնչին աշխատավարձ։



Նախարարի ասած 50 տոկոս ավելացումը պետք է կատարվեր առանց նախապայմանների։ Ի՞նչ է այն նշանակում։ Ուսուցիչը կարող է կտրվել ատեստավորումից, հետո կրկին փորձել։ Համոզված եմ՝ գործընթացը խիստ կոռուպցիոն է, վնասակար, կասեի՝ հակապետական, որովհետեւ գործելու է «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքը։ Եթե չեն կարողանում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ապա թող դա ասեն տղամարդավարի, ոչ թե դիմեն նման «խորամանկությունների»։ Չի կարելի այդ խեղճ ու թույլ խավին այդքան փորձության ենթարկել։ Մի քանի տարի պետք է հանգստի հնարավորություն տալ այդ հոգնած համակարգին։ Գիտեմ, որ այդ գաղափարը նոր չէ։ Դեռ բոցաշունչ հանրապետական Արմեն Աշոտյանն էր ուզում դա անել։ Բայց ես գրեցի Սերժ Սարգսյանին, եւ գործընթացը կասեցվեց։ Գրել եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին, բայց չգիտեմ՝ խոսքս նրան կհասնի՞, թե՞ ոչ։ Այնքան խնդիրներ կան… Չնայած համոզված եմ, որ եթե խոսքս հասնի ՀՀ վարչապետին, կլինեմ լսելի, որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանի համար «պատահական» քաղաքացի չեմ։



20 տարի է, ինչ լուրջ հարցեր եմ բարձրացնում՝ ուղիղ, բաց երկխոսություն, ազդեցիկ ուժերի համաձայնություն, քաղաքական հարցերը լուծելիս ինքնատիրապետման պահպանում, ներքաղաքական հարցերը լուծելիս ժամանակ բռնության բացառում եւ էլի շատ կարեւոր հարցեր։



Կրթական համակարգը փորձադաշտ չէ։ Երբ մենք նման հարցերում լռում ենք չգիտես ինչ-ինչ պատճառներով, հետո արդեն մեղավոր փնտրելը դառնում է անիմաստ գործընթաց։



**Խաչատուր ԴԱՆՂՅԱՆ**



**Էջմիածին**