Էստեղ հանրապետականներին ծառայող, էնտեղ էլ դաշնակցության ոտքի կոխան մեկն է․Հայր Կորյուն

Էստեղ հանրապետականներին ծառայող, էնտեղ էլ դաշնակցության ոտքի կոխան մեկն է․Հայր Կորյուն
Կաթողիկոս դեմ պայքարող հոգևորականները Հայր Կորյուն վարդապետի գլխավորությամբ երեկ հանդիպեցին կաթողիկոսի հետ։ Հանդիպման ավարտին «Հրապարակի» հետ զրույցում Հայր Կորյունը ասաց, որ հանդիպման ժամանակ կաթողիկոսին անձամբ է ասել այն բոլոր մեղադրանքները, որոնք մինչ այս հրապարակվել են մամուլում և հնչել քաղաքացիների բերաններից, որոնց մասին Հայր Կորյունը ասաց՝ ճշմարտություն են․



**- Հանդիպեցիք կաթողիկոսի հետ, այդ հանդիպումը ի՞նչ տվեց, ի՞նչ որոշվեց այդ հանդիպման արդյունքում։**



-Հանդիպման նպատակը մեկն էր, բոլորով միաբերան պահանջեցինք, այսինքն՝ պնդեցինք մեր արդար պահանջը, որ ժամանակն է, Վեհափառ տեր, որ պետք է թողնել-հեռանալ։ Գահը զիջեք հաջորդին, ով որ ազգընտիր կլինի, արժանի կլինի Լուսավորչի այս սուրբ գահին նստելու և ժողովրդին այս վիճակից հանելու, քահանային, ամեն մեկին այս նսեմացած վիճակից վեր հանելու, սա է եղել մեր պահանջը։



**- Կաթողիկոսին մեղադրում են եկեղեցին բիզնեսի վայր դարձնելու մեջ, մամուլում հրապարակումներ կան, որ նա կին և երեխաներ, նույնիսկ թոռներ ունի։ Այս մեղադրանքները, Ձեր գնահատմամբ, հիմնավո՞ր են։**



-Ճշմարտություն են, ցավոք սրտի, ճշմարտություն են, և էսօր ես ամեն ինչ ասեցի, բարձրաձայնեցի։ Ինձ ասեց՝ ինտերնետային բաներ ես ասում,ասացի՝ ոչ վեհափառ, այն, ինչ Դուք ինտերնետում լսել եք, ես կարող եմ կանչել այդ մարդկանց, Ձեր երեսին ասեն այն, ինչ որ կա։ Եվ ոչ միայն կնոջ և այլ խնդիրները, ավելի սարսափելի բաներ կան, որոնք իր առաջ դրեցի, ասացի ամեն ինչ, իր տեղը չէր գտնում, ցայտնոտի մեջ էր ուղղակի, ոչնչացած վիճակում էր, հավատացեք։



**- Դուք ասում եք, որ ավելի սարսափելի բաներ կան, միևնույն ժամանակ ասում եք, որ կարգալույծ չի լինելու։**



-Բայց ինչո՞ւ կարգալույծ, եթե վաղը նոր կաթողիկոս ունենանք, եպիսկոպոսաց ժողովը կորոշի իր մեջ, որ, այո, այս- այս խնդիրները ուներ, և վերջապես բարձրաձայնվեց , և վերջապես այդ բռնապետից ազատվեցինք, և այսօր պետք է իրեն կանչել և կարգալույծ հռչակել, թող արդարացի վճիռ լինի, դա թողնում ենք եպիսկոպոսաց ժողովին, մեր քննելիքը չէ, իմ իրավունքը չէ։ Բայց միանշանակ ասեմ՝ ինչպես շատ կարգալույծ հոգևորականներ, որ կարգալույծ են եղել, միևնույն է հոգևոր աստիճանը՝ կարգը անջնջելի է թե՛ իր ճակատից դժբախտաբար և թե որևէ մեկի։ Վաղը ինձ էլ կարող են կարգալույծ անել, եթե ուզենա կամ փորձի, բայց դա չի նշանակում, որ ես իմ կարգից զրկվեցի։ Որովհետև կարգալուծությունը, եթե արդարացի է, այդ մարդուն զրկում են կարգ կատարելուց, խորհուրդ կատարելուց, մնացյալ առումներով ինքը քահանա է։ Հենց Խորեն Վարդապետը, որ փորձեց հացադուլ հայտարարել, Մայր Աթոռի կողմից որոշ նյութեր հրապարակվեցին, նա հեռացավ։ Այդ անձնավորությունը, որոշ տարիներ առաջ երբ կարգալույծ էր, բերեցին, վեհափառի ձեռքով վերականգնվեց ընդամենը մեկ «պահպանիչով», և ասացին՝ գնա վեղարդ դիր և գնա կարգ կատարելու, որովհետև վերստին օծման խնդիր չկար։



**- Եթե զուգահեռներ տանենք համաժողովրդական շարժման հետ, ապա այնտեղ ամեն բան պարզ էր․ Նիկոլ Փաշինյանը առաջնորդեց ժողովրդին և դարձավ վարչապետ։ Այստեղ Դուք եք ժողովրդին առաջնորդողը, համենայն դեպս, իրենք ոչինչ չեն անում մինչև Ձեր ժամանելը։ Դուք պատրա՞ստ եք դառնալ կաթողիկոս կամ կարո՞ղ եք, եկեղեցում կարգերը այլ են։**



-Ես միացել եմ տղաներին, այստեղ առաջնորդելու խնդիր չկա։ Նախեռնողները մեր երիտասարդությունն է, մեր տղաներն են, մեր նվիրյալ նախանձախնդիր զավակները, և քանի որ իրենց մեջ կան իմ խոստովանազավակներից, որոնց խորապես ճանաչում եմ իրենց ամեն ինչով, նվիրումը գիտեմ, հավատքի ուժը գիտեմ, պարտավոր եմ կանգնել իրենց կողքին։ Միգուցե իրենք ուզում են, որ ես իրենց կողքին լինեմ, ոգևորվում են, բայց բնականաբար նախաձեռնողները իրենք են։ Ես պատրաստ չեմ կաթողիկոս դառնալ և նման նպատակ չունեմ, նման մտածում էլ չունեմ, քանի որ դա եպիսկոպոսների խնդիրն է, եպիսկոպոսներն են միայն իրավասու, իրենք են ձայնի իրավունք ունեցողները։



**- Եպիսկոպոսաց դասում կա՞ նման անձ, ով համապատասխանում է կաթողիկոսին ներկայացվող պահանջներին։**



-Չեմ ուզում նմամ հարցի անդրադառնալ, որովհետև իրավունք էլ չունեմ, ես փոքր մարդ եմ ինչ- որ մեկին քննելու և քննադատելու համար, որովհետև Աստված է առաջնորդողը։



**- Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի անունն է շրջանառվում, ի՞նչ կասեք։**



-Արամ կաթողիկոսին ես ճանաչում եմ դեռ Դամասկոսից։ Տեղի բանկչության մեծամասնությունը, բացի դաշնակներից, պնդում էր, որ թեմը պետք է Մայր Աթոռինը լինի և Էջմիածնից եպիսկոպոս ուղարկվի։ Այդ հարցով ես եմ եղել այնտեղ այդ տարիներին, և երբ որ հանձնախումբ ուղարկեցինք Արամ կաթողիկոսի մոտ՝ խնդրագրով, որ իր օրհնությունը տա և եկեղեցիների մեջ այդ պառակտումը վերանա։ Եվ երբ որ հարցը ներկայացրել էին, չեմ ուզում իր հասցեին վատ խոսքեր օգտագործել, բայց ամենավերջին թուլությամբ, որ հարիր չէ կաթողիկոսին երբևէ, և ես իրեն դրա համար կաթողիկոս չեմ համարում, հայտարարել էր, որ ոչ մի իրավունք չունի որոշում կայացնելու, մեր պահանջներին համաձայն էր, բայց ժամանակ խնդրեց, որ դիմի դաշնակցական բյուրոյին, բյուրոյի հետ քննարկվի հարցը, և ինչ որ բյուրոն կորոշի, այն կներկայացնի մեզ։ Եվ մեր վարչության անդամները, թքելով, ամենավերջին խոսքը ճակատին տալով, եկել էին։ բա դու էլ ի՞նչ կաթողիկոս ես, ուրեմն, շատ ներողություն, փալաս ես, եթե դու ասում ես, որ ոչինչ չես կարող ասել։ Էստեղ հանրապետականներին ծառայողն, էնտեղ էլ դաշնակցության ոտքի կոխան մեկն է։



**- Կաթողիկոսը, կարծես թե, հրաժարական տալու մտադրություն չունի։**



-Չուներ, կամ կունենա, կամ պարզապես ուրիշ ելք չունի։



**Կորյուն Սիմոնյան**