Հունիսի մեկից կդադարեցվի ատոմակայանի աշխատանքը․ նախարար

Հունիսի մեկից կդադարեցվի ատոմակայանի աշխատանքը․ նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հունիսի մեկից ժամանակավորապես դադարեցվելու է ատոմակայանի աշխատանքը։ «Գիտեք, որ ամսի մեկից կանգնեցնում ենք ատոմակայանը և սկսում ենք շինարարության երկարաձգման աշխատանքները։ Մի որոշ ժամանակ հետո կանգնեցվելու է նաև Երևանի ՋԷԿ-ը, նույնպես վերկանգման, վերկառուցման շինարարական աշխատանքներ են սկսելու»,-ասաց նախարարը։



**Hraparak.am**-ի հարցին, թե ի՞նչ ռեսուրսներով են կոմպեսացնելու էլեկտրաէներգիայի ստացումը ատոմակայանի ու Երևանի ՋԷԿ-ի կանգնելուց հետո, նախարարն ասաց․ «Հիմնականում օգտագործվելու է և իր ամբողջական հունի մեջ կմտնի Հրազդանի հինգերորդ բլոկը, որը կլրացնի տեղը, և մենք նաև Վրաստանի ենք հոսանք ներկրում, և ապահովված է ամեն ինչ, որևիցե խնդիր չի լինի»։



Իսկ դա կազդի՞ էլեկտրաէներգիայի սակագների վրա, նախարարը բացասական պատասխան տվեց։ Նա նաև ասաց, որ ատոմակայանը կկանգնի մինչև 2019 թվականը, և, ըստ փուլերի, երկու ամիսը մեկ էներգաբլոկի տուրբինները փորձելու են գործարկել, որպեսզի հոսանքի շատ ներազդեցություն չունենան։ Ի դեպ, Արթուր Գրիգորյանն ասաց, որ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևիցե քննարկում չունեն այս պահին, ինքն էլ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Մեր դիտարկմանը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրում ռիսկեր էին տեսել եվրոպացիներն ու անգամ նշել, որ պետք է փակվի այն, Արթուր Գրիգորյանն ասաց՝ չկան նման ռիսկեր, բոլոր ռիսկերը հաշվարկված ու գնահատված են։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**