Սերժ Սարգսյանի աշխատակազմում աշխատելը ֆանտաստիկայի ժանրից է․ Թոսունյանը հակադարձում է

Սերժ Սարգսյանի աշխատակազմում աշխատելը ֆանտաստիկայի ժանրից է․ Թոսունյանը հակադարձում է
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի և ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մեթոդական բաժնի վարիչ Մամիկոն Թոսունյանի միջև հեռակա բանավեճ է սկսվել։ Էմին-Տերյանը Թոսունյանին մեղադրում է ջենթլմենական պայմանավորվածությունը խախտելու ու գործից ազատման դիմում չգրելու մեջ, քանի որ, ինչպես Էմին- Տերյանն է պնդում, Թոսունյանը 2014 թվականից սկսած ԵՊՀ-ում որևէ էական աշխատանք չի կատարել, ուստի պետք է հեռանա։ Մինչդեռ Թոսունյանն էլ հանդես է գալիս հեղափոխականի դիրքերից․



«Երբ ես ընդունվեցի ԵՊՀ-ում աշխատանքի, իմ գլխավորած վարչությունում աշխատում էր 30 հոգի, որոնց մի փոքր մասն ընդհանրապես գործի չէր գալիս, իսկ մի մեծ մասը չգիտեր, թե աշխատանքային ինչ պարտականություններ ունի: Դրանցից մեկը Մամիկոն Թոսունյանն էր: Առաջին իսկ ժողովի ժամանակ սույն երիտասարդը, որը զբաղեցնում էր Մեթոդական բաժնի վարիչի պաշտոնը և ստանում էր նորմալ աշխատավարձ, խոստովանեց, որ 2014 թվականից առ այսօր ՈՉԻՆՉ չի արել: Ինձ խնդրեց, որ մինչև ապրիլի 15-ը իրեն աշխատանքից չազատեմ, որովհետև իրեն աշխատանք էին խոստացել ՀՀ վարչապետի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, և լավ կլինի, որ ոչ թե գործազուրկի կարգավիճակով անցնի նոր գործին, այլ դա դիտվի որպես տեղափոխություն: Մենք ջենթլմենական պայմանավորվածության եկանք, որ ինքը աշխատանքի չի գալիս, բայց ապրիլի 15-ին դիմում է գրում ու դուրս է գալիս: Տեսնելով, որ Մամիկոնից ձեն-ծպտուն չկա, տասն օր անց զանգեցի նրան, չվերցրեց, ապա Ֆեյսբուքով գրեցի, չպատասխանեց (կարող եմ սքրինշոթը դնել): Այսօր պատահաբար հայտնաբերեցի, որ ինքն իմ ընկերների ցանկում այլևս չկա և դարձել է «հայտնի հեղափոխական»՝ ցանկանալով օգտվել նոր իրավիճակից...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գևոր Էմին-Տերյանը։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև Մամիկոն Թոսունյանի հետ։



**-Պարոն Թոսունյան, ԵՊՀ ղեկավարության հետ կոնֆլիկտ ունեք, չնայած որ 2012 թվականից աշխատում եք այնտեղ, ո՞րն է կոնֆլիկտի պատճառը։**



**-**Կոնֆլիկտի թեման նամակն է, նամակից սկսվեց, որից հետո էդ ամեն ինչը սկսվեց։ Ինձ համարում են մարդ, որը որ օգտվել է առիթից, բացակայել է և այլն։ Ճիշտն ասած, ես չէի արձագանքում որոշ ժամանակ, քանի որ էդ ստի, կեղծիքի ալիքը, որը վրաս թափվեց, ինձ համար զարմանալի էր, բայց ես հասկացա, որ եթե լռում ես, ավելի վատ է, քանի որ սկսում են մտածել, որ իրականություն է դա։



**- Գևորգ Էմին- Տերյանը ասում է, որ Ձեզ հետ ջենթլմենական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել մինչև ապրիլի 15-ը, երբ Դուք պետք է աշխատանքի անցնեիք Սերժ Սարգսյանի աշխատակազմում։**



-Եկեք հասկանանք, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմում գործի անցնելը ֆանտաստիկայի ժանրից է։ Ես տեսնում էի, որ մարդը, ով եկել է մեզ հետ աշխատելու, իր մեթոդներով սկզբունքորեն տարբերվում է իմ պատկերացրած համալսարանական աշխատողից, ես՝ ինքս էլ չէի ուզում մնալ, և նման խոսակցություն ունեցել ենք, որ ես 1 ամիս ժամկետում դիմում գրեմ, մինչև գործ ճարեմ, տեղափոխվեմ։ Բանավոր պայմանավորվածություն ունեցանք մինչև ամսի 15-ը։ Հետո ես, ճիշտն ասած, մտածում էի գնալ, դիմում գրել։ Ես հասկանում եմ, որ իմ սխալն է բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելը։



**- Ինչի՞ շուրջ եք պայմանավորվածություն ձեռք բերել։ Գևորգ Էմին- Տերյանը կոնկրետ է ասում, թե ինչ պայմանավորվածություն է եղել։**



**-**Պայմանավորվել ենք, որ ես այնտեղ այլևս չաշխատեմ։



**- Ինչո՞ւ։**



-Իր հետ, քանի որ նա եկած օրվանից վատաբանում էր ամբողջ վարչության աշխատանքը։ Եվ ես հասկացա, որ նրա ներկայացրած մեթոդներով ես ոչ աշխատելու տեղ ունեմ, ոչ էլ կարող եմ։ Բայց ինձ ժամանակ էր պետք, որ կարողանայի աշխատանք գտնել։ Եթե նա ասում է, որ մինչև ապրիլի 15-ը ինձ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, էդ դեպքում ինչու եք ինձ նամակ ուղարկում ամսի 1-ով։ Այսինքն՝ հաշվում են բացակայություններս։ Ես ընդունում եմ իմ սխալը, քանի որ պետք չէր ոչ մի բանավոր պայմանավորվածության գալ, դա որևէ իրավական հիմք չունի, բայց, այնուամենայնիվ, դա եղել է, իրենք էլ դրանից օգտվեցին, որպեսզի դա օգտագործեն իմ դեմ։



**- Պարոն Թոսունյան, Ձեր կարծիքով՝ ինչու է ԵՊՀ ղեկավարությունը ցանկանում Ձեր դեմ որևէ բան օգտագործել, զուտ նրա համար, որ Դուք մասնակցել եք զանգվածային բողոքի ակցիաների՞ն։**



-Ես կարծում եմ՝ այո։ Անթաքույց է իմ մասնակցությունը, իմ շրջապատում բոլորն էլ լավ գիտեն։ Երևի սևացնելու խնդիր կար, սուտ հեղափոխականի անունը կպցնելու խնդիր կար, ես հստակ չեմ կարող ասել՝ ինչ նպատակ է դա հետապնդում, դա իրենք կարող են ավելի լավ ասել։ Ես չեմ հասկանում՝ ինչը պետք է մեկնաբանեմ։ Իրենք ասում են, որ ես 2014 թվականից ոչ մի բան չեմ արել ու գումար եմ ստացել, լավ, դա ո՞նց եք դուք պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում, դա պարզապես սուտ է։ Եթե ես էդտեղ 2012 թվականից աշխատել եմ ու ոչ մի բան չեմ արել, դա նշանակում ա, որ ինքը իր ղեկավարի վրա ա ակամայից «բոչկա» գլորում։ Փաստորեն, ԵՊՀ-ում հնարավոր ա աշխատել ու ոչ մի բան չանել։



**- Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, մասնավորապես, Արամ Սիմոնյանին մեղադրում եք թալանի և կոռուպցիոն գործընթացների մեջ։ Դուք ե՞րբ եք հասկացել, որ նրանք նման գործելաոճ ունեն։**



**-**Ճիշտն ասած, դա միանգամից չես իմանում, բայց այնպես էլ չի, որ վերջերս եմ իմացել ։ Պարզապես երևի թե էս շարժման ոգևորությունը ինչ-որ տեղ նաև ինձ վրա ազդեց, որպեսզի ես կարողանամ խոսել ու էդ հարցերը բարձրացնել։



**- Մինչ այդ կաշկանդվե՞լ եք այդ թեմայով որևէ տեղ խոսել։ Քանի որ եթե իրենք թալանով են զբաղված, իսկ Դուք գիտեք և չեք տեղեկացնում օրինապահ մարմիններին, իրավական պատասխանատվություն է ենթադրվում։**



-Ես փաստացի ապացույցներ չեմ կարող տրամադրել, բայց համոզված եմ, որ համապատասխան մարմինները եթե ստուգում կատարեն, բազում անօրինականություններ կգտնեն։ Իմ պաշտոնը այնպիսին է եղել, որ ես այնտեղ չէի կարող ամեն ինչ տեսնել և ինչ-որ փաստաթղթերով ապացուցել։



**- ԵՊՀ նամակում, որը Ձեզ է ուղարկվել, նշվում է, որ Դուք աշխատանքի չեք ներկայացել ապրիլի 1-ից 15-ը, ինչը Դուք պարզաբանել եք նրանով, որ հանուն արդարության վերականգման՝ մասնակցել եք զանգվածային ցույցերի, սակայն Երևանում ցույցերը սկսել են ապրիլի 13-ից։**



-Ես Երևանում եմ մասնակցել բողոքի ակցիաներին, և ասածը, բնականաբար, վերաբերում է այդ ժամանակաշրջանին։ Ապրիլի 1-ից 15-ը ընկած հատվածը, որը նշված է նամակում, բնականաբար չէր վերաբերվում իմ ասածին։ Պայմանավորվածություն է եղել մինչև ապրիլի 15-ը, դրա համար հարկ չեմ համարել դրան անդրադառնալ։



**- Այսինքն՝ Դուք մինչև ապրիլի 15-ը դե յուրե ԵՊՀ աշխատող եք համարվել, պարզապես համարել եք, որ, այսպես ասած, «գնացող մարդ» եք, ուստի կարող եք աշխատանքի չներկայանալ։ Ճի՞շտ ենք հասկանում։**



**-**Ճիշտն ասած, ուզում էի գնայի, ուղղակի մի քիչ խառն էի։ Ուզում էի գնայի, դիմում գրեի կամ բան․․․, այնպես չի, որ ես առհամարհել եմ, նման բան չկա։ Բայց ես էլի եմ ասում՝ նման պայմաններում և նման մթնոլորտում ես չէի կարող աշխատել, քանի որ տեսնում էի՝ ինչ ա կատարվում․ բանսարկություններ և այլն։



**Կորյուն Սիմոնյան**