Նմանություններ կան Փաշինյանի եւ Չե Գեւարայի գործելաոճում․ Economist-ն անդրադարձել է թավշյա հեղափոխությանը

Նմանություններ կան Փաշինյանի եւ Չե Գեւարայի գործելաոճում․ Economist-ն անդրադարձել է թավշյա հեղափոխությանը
Կողքից դիտողի համար, այն ինչ կատարվում է Երեւանում, շատ ավելի պարահանդեսի է նման, քան հեղափոխության: Փոխանակ այն բանի, որ այրեն անիվներ, կառուցեն բարիկադներ, երիտասարդները ծածանում են Հայաստանի եռագույնը, երգում ու պարում են փողոցներում, փակում ճանապարհները, խաղում վոլեյբոլ կամ պարզապես վայելում արեւը՝ գորգերին նստած: Ահա այս կերպ հեղինակավոր Economist հանդեսը ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ համարելով այն եզակի երեւույթ առհասարակ հեղափոխությունների ժամանակակից պատմության մեջ:



Պարբերականը գրում է, որ անկախությունից հետո առաջին անգամ հին գվարդիային երիտասարդ սերունդը կարողացավ հեռացնել իշխանությունից, թեեւ նրանց հաղթանակը դեռ լիարժեք չէ, քանի որ մայիսի մեկին հին գվարդիան փորձեց դեռ դիմադրել, երբ պառլամենտում տապալեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու քվեարկությունը:



Economist-ը հատկապես ուշադրության է հրավիրում այն, որ տապալման ընթացքում առնվազն տասը պատգամավոր հին գվարդիայից փորձեցին Փաշինյանի շարժմանը տալ հակառուսական բնույթ: Սակայն Մոսկվան մնաց լուռ եւ չցանկացավ աջակցել պարտված կողմին: Արդեն մայիսի մեկի երեկոյան Փաշինյանը դիմեց ժողովրդին եւ հաջորդ օրը իշխող կուսակցությունը իրեն զգաց բանտում՝ կաթավածահար եղած երկրում: Մայիսի երկուսին պարզ դարձավ, որ ամենայն հավանականությամբ իշխող մեծամասնությունը կաջակցի Փաշինյանին:



Պարբերականի հոդվածում նշվում է, որ բավական նմանություններ կան Նիկոլ Փաշինյանի եւ Չե Գեւարայի գործելաոճում, սկսած ոտքով հեղափոխական քարոզչությունից մինչեւ հեղափոխության ապակենտրոնացումը, ինչը փաստացի կերպով դարձրեց անհնարին վերջինիս կասեցումը իշխանությունների կողմից: Փողոց դուրս եկածների թիվն առնվազն կրկնապատկվեց: Economist-ի անդրադարձում հատկանշական է այն, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը ներկայացվում է որպես եզակի երեւույթ, որը էապես տարբերվում է վրացական եւ ուկրաինական հեղափոխություններից: Նույնիսկ արտաքին քաղաքականության հարցում Փաշինյանը տարբերվում է եւ չի փորձում բռնել արեւմտամետության ուղին: