Ժամանակի հեւքը

Ժամանակի հեւքը
_Այն հասարակությունը, որի անդամներն ի վիճակի չեն տարբերել ճշմարիտ լուրերը եւ հաղորդագրությունները կեղծից, անպայման կփլուզվի:_



**Սիսսելա Բոկ**,



**ժամանակակից փիլիսոփա**



Այսօր հենց այդպիսի իրավիճակ է: Փլուզվում է ստի ու կեղծիքի վրա հիմնված հասարակությունը: Ինչպես ժամանակին փլուզվեց կոմունիստական հասարակարգը: Ինչպես փլուզվել են բազում այլ կայսրություններ: Եվ այսօր Հայաստան աշխարհում նոր հույս եւ լույս են ծագել: Ոգեշնչվածություն է: Բոլորիս վերջնական նպատակը, անկասկած, վեհ արժեքների վրա հիմնված, բարեկեցիկ հասարակարգ ստեղծելն է: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Ամենից առաջ՝ քաղաքականությամբ: Այդպես է ընդունված: Սակայն ինչքան էլ հակասական կարող է թվալ, ցանկացած հասարակարգի հիմնախնդիրը հենց քաղաքականությունն է: Որտե՞ղ է հակասությունը: Այն պարզ տրամաբանության մեջ, որ անողը եւ կրողը մարդն է:



Դեռեւս Մաքիավելին է բաղդատել բարոյականությունը քաղաքականությունից: Որովհետեւ քաղաքականությունը մեռած համակարգ է, առանց անձերի: Դա համարյա անթափանց վարագույր է, որի ետեւում ինքը՝ մարդն է: Մարդն ամեն ինչի մեջ է եւ ամենուր է: Փորձում է անել այն, ինչ սիրտն ուզում է: Ինչ հնարավոր է անել եւ թաքցնել: Այդ մոգական վարագույրի ներքո, թվում է, ամեն ինչ թույլատրելի է: Բայց դա ճակատագրական սխալ է: Որովհետեւ քաղաքականությունը, ինչքան էլ իր ճիրանների մեջ է առնում նույնիսկ ճշմարտությունը, փորձելով խեղդել նրան, վաղ թե ուշ դատապարտված է փլուզման: Մի պահի նա հաջողության է հասնում՝ արտաքուստ: Եվ համարյա թե հնարավոր չէ զանազանել ճշմարտությունը կեղծիքից հատկապես այն դեպքերում, երբ ամենի հիմքում եւ գագաթին նորին մեծություն դրամն է: Ինչքան հնարավոր է՝ շատ եւ որքան հնարավոր է՝ արագ: Սակայն զգուշանալ է պետք: Որովհետեւ դրամը երբեք արժեք չի ստեղծում: Այն ոչնչացնում է, երբ կռապաշտության է վերածվում: Եվ սա տեղի է ունենում, որովհետեւ բարոյականությունն է մի կողմ դրվում: Ահա թե ինչի մասին համարյա թե չեն էլ հիշում:



Ինչո՞ւ արժե այսօր հիշել այդ մասին: Որովհետեւ մարդիկ հենց այսօր, հույսի ու լույսի ակնկալիքների մեր օրերում են կանգնած հիասթափվելու վտանգի առջեւ: Որովհետեւ մարդկությունը, այդ թվում եւ մենք, հեշտ ժամանակներ չի ապրում: Ոչ մի այլ ժամանակաշրջանում մարդիկ այսքան վախեցած եւ գրգռված չեն եղել: Եվ աստվածամերժ: սերը դարձել է հազվադեպ հանդիպող մի ճոխություն, բարյացակամությունը վերածվել է սառը դիվանագիտության, եւ հարգանքն ու անկեղծ ժպիտը թվում է՝ մի օրենքի է ենթարկվում միայն՝ դրամի օրենքին: Պատճառնե՞րը: Դժվար չէ գլխի ընկնել: Ժամանակակից հասարակությունը վերածվել է մի ընկերակցության, որտեղ համարյա տեղ չկա Աստծո համար:



Հավատավորին թեթեւորեն անվանում են աղանդավոր: Քրիստոնեությունը վերածվել է ոչինչ չասող եւ հոգին չսնող ծեսերի ու մոմավառության: Յուրաքանչյուր հասարակություն, եթե տեղ չտա աստվածայինին ու հոգեւորին, բարոյական արժեքներին, կվերածվի մի ճեպընթաց գնացքի, որի մեքենավարը սատանան է: Որ սլանում է գլխապտույտ արագությամբ: Եվ, վերջապես՝ մեր հասարակությունն այն լսարանն է, որն այնքա՜ն կարիք ունի Աստծո կենդանի եւ հավերժական Խոսքին՝ Աստվածաշունչ մատյանին՝ որպես ուղեցույցի եւ աստվածային առաջնորդության: Իսկ երբ նա բացակայում է, մարդիկ վատը լավ են անվանում եւ հակառակը: Եվ դա անում են այնքան անմեղսունակ տեսքով, որ միայն զարմանալ եւ կարեկցել կարելի է: Մշակույթը եւ մշակութաբանությունը վերածվում են կռապաշտության: Իսկ այլասերվածություն անվանում են կյանքի այլընտրանքային ոճ: Երբ հարստությունը գտնվում է փոքրաթիվ հարուստների ձեռքին, ովքեր շահագործում են մեծամասնությանը եւ հսկայական հարստություններ դիզում, դա անվանում են ճակատագիր: Սակայն չէ՞ որ Աստված երբեք այդպիսի համակարգեր չէր ծրագրավորել: Իսկ մարդկանց օգնության հասնե՞լը: Չեն ցանկանում օգնել կարիքի ու դժվարության մեջ գտնվողներին եւ դա անվանում են ինքնապահպանություն: Անտարբերությունն անվանում են խաղաղություն: Սպանում են դեռեւս չծնված նորածիններին եւ դա կոչում ընտրություն: Նախանձում են մերձավորի ունեցվածքին եւ դա անվանում ձգտում: Անտեսում են երեխաներին կարգապահության ընտելացնելը եւ դա անվանում են ինքնահարգանքի ձեւավորում:



Անվայելուչ, անպատշաճ երեւույթներն անվանում են ազատություն: Ծիծաղի առարկա են դարձնում մեր հայրերի արժեքները եւ դրան տալիս լուսավորվածություն կամ կրթություն անվանումը: Այնինչ ժամանակն է հասկանալու, որ միայն Աստված կարող է քննել եւ ճանաչել մեր սրտերն ու ներքին խորհուրդները, տեսնել այնտեղ բնակվող բոլոր չար դիտավորությունները, մտքերն ու հակումները եւ ազատագրել դրանցից: Եվ, որպես բնական հետեւանք, ինքնամաքրվում է հասարակությունը: Ի՞նչ ենք ընտրում մենք այսօր: Ոգեւորության ու ուրախության այս պահին: Միայն քաղաքականությունը եւ քաղաքացիական հասարակությունը, հստակ օրենքների առկայությունը բավական չեն՝ ապահովելու հուսալի եւ բարձր արժեքներով առաջնորդվող հասարակարգ: Որովհետեւ այդ բոլորն իրականացնողն ու կյանքի կոչողը մարդն է: Մենք բոլորս: Միշտ հիշենք, որ օրենքը բարոյականություն չի ստեղծում, իսկ, ահա, բարոյականությունն օրենք է ստեղծում: Եվ միով բանիվ, անհրաժեշտ է հոգեւորի առկայությունը եւ հատկապես՝ աստվածային:



Մի քիչ հնաոճ եւ վերամբա՞րձ է հնչում: Կամ էլ ծեծված ու ոչ տեղին, որովհետեւ հեղափոխություն ենք անում: Բայց չէ՞ որ մենք այնքան սիրում ենք հայտարարել՝ մենք 1700 տարվա քրիստոնեական ազգ ենք: Իսկ ո՞ր քրիստոնեության մասին է խոսքն այդ դեպքում:



**Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ**