Լեզուն չէր պտտվում՝ շնորհավորեր

Լեզուն չէր պտտվում՝ շնորհավորեր
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով, ի դեպ, ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի եղբայրն է, երեկ մի կերպ ընդունեց մեր շնորհավորանքը՝ ժողովրդի հաղթանակի կապակցությամբ, բայց լեզուն չպտտվեց՝ հստակ ասել, որ ուրախ է եւ որ ինքն էլ ուրիշներին է շնորհավորում այդ առիթով։ Մինասյանը, ում մեղադրում են Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու, պատմության դասագրքերում Մարտի 1-ի եւ այլ կարեւոր իրադարձությունները պրոիշխանական լույսի ներքո, իրականությունը թաքցրած ներկայացնելու մեջ, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասով ասաց՝ որպես փաստ դա, իհարկե, պետք է արձանագրվի։



«Բայց, գիտե՞ք, դեռեւս գործընթացները գնում են, էլի, պատմությունն անմիջական արձանագրելն էլ է սխալ։ Պատմության ընթացքն էլ ժամանակի ընթացքում փաստերը, հիմնավորումները, իհարկե, հետագա պատմության շարադրանքի մեջ դրանք խիստ կարեւորվում են, անշուշտ»,- մեզ հետ զրույցում այսպես՝ ցաքուցրիվ շարադրանքով ասաց Մինասյանը։



**- Ի դեպ, վերջերս Ձեզ Ազգային ժողովի ամբիոնից մեղադրում էին, որ պատմության դասագրքերում խեղաթյուրել եք փաստերը, մասնավորապես՝ Մարտի 1-ի իրադարձությունների մասով։**



-Այո, ես ասեմ, որ էնտեղ չի հիմնավորված, գնահատական չի տրված, ուղղակի նշված է, որ Մարտի մեկի իրադարձությունները, զոհերի քանակը, որ տասը զոհ է եղել, եւ որ միջազգային հանրությունը դատապարտում է էդ երեւույթը։ Ուրիշ փաստեր էնտեղ դպրոցական դասագրքերում արձանագրված չեն։ Իհարկե, պատմության ընթացքում հնարավոր է դեպքերը, իրադարձությունները վերանայվեն, դեռեւս փաստեր կան, որ մինչեւ վերջ վերաբացվելու անհրաժեշտություն ունեն։



**- Հիմա, երբ Սերժ Սարգսյանն այլեւս իշխանության ղեկին չէ, հնարավո՞ր է այդ փաստերը վերաշարադրվեն, վերարժեւորվեն։**



-Ես ասեմ, որ միայն դրանով չէ պայմանավորված։ Ես ասեմ Ձեզ, որ փաստերը գնահատելու առումով ժամանակ է պետք։ Կոնկրետ փաստերի վերլուծության իմաստով էսօր եզրակացություն անելը դեռեւս ճիշտ չէ։



**- Օրինակ՝ երբ Ավարայրի ճակատամարտը համարեցին որպես բարոյական հաղթանակ, դա վերլուծությո՞ւն էր, թե՞ փաստ։**



-Չէ, փաստը ճակատամարտում կոնկրետ երկկողմանի կորուստներն էին։ Եվ պատմաբանի համար վերլուծելու տեսակետից խիստ կարեւոր է փաստերը համադրելը եւ դրա հիման վրա եզրակացություն կատարելը։ Հիմա ասացինք՝ բարոյական, բայց դեռեւս մինչեւ հիմա էլ խնդիրներ կան, որոնք վերլուծելու կարիք ունեն։



**- Հիմա Սերժ Սարգսյանի այս որոշումը Դուք ճի՞շտ եք համարում, դա տեղի՞ն էր, թե՞ մի բան էլ ուշացած։**



-Ստեղծված իրադրության մեջ ես գտնում եմ, որ տեղին էր որոշումը, եւ, գիտե՞ք, խնդիրներ կան, որոնց լուծումը կարեւորվում է։ Ճիշտ որոշում էր դա։ Սա ժողովրդավարության առումով կարեւոր քայլ եմ ես համարում։



**- Իսկ Դուք շնորհավորե՞լ եք Ձեր մտերիմներին այս հաղթանակի կապակցությամբ**։



-Բոլորը շնորհավորել են։



**- Ուշացա՞ծ չէր Սերժ Սարգսյանի հեռացումը, քանզի ասում են՝ նրա իշխանության օրոք Հայաստանը բազմաթիվ վնասներ է կրել։**



-Ես մի բան ասեմ՝ անձին միկողմանի գնահատելը սխալ է, պետք է ե՛ւ դրականը նշել, ե՛ւ թերությունները։ Բայց դա հետո, հետագայում կխոսանք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆԻ