Սերունդների իրականությունը

Սերունդների իրականությունը
Սերունդ․ վերջին շրջանում որքա՜ն շատ է օգտագործվում այս եզրույթը՝ տարբեր առիթներով, երբ գալիս է որակումների, սահմանումների ժամանակը։ Սովետի սերունդ, 60-ականների սերունդ, Ղարաբաղյան շարժման սերունդ, անկախության սերունդ, նոր սերունդ եւ այսպես շարունակ։ Այդուհանդերձ, որեւիցե սերնդի պատկանելը բնավ չի նշանակում արտահայտել, նույնականանալ դրան, լինել ամբողջության ածանցը կամ դառնալ հայելին՝ անցյալի։ Որեւէ սերնդի ինքն իրեն կողքից հետեւել, ինքն իրենից առաջ անցնել չի հաջողել։ Կողքից հետեւելը, վերարժեւորելն ու կազմաքանդելը՝ հաջողությամբ թե ձախողմամբ, իրականացրել ու իրականացնում են հաջորդ սերունդները։



Ֆրանսիայի հրապարակում ուսանողության կողքին կանգնած են տարբեր սերնդի մարդիկ, կան նաեւ տարեցներ, ծերության շեմը հատած տատիկներ ու պապիկներ, եւ չափազանց հուզիչ է տեսնել նրանց քայլերթի մեջ՝ դանդաղընթաց, իրենց իրականության հարկադրած մենակության մեջ, մի մենակություն, որ ոչինչ չի պարտադրում, ուղղակի մոտ լինել է ուզում, պարզորեն օգտակար՝ իրենց կյանքի նախամուտքում կանգնած ուսանողությանը։ Շատ ժամանակ ծերությունը թափանցիկ է ու անտեսանելի է դարձնում մեր հրաշք տատիկների ու պապիկների մարմինների կարեւորությունը, թվում է՝ քայլերթի մեջ նրանք չկան, նրանց լինելությունը մի տեսակ կշռավոր չէ, բայց սա ընդամենը մի ակնթարթի զգացում է եւ, իհարկե, կարծեցյալ ակնթարթի։ Նրանց դանդաղ ու համառ քայլքը, լռությունը, նրանց մեղմ ժպիտները երիտասարդներին անօրինակ ու զորեղ կենսունակություն են փոխանցում, մի տեսակ այլ ինտելեկտ, այլ ոգեւորություն՝ հեռու-մոտիկ անցյալից։



Մինչդեռ միջին սերունդը, մասնավորապես՝ ուսանողության դասախոսական կազմի ծանրակշիռ այն հատվածը, որ մերժում է փողոցային պայքարը, քննադատում ու դատապարտում ուսանողին, նրա առջեւ դուռ կողպում, վերջին հաշվով, ո՞ր իրականությանն է պատկանում, ո՞ր ժամանակին։ Սերժ Սարգսյանն իշխանությունը, թերեւս, ապահովի նրանց ցանկալի հնարավորություններով՝ ամբիոններ, զանազան բեմեր, կոչումներ, էլիտար թեյախմությունների իրական շանսեր, վերջում՝ թոշակ, կիսախաղաղ ծերություն։



Ահա, թվում է՝ էլ ի՞նչ պիտի ուզի ճահճային ամբիոններում իր կյանքի օրերը մաշեցնող, իբր թե սերունդներ կրթող ժայռացած ու վախկոտ մարդը։ Նա գերադասում է չանթել ու հեռու վազել՝ Սերժ Սարգսյանի նետած չնչին անվտանգության, որոշակի ապահովության պատառը։ Նրա համար այդ պատառի կուրուստը համարժեք է կյանքի կորստին․ զրկվել դրանից՝ կնշանակի զրկվել ամեն ինչից, անձնական կեցության այն շինծու արժեհամակարգից, ներշնչած այն կեղծ զգացումներից, որոնցով մի ողջ կյանք են ներկազմել։ Եվ այսօրինակ դասախոսակազմի առջեւ ժամ առ ժամ պարզապես հօդս է ցնդում տարիների «տքնաջան աշխատանքը», նրանց ուսանողները, նրանց աշակերտները թողնում են լսարաններն ու դուրս գալիս փողոց՝ մերժելով փոխանցված բոլոր այդ ստրկական արժեքները։ Նրանց համար սրանից մեծ պատիժ չկա։



**Արամ ՊԱՉՅԱՆ**