Քծնանքի դոզան շատ է

Քծնանքի դոզան շատ է
Օր առաջ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին: Դժվար է նրա հուզիչ նամակն ընթերցելուց հետո խոսքեր գտնել եւ ներկայացնել այն սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում եւ նրա իշխանության վերնախավում:



Սակայն մեկ անգամ եւս արժե փաստել, որ այս ամենը մեկ օրում չէ ծնվել, այլ տարիներ շարունակ հարստացրել է մեր բառապաշարը` «կեղծարար», «ընտրակեղծիք», «լցոնում», «ոչ լեգիտիմություն», «արտագաղթ», «գործազրկություն», «աղքատություն», «օլիգարխ», «օլիգարխ իշխանավոր», «կոռուպցիա», «գերդաստանային իշխանություն» եւ, ի վերջո, «սահմանադրական բարեփոխումներ» բառերով:



Այս ամենը խոչընդոտել է հանրապետությունում ժողովրդավարության իրական զարգացմանը:



Ինչ խոսք, վերջին շրջանում լուռ դժգոհոթյուն կա նաեւ ՀՀ 3-րդ նախագահ, 15-րդ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ, պառլամենտական երկրի 1-ին վարչապետ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի ավագ եղբայր եւ բիզնես-դաշտում տնօրինող Ալեքսանդր Սարգսյանի ավագ եղբայր, Վատիկանում փեսային բարձր պարգեւ հանձնող աներ` Սերժ Սարգսյանի նկատմամբ:



Այս ամենից զատ, Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրից վարչապետի նստավայր դարձնելը, երկրի բարձրագույն իշխանությանը տրամադրված կառավարական առանձնատունը սեփականաշնորհելը ամփոփեց քաղաքացիների առանց այդ էլ եղած դժգոհությունների շարքը:



Այսքանից հետո` գործազրկության, արտագաղթի ու աղքատության պայմաններում, Սերժ Սարգսյանի վերարտադրությունը դիտարկվեց իբրեւ համառություն:



ԱԺ-ում տեղի ունեցած վարչապետի ընտրության ժամանակ իշխանության վերնախավում հայտնված մարդկանց մոտ նկատելի էր քծնանքի դոզայի ավելացումը` հաշվի չառնելով, որ երբեմն չափից շատ դոզան կյանքի համար անհամատեղելի է լինում:



Պարոնա՛յք իշխանավորներ, քծնանքի դոզան կրճատե՛ք, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի…:



Ցանկացած մարդ իր արժանիքներն ավելի լավ գիտի, քան շրջապատի ենթակաները…:



Վերջիններս կարող են իրենց քծնանքով հիվանդին սխալ բուժել եւ անկողնային հիվանդ դարձնել:



Հանրապետության 15-րդ վարչապետ Սերժ Սարգսյանին բոլոր բարձրաստիճան պետական այրերը պարտավոր էին ժամանակին ճիշտ տեղեկատվություն տալ սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ հանրապետությունում տիրող գաղջ մթնոլորտի մասին:



Ցավալի է, որ այսօր, բացառելով երկխոսությունը, միայն ոստիկանական բիրտ ուժն է դարձել քաղաքացիների հետ հարաբերվելու միջոցը:



**Գառնիկ Վաղարշակյան**



_**Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ**_