Սարդարապատի խորհուրդը. Վերջին հույսի ճակատամարտ

Սարդարապատի խորհուրդը. Վերջին հույսի ճակատամարտ

Այս տարի հայ ժողովուրդը տոնելու է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Իրավամբ չափազանց կարևոր տարեթիվ, որն ըստ էության հասարակական-քաղաքական շրջանակներին, ժողովրդին պետք է հնարավորություն տա վերարժևորել անցյալն ու դասեր քաղել սեփական սխալներից՝ դրանք չկրկնելու համար: Բայց կատարվում է ճիշտ հակառակը: Այսինքն՝ քննարկումները սահմանափակված են զուտ գեղեցիկ հերոսապատումներով և հայրենասիրական ավանդազրույցներով: Շատ քչերն են փորձում փիլիսոփայական, պատմագիտական և քաղաքակրթական հայացք ուղղել դեպի անցյալականությունը:

Ասվածի համատեքստում թերևս առաջնային է վերարժևորման տրամաբանության մեջ դիտարկել հենց Սարդարապատի ճակամարտը: Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ հերոսամարտը և ի՞նչ ազդակներ է փոխանցում մեզ: Սարդարապատն ընդամենը վերջին հույսի ճակատամարտ էր, որը դարձավ փիլիսոփայական աշխարհընկալում: Այսինքն՝ վերջին հույսի ճակատամարտի ընկալումը մեր գիտակցության անբաժան մասնիկներից մեկն է: Փորձենք Սարդարապատի տրամաբանությունը հակադրել Կարսի հանձնման իրադարձությանը:

Սարդարապատի ճակատամարտ-Կարսի հանձնում՝ երկու հակադիր իրողություններ, որոնք ամբողջությամբ արտացոլում են Հայ ժողովրդի պատմության ընթացքի տրամաբանությունը: Հայաստանցիները կարծես թե թքած ունեն «մանր-մունր» հարցերի վրա և միայն ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առկայության դեպքում են արթնանում ծխացող թմբիրից՝ Սարդարապատում ամրագրելով իրենց ապրելու իրավունքը, ապահովագրվում են և վերջում հանձնում Կարսը: Նույնը կատարվում է նաև մեր օրերում.

Արցախում մարդիկ կերտեցին իրենց «Սարդարապատը», իսկ հիմա կարծես օրինաչափորեն շարժվում են դեպի «Կարսի» վերստին հանձնմանը: Այո՛, Սարդարապատի ճակատամարտը Հայոց պատմության ամենահերոսական էջերից մեկն է, բայց ես առանձապես ոգևորված չեմ դրանով. Չի՛ կարելի ոչինչ չանել և միայն վերջնական ոչնչացման սպառնալիքի դեպքում ուշքի գալ և անցնել գործի: Բացի այդ, այդպիսի տրամաբանությամբ Սարդարապատ կարող է լինել միայն մեկ, երկու և ծայրահեղ դեպքում երեք անգամ, բայց դա չի կարող լինել շարունակական, քանի որ վերջում որպես կանոն «Կարսը պետք է հանձնվի»:

Սարդարապատի տրամաբանությունը պետք է գործի միշտ, իհարկե` ոչ միայն ճակատամարտի տեսքով: Դա իրենից ենթադրում է շատ ավելի լայն սպեկտր՝ տնտեսության կառուցումից մինչև ամենավերջին թոշակառու: Միայն այդ դեպքում չի լինի ֆիզիկական ոչնչացման վտանգ և դրանից ելնելով չի լինի նաև կյանքի վերջին հույսի ճակատամարտի անհրաժեշտություն, իսկ դրան էլ չի հաջորդի Կարսի հանձնումը: Վերջին հույսի ճակատամարտի խորհուրդը ակտիվորեն քարոզվում է նաև այսօր և հիմա: Դրա բովանդակությունը հետևյալն է. ոչինչ չանել, պետությունը մատնել անտերության, իսկ սարդարապատային տրամաբանություն ունեցող ապրիլյան պատերազմները կգան ու կգնան, և հայու ոգին կդիմագրավի արտաքին մարտահրավերներին: Չկա հայու ոգի, այդպիսի բան գոյություն չունի, դա կեղծիք է:

Կլինի ևս մեկ պատերազմ, երկրորդը, երրորդը, բայց և հանկարծ ինչ-որ մի օր ապրիլյան պատերազմի հերոսները կհրաժարվեն կռվել, և Ղարաբաղը կհանձնվի, ինչպես Սարդարապատի հերոսները հրաժարվեցին կռվել Կարսում, և հայոց հնագույն բերդաքաղաքը գրեթե առանց կռվի հանձնվեց թուրքերին։