Հայրենասիրության պակա՞ս կա

Հայրենասիրության պակա՞ս կա
Հայրենի կառավարությունն «Ազգ-բանակ» կոնցեպտը հանրության գիտակցության մեջ մեխելուց, ազգը բանակագրելուց զատ՝ որոշել է լրջորեն զբաղվել նաեւ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ ու կրթությամբ, Հայաստանին սպառնացող մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ քաղաքացիներ պատրաստելով: Ասվածի վկայությունը կրթության եւ գիտության նախարարության մշակած եւ շրջանառության մեջ դրած փաստաթուղթն է, որը բավական հնչեղ անվանում ունի՝ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» (ՌՀԴ):



Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթղթի մշակմամբ զբաղվել են ֆաշիզմի եւ նացիզմի ծպտյալ ջատագովներ, ովքեր Հայաստանում տիրող բարքերը նմանեցնում են Սոդոմ-Գոմորի հետ, որտեղ զեխության մեջ ապրող, հայրենիք չսիրող, հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցում չունեցող, մի խոսքով՝ աստվածային պատժի արժանի մեղսագործ սերունդ է աճում: Դա են վկայում ռազմավարության մեջ կիրառված որոշ եզրույթներ ու հետեւություններ, որոնք չեն հիմնավորվում որեւէ վիճակագրական տվյալով: Ռազմավարությունը, ինչպես տեղեկանում ենք նախագծից, նպատակ ունի նպաստել «գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձեւավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձեւավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը: ...ՌՀԴ-ն անձի ձեւավորման մշտական գործընթաց է, որն ուղղված է հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձեւավորմանը: ՌՀԴ-ն դաստիարակչական մեթոդների մի ամբողջական համակարգ է, որի կիրառմամբ հնարավոր է հասնել բարոյական, համամարդկային եւ ազգային արժեհամակարգի գիտակցմանը եւ համապատասխան վարքի դրսեւորմանը»:



Նախագծի 13-րդ կետում նշված է, որ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներով: Որպես արտաքին մարտահարվերներ, նշված են՝ պատերազմներ, շրջափակում, աշխարհում եւ հարեւան երկրներում մոլեգնող ահաբեկչություններ, հարեւան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումներ եւ այլն: Նախագծում թվարկված են նաեւ ներքին մարտահրավերները, որոնք, մերկապարանոց լինելուց զատ, նաեւ սարսափեցնող են: «Հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայություն, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերություն, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենց, անկարգապահություն ու անդաստիարակություն, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճ (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը եւ համապատասխան վարքագծի դրսեւորումը), արտագաղթ, տնտեսության դանդաղ զարգացում՝ պայմանավորված վերը նշված գործոններով, թմրամոլություն, թունամոլություն, սեռական այլասերվածություն»:



Ահա՝ այս եւ նման այլ արատավոր երեւույթները, ըստ ռազմավարության հեղինակների, լուրջ խոչընդոտ են հանդիսանում ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության իրականացման գործընթացին: «Վերոնշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության գործող եւ կայուն համակարգ, որը կապահովի ֆիզիկապես եւ հոգեպես հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, կարգապահ, ազգային արժեքները գիտակցող եւ դրանք համամարդկային արժեքներին զուգադրել կարողացող, փողոցային արատավոր վարքերից զերծ եւ բարոյական բարձր արժեքներով օժտված քաղաքացու ձեւավորումը: ՌՀԴ-ն աճող սերնդի մեջ հայրենիքի հանդեպ սեր, նրա պաշտպանությանը պատրաստ եւ պատրաստակամ, կարգապահ, բարոյագիտական, համամարդկային ու ազգային արժեքները գիտակցող եւ համապատասխան վարքագիծ դրսեւորող քաղաքացու ձեւավորմանն ուղղված գործընթաց է»:



Եթե ընդունվի այս վերացական շեշտադրումներով ռազմավարությունը, ապա այն պետք է իրականացվի ինչպես ՀՀ հանրակրթական, այնպես էլ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսհաստատություններում: Այսինքն՝ աճող սերունդը պետք է ոչ մի վայրկյան չդադարի դաստիարակվել ռազմահայրենասիրական ոգով ու պաթոսով, լիցքաթափվելու ժամանակ չպետք է ունենա, քանի որ դա հղի է «ներքին մարտահրավերներով»:



Ակնկալվող արդյունքը․ կունենանք սովորողների ՌՀԴ եւ նախնական զինվորական պատրաստություն՝ ՆԶՊ առարկայի դասավանդման նորարարական մեթոդներով, մանկավարժական գիտելիքներով եւ փորձով զինված երիտասարդ կադրեր: Նաեւ՝ զինվորական ղեկավար եւ մանկավարժական կոլեկտիվ ամուր կապ, ընտանեկան դաստիարակության աջակցության մեխանիզմներ, ուսումնական հաստատությունների, զորամասերի եւ ռազմական ուսումնական հաստատությունների միջեւ ակտիվ համագործակցություն, ԶԼՄ-ներով գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, ուսուցողական, հայրենասիրական, հայոց պատմությանը, անվանի զորահրամանատարների ու ազգային հերոսների վերաբերյալ հաղորդումների, ֆիլմերի եւ հեռուստածրագրերի ցուցադրման հաճախակիություն եւ այլն: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները ղեկավարելու է ԿԳ եւ պաշտպանության նախարարների համատեղ հրամանով հաստատված միջգերատեսչական հանձնաժողովը: Այն յուրաքանչյուր եռամսյակը մեկ լսելու եւ քննարկելու է միջոցառումների պատասխանատուների հաշվետվությունները, որոշումներ է կայացնելու միջոցառումների կատարման ընթացքում ծագած խոչընդոտների վերացման ուղղությամբ: Առաջիկա մի քանի տարիների համար պլանավորված միջոցառումների ցանկ է նախատեսված: Մի խոսքով՝ ՀՀ-ն առաջիկայում թեւակոխելու է ռազմահայրեանասիրական էպոխա, եւ հեռու չեն այն ժամանակները, երբ օրորոցայինի փոխարեն հայ մանուկները քուն կմտնեն ռազմահայրենասիրական քայլերգերի ներքո եւ մայրական կաթից անգամ վառոդի հոտ կառնեն:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**