«Ելք»-ը՝ դահլիճում, ժողովուրդը՝ ԱԺ դարպասների մո՞տ

«Ելք»-ը՝ դահլիճում, ժողովուրդը՝ ԱԺ դարպասների մո՞տ
Ընդդիմադիր «Ելք» դաշինքը պառակտման շեմին է հայտնվել։ Դաշինքում չեն կարողանում կոնսենսուսի գալ Ազատության հրապարակ գնալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հարցում։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է դաշինքին տանել Ազատության հրապարակ, որպեսզի թույլ չտան Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը, միաժամանակ չվտանգեն իրենց արմատական ընդդիմադիրի իմիջը, որը կերտել են տարիներ շարունակ։ Փոխարենը նախորդ ընդդիմություններից տարբերվելու նշաձող վերցրած ու կառուցողական դաշտում դիրքավորված Էդմոն Մարուքյանը՝ իր «Լուսավոր Հայաստանով» հանդերձ, ջանում է դաշինքը պահել խորհրդարանում, գործողություններն էլ բխեցնել խորհրդարանից։ Նրանք պնդում են, որ պետք է հավատարիմ մնալ դաշինքի հռչակած այն սկզբունքին, որ չեն կրկնելու նախորդների սխալը ու ժողովրդին չեն տանելու նոր պարտության։ Ո՞վ կհաղթի այս պայքարում՝ «քաղաքացիականնե՞րը», թե՞ «լուսավորականները», արմատականությո՞ւնը, թե՞ կառուցողականությունը, կամ էլ դաշինքում «հաշտարարի» դեր ստանձնած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին կհաջողվի՞ կողմերին բերել կոնսենսուսի։ Սակայն, եթե դաշինքը փլուզվի, ապա «պարտվողը» լինելու է հանրությունը, որը կանգնելու է հերթական պառակտված ընդդիմադիր «տաշտակի» առջեւ։



«Ելք»-ականները դեռեւս լավատես են, նրանք կարծում են, որ վաղ է խոսել դաշինքի փլուզման մասին, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ դաշինքում պառակտումը հասել է գագաթնակետին, եւ ի չիք են դարձել մեկ կուսակցություն դառնալու ծրագրերը։



Չսպասելով դաշինքի վերջնական որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը երեկ կարծես վերջնագիր ներկայացրեց․ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել իրազեկումը. ապրիլի 3-ին, ժամը 18:00-22:00-ն Ազատության հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք: Այդ օրը նաեւ երթ է անցկացվելու՝ ժամը 20:00-ից սկսած: Երթի հիմնական ուղղությունն է՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ պատգամավոր Լենա Նազարյանին հարցրինք՝ արդեն որոշե՞լ եք, որ միայնակ հանրահավաքներ եք անցկացնելու, սակայն պատգամավորը պատասխանեց, թե «չի մեկնաբանում»։ Զրույցից հրաժարվեց նաեւ «ՔՊ» մեկ այլ անդամ՝ Արարատ Միրզոյանը։ Հասկանալի է, որ «ՔՊ»-ն «չխոսելու» որոշում ունի։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար **Դավիթ Խաժակյանը** չթաքցրեց, որ հանրահավաքի հայտն անակնկալ է եղել իրենց համար, այդ մասին տեղեկացել են քաղաքապետարանի կայքից․ «Հաջորդ քննարկման ժամանակ մեր գործընկերներից կհետաքրքրվենք՝ ինչ հավաք է, ինչ է ենթադրում»։ Խաժակյանը դժվարացավ միանշանակ պնդել, որ Փաշինյանը, անկախ ամեն ինչից, միայնակ գործուղվում է Ազատության հրապարակ․ «Կարող եմ ասել, որ քննարկումները շարունակվում են»։ Էդմոն Մարուքյանի կուսակցին, պարզվում է՝ վրդովեցրել են մամուլի այն հրապարակումները, թե իրենց կուսակցությունը փողոցային պայքարին դեմ լինելու պատճառով է, որ չի համաձայնում Փաշինյանի առաջարկին․ «Չէ՞ որ թանկացումների ժամանակ մենք դուրս եկանք փողոց, եւ այդ որոշման հիմքում էր նաեւ «Լուսավոր Հայաստանը»։ Իսկ այժմ մենք այլ գործիքակազմ ենք առաջարկում, քանի որ խնդիրը քաղաքական է»։ Այսինքն՝ խորհրդարանում «փողոցին» այլընտրանք ինչպե՞ս կարելի է պայքար ծավալել։ «ՀՀԿ-ն առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին համարում են անփոխարինելի, անայլընտրանք թեկնածու, մենք պետք է ցույց տանք, որ նման բան չկա, ու այլընտրանք որպես ներկայացնենք մեր թեկնածուն, մանավանդ որ մենք համարում ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը մեզ համար անընդունելի է»,- ներկայացրեց «ԼՀ» անդամը։



Դիտարկմանը, որ «Ելք»-ն 9 պատգամավորով խորհրդարանում չի կարող կասեցնել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը, Փաշինյանի առաջարկը հենց այդ մասին է, Խաժակյանը պատասխանեց․ «Բայց եթե մենք փողոց դուրս գանք, մեր պատգամավորների թիվը դրանից չի ավելանալու, կամ այդ դեպքում ՀՀԿ-ն չի զրկվելու իր մեծամասնությունից ու չի կարողանալու ընտրել վարչապետի իրենց թեկնածուին, իսկ եթե հանրությունը ցանկություն ունի մեզ աջակցելու, ապա կաջակցի»։ Այսինքն՝ մտածում եք վարչապետի ձեր թեկնածուին առաջադրել, իսկ հանրությունը փողոց դուրս գա աջակցությա՞մբ։ «Այո, դա մեր կողմից քննարկվող տարբերակ է»,- չհերքեց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։ Մինչդեռ, եթե քաղաքական գործիչները փողոց դուրս չգան, օրինակ՝ չծառայեն, հանրությունն ինչո՞ւ պիտի դուրս գա։ «Ես ասում եմ, որ եթե հանրության մոտ կա պահանջ մեզ աջակցելու, ապա կաջակցի։ Ժամանակին Յանուկովիչը, երբ եվրաասոցացումը չստորագրեց, մտածում էր՝ բան տեղի չի ունենա, իսկ դրանից ձեւավորվեց եվրամայդանը»։ Դաշինքին փողոց դուրս գալու հարցում կաշկանդում է «ժողովրդին պարտության չտանելու» հայտնի խոստո՞ւմը։ «Մենք փողոց դուրս գալու հարցում կաշկանդվածություն չունենք, պարզապես եթե մենք թեկնածու առաջադրենք, որը կվայելի հանրության համակրանքը, այսինքն՝ մենք ամուր դնենք այդ նախահիմքերը, ապա ժողովուրդը կաջակցի՝ անկախ ամեն ինչից։



Իսկ եթե նախահիմքերը չլինեն, ապա գործելու է պարտության տանելու մեխանիզմը։ Այն քննարկումները, որոնք կան հրապարակային դաշտում՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու դեմ, հետապնդում են ժողովրդին պարտության տանելու բանաձեւը»։ Եթե, այնուամենայնիվ, «ՔՊ»-ն որոշի միայնակ դուրս գալ Ազատության հրապարակ, կարո՞ղ ենք արձանագրել դաշինքի փլուզում։ «Մենք կքննարկենք հետագա հարցերը, ամեն դեպքում մենք հույս ունենք, որ ընդհանուր հայտարարի կգանք»։ Երեկ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության պատգամավոր **Արտակ Զեյնալյանը** եւս կարծիք է հայտնել, թե կոնսենսուսի բացակայությունը դեռ չի նշանակելու դաշինքի փլուզում, քանի որ ամեն կուսակցություն կարող է ունենալ իր դիրքորոշումը։ Իսկ թե որ թեւին է հարում «Հանրապետությունը», նրա պատասխանից պարզ չի դառնում․ «Կարիք կա նաեւ հանրահավաքների, որը պետք է համատեղվի ինստիտուցիոնալ պայքարի հետ, բոլոր միջոցները պետք է համատեղել, միայն թե պետք է ճշտել՝ ինչ միջոցներով»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**