Որտեղ է ապրելն ավելի լավ․ Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում. I

Որտեղ է ապրելն ավելի լավ․ Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում. I
Ինչպես եւ կարելի է ակնկալել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթելու է մարտի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, ընդ որում իր մրցակիցներից առաջ անցնելով ձայների ահռելի տարբերությամբ, ինչը նշանակում է, գոնե տեսականորեն, որ այն ուղին, որով ընթանում է Ռուսաստանն այսօր, ձեռնտու է ռուսաստանցիներին, կամ նրանք հավանություն են տալիս իշխանությունների գործելաոճին, կամ էլ գոնե մեծամասնությունը դեմ չէ: Քաղաքական ազատությունների սահմանափակությունը թույլ չի տալիս, որպեսզի թեկնածուներից եւ ոչ մեկը կարողանա իրապես հանդես գալ Պուտինի դեմ, մինչդեռ նման հնարավորություններ կան, եթե հաշվի առնենք, որ ֆինանսատնտեսական դժվարություններն էապես հարվածել են շարքային ռուսաստանցու գրպանին եւ առաջ բերել որոշակի դժգոհություններ: Այս մթնոլորտում հետեւյալ հարցն է առաջանում` իսկ որտե՞ղ է ապրելն ավելի լավ` Միացյալ Նահանգներում, թե՞ Ռուսաստանում: Հենց այս հարցի պատասխանն է փորձել գտնել ամերիկյան [CNN](https://inosmi.ru/cnn_com/)-ի լրագրող Անջելա Դյուանը իր հոդվածում, որը ներկայացնում ենք ստորեւ:



**Որ երկում են ավելի երջանիկ**



Ամերիկացիներն իրենց ավելի երջանիկ են զգում, քան ռուսաստանցիները: Ընդ որում շատ ավելի երջանիկ: Այդ մասին են վկայում** **UN World Happiness Report 2018-ի տվյալները /բառացիորեն թարգմանվում է ՄԱԿ Երջանկության համաշխարհային զեկույց 2018/: Եթե վերցնենք այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են` եկամուտները, կյանքի տեւողությունը, որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը, սոցիալական աջակցությունը եւ այլն, ապա Միացյալ Նահանգները աշխարհում գրավում է 18-րդ տեղը 156 պետությունների շարքում, իսկ Ռուսաստանը`59-րդ: Սակայն այդ գոյություն ունեցող տարբերությունը կրճատվում է: Ավելին՝ նույն զեկույցի մեկ այլ ինդեքսի համաձայն, 2015-2017 թթ ռուսները ավելի երջանիկ են իրենց սկսել զգալ, քան 2008-2010 թթ: Ու սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների բնակիչները նույն տարեշրջանների ցուցանիշով սկսել են ավելի նվազ երջանիկ զգալ: