Կեղծում են նաեւ զորավարժությունները

Կեղծում են նաեւ զորավարժությունները
Ավարտվել է Ադրբեջանի գովազդված զորավարժությունների հիմնական՝ մարտական կրակի վարման, փուլը: Հակառակորդի ռազմական գերատեսչությունը տարածել է լոթուկես րոպեանոց տեսահոլովակ, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում կեղծում, ավելի ճիշտ կլինի, թերեւս ասել, հավելագրում են նաեւ զորավարժությունները:



Այսպես, այդ մասին առաջին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ դրանք տեղի կունենան լեռնային բարդ ռելիեֆի եւ ռադիոլոկացիոն իրավիճակի պայմաններում, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե զորավարժությունների թատերաբեմ է ընտրված Շահումյանի, մասամբ էլ՝ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքը:



Մինչդեռ տեսանյութից, որը հասանելի է հետեւյալ [հղումով](https://ru.oxu.az/war/247189)՝ պարզ է դառնում, որ հակառակորդի տանկերը, մյուս զրահատեխնիկան գործում են բացառապես հարթավայրում: Կադրերից երեւում է, որ «իրականին մոտ» իրավիճակ ստեղծելու նպատակով տանկերի, զրահամեքենաների ճանապարհին կառուցվել են արհեստական արգելապատնեշներ, ստեղծել ջրափոսեր, որպեսզի ստեղծվի «հաղթական երթի» պատրանք:



Հարթավայրում են տեղակայվել նաեւ հրթիռա-հրետանային եւ համազարկային կրակի ռեակտիվ կայանքները, ականանետները եւ կրակային մյուս բոլոր միջոցները: Այսպիսով կարելի է փաստել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը, որ անձամբ էր հետեւում զորավարժություններին եւ համակարգում զորատեսակների եւ ստորաբաժանումների համագործակցությունը, Իլհամ Ալիեւին ուղղակի հիմարի տեղ է դրել: Նախապես անոնսավորելով, որ զորավարժությունները կանցկացվեն լեռնային բարդ տեղանքում, Հասանովը փաստացի առաջադրված ռազմաքաղաքական խնդիրը չի լուծել:



Ադրբեջանական բանակի ոչ մի ստորաբաժանում իրականին մոտ ռազմական թատերաբեմ դուրս չի բերվել, սպառազինությունը եւ զինատեսակները մարտական փորձարկում չեն անցել: Բացառված չէ, որ դա պայմանավորված է Պաշտպանության բանակի սկսած տանկային զորավարժություններից ադրբեջանական կողմի վախով: Կամ էլ, գուցե, վերջին պահին զարավարժությունների պլանում արմատական փոփոխություններ են կատարվել՝ զգուշանալով միջազգային արձագանքներից: Ինչ էլ որ եղած լինի, փաստն այն է, որ ադրբեջանական բանակը նախապես հնչեցրած ռազմա-վարժական նպատակին չի հասել: