Մարտի 1-ի մասին դասագրքերում հիշում են միայն երկու տողով․ Լեւոն Բարսեղյան

Մարտի 1-ի մասին դասագրքերում հիշում են միայն երկու տողով․ Լեւոն Բարսեղյան
«Քաղաքականացված պատմություն․ ինչպե՞ս են 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերը ներկայացվում դպրոցներում» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը բերել էր հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի պատմության դասագիրքը, որից մեջբերումներ անելով էլ ներկայացրեց, թե ինչպիսի փաստական կեղծիքներով է շարադրվում անկախ Հայաստանի պատմությունը։



Լեւոն Բարսեղյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 1996թ․ նախագահական ընտրությունները, դրան նախորդած Դաշնակցության փակումը ներկայացված են որպես հակաժողովրդավարական երեւույթներ, որոնք բացասաբար են անդրադարձել մեր երկրի զարգացման ընթացքի վրա։ Սակայն, հասնելով մարտի 1-ի դեպքերին, Լեւոն Բարսեղյանի ասելով, նշվում է միայն ինչ-որ ցուցարարների մասին, արտակարգ դրության, զոհերի մասին, այն էլ՝ մի երկու տողով։ Իսկ սա, ըստ նրա, ապացույցն է այն բանի, որ մեր երկրում կրթությունը քաղաքականացված է։



Նա հիշեց, որ ժամանակին կային ծրագրեր, որոնք իրականացնում էին հայերը եւ ադրբեջանցիները համատեղ, փորձեցին երկու երկրների պատմաբաններին ի մի բերել մի սեղանի շուրջ, որպեսզի գրեն մի դասագիրք, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, ոչ մեկը չի վիճի։ Սակայն դա չստացվեց։ «Փաստորեն այս ակադեմիական խումբը, որն աշխատել է դասագրքերի վրա, չի կարողացել գոնե փաստերը շարադրել այնպես, որպեսզի նոր սերունդը կարողանա պատկերացում կազմել կատարվածի մասին»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ հիշեցնելով, թե այդ օրերին ինչպես էին ընթանում խաղաղ ցույցերը, ինչ միջոցների դիմեց այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լեւոն Բարսեղյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, տարբեր տվյալներով, մոտ 500 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ, 1500 մարդ ձերբակալվել կամ բերման էր ենթարկվել, շուրջ 100 հոգի դատապարտվել էր, որոնք հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել էին որպես քաղբանտարկյալ։ Եվ այդ հանցագործությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։