Հերքում է Ալիեւին

Հերքում է Ալիեւին
Ադրբեջանական մամուլը շատ հաճախ պաշտոնական քարոզչությանը եւ իրեն հակասող նյութեր է հրապարակում: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ազգային ինքնության երկվությամբ: Հարկ եղած դեպքում ադրբեջանցիները գրում են, որ Կովկասում իրենք նախաբնիկ են: Իսկ երբ այլ անհրաժեշտություն է ծագում, հիշում են իրենց թյուրքական ծագումը:



Ոմն Ռիզվան Հյուսեյնով, վիճարկելով հայկական գորգի ինքնությունը, մասնավորապես հետեւյալ տեսակետն է զարգացրել. «Ինչպես հայտնի է, գորգագործությունը քոչվորական մշակույթի առարկա է: Քոչվոր թյուրքերը գորգեր են գործել եւ մի տեղից մյուսը քոչելիս վերցրել իրենց հետ, որպեսզի ծածկեն իրենց բնակատեղիի հատակը եւ պատերը»:



[Եթե ադրբեջանցի հեղինակը համարում է](https://news.day.az/politics/978498.html), որ գորգագործությունը քոչվորական մշակույթի առարկա է, եւ հայերը նման ավանդույթներ չունեն, նշանակում է նա ընդունում է, որ Կովկասում հայերը բնիկ, նստակյաց ժողովուրդ են, իսկ թյուրքական ծագման ցեղերը՝ քոչվոր-վաչկատուն: Ըստ տրամաբանության, թյուրքերի ժառանգ ադրբեջանցիները նույնպես թափառական-քոչվոր-վաչկատուն են:



Պատմաբանն, այսպիսով, հերքում է Իլհամ Ալիեւին, որը ոչ միայն ներկայիս Ադրբեջանը, այլեւ Երեւանը եւ Զանգեզուրն է համարում «պատմական ադրբեջանական տարածք»: Այս երկվության մեջ, իհարկե, ճիշտը Ռիզվան Հյուսեյնովի մոտեցումն է՝ ադրբեջանցիները եկվոր են: Բայց գորգագործության մասին նրա ասածն իրականության հետ կապ չունի: Աշխարհում ամենամեծ պահանջարկը պարսկական գորգերն ունեն: Իսկ պարսիկները մի քանի հազար տարի է՝ ապրում են իրենց նախաբնիկ հայրենիքում եւ ոչ մի տեղ չեն գնացել:



Նույնը՝ հայերը, որոնք գորգագործությամբ զբաղվում էին այն ժամանակ, երբ թափառական-քոչվոր-վաչկատուն թուրքերն իրենց վրանների հատակը ոչ թե գորգով, այլ կենդանիների մորթիներով էին ծածկում: