28 դատավոր տեղափոխվում է այլ նստավայր

28 դատավոր տեղափոխվում է այլ նստավայր
Երեկվանից սկսվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ձեւավորումը, թեեւ համայնքային դատարանները շարունակում են գործել, իսկ դատավորները՝ պաշտոնավարել, բացի դատարանի նախագահներից, որոնք արդեն պաշտոնավարում են որպես դատավորներ։ Հիշեցնենք, որ, նոր օրենսդրությամբ, Երեւանում նախատեսվում է ունենալ մեկ միասնական դատարան՝ մեկ նախագահի ղեկավարությամբ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երեւանի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։



Մեզ հայտնի դարձավ, որ մի քանի օր է՝ Երեւանի դատարաններում իրարանցում է․ որոշ դատավորների ստիպում են մինչեւ փետրվարի 1-ը տեղափոխվել այլ դատարաններ, համակարգում դժգոհություն է հասունանում։ Բանն այն է, որ դատավորները նորոգել ու կահավորել են իրենց սենյակները, դժվար են բաժանվում սովոր միջավայրից եւ տարակուսում են՝ ի՞նչ իմաստ ունի իրենց տեղաշարժելը, տեղափոխություններ անելը, եթե դատավորների թիվը եւ կազմը պահպանվում են։ Իսկ նոր շենք չկա, ու հայտնի չէ, թե երբ կլինի։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է եվրոպական ֆինանսավորմամբ նոր ձեւավորված դատարանի համար մեծ շենք կառուցել, որտեղ էլ դատավորներն առաջիկայում կնստեն։



Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Դատական դեպարտամենտից։ Կառույցի ղեկավար **Կարեն Փոլադյանը** մեզ հետ զրույցում նշեց, որ Դատարանների նախագահի խորհուրդը որոշում է կայացրել՝ սահմանելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 8 նստավայր, որոնցից 3-ում քրեական գործեր քննող դատավորներն են տեղակայվելու, 5-ում՝ քաղաքացիական գործ քննողները․ «Կարծում եմ, որ լինելու է փաստացի փոփոխություն, որովհետեւ դատարանների նախագահների խորհրդին իրավասություն է վերապահվել՝ սահմանելու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրենքով սահմանված նստավայրերը։ Եվ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել՝ սահմանելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 8 նստավայր, որոնցից 3-ում քրեական գործ քննող դատավորներն են տեղակայվելու, 5-ում՝ քաղաքացիական գործ քննողները։ Եվ այդ որոշման կատարման արդյունքում, կարծում եմ, կլինեն որոշ դատավորներ, որ կտեղափոխվեն այլ նստավայր։ Օրինակ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որոնք քրեական գործեր չեն քննելու, կտեղափոխվեն այլ դատարան՝ Երեւան քաղաքի, այլ նստավայր»։



-**Բոլո՞րն են տեղափոխվելու, թե՞ մի քանիսի մասին է խոսքը**։



-Ամբողջի մասին չէ խոսքը, խոսքը, մեր նախնական հաշվարկներով, վերաբերելու է 28 դատավորի։



-**Տեղափոխումը ե՞րբ է տեղի ունենալու**։



-Դատարանների նախագահների խորհրդի որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից, եւ որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո այդ փոփոխությունը մենք իրականություն կդարձնենք։



-**Փոփոխությունը որքանո՞վ դժվարություն կառաջացնի դատավորների համար**։



-Դա արվելու է այն պարզ պատճառով, որ քրեական եւ քաղաքացիական գործ քննողները լինեն միասին եւ գործեն ավելի կոմպակտ։ Մեր քաղաքացիներից եւ ոչ մեկի վրա դա չի անդրադառնալու, եւ քաղաքացիներն ընդամենը հարմարավետություն են զգալու։ Օրինակ՝ Շենգավիթ համայնքի բնակիչը հայցադիմում ունի ներկայացնելու Ավանի դատարանում, ինքը հնարավորություն է ունենալու փաստաթուղթը հանձնել ցանկացած նստավայրում, եւ փաստաթուղթը գնալու-հասնելու է այնտեղ, որտեղ ինքը պլանավորել էր հանձնել։



-**Նոր դատարանի շե՞նք է կառուցվելու**։



-Որքանով ես տեղեկացված եմ՝ ոչ։ Շատ լավ կլինի, որ ունենանք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ ամբողջական շենք, բայց այս պահին այդ հնարավորությունը չունենք։ Իմ ցանկությունն է, որ հնարավորության դեպքում ունենանք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ միասնական շենք, որպեսզի բոլոր դատավորները տեղակայված լինեն մեկ շենքում, եւ, դրանով հանդերձ, մենք կարող ենք բավականին շատ պետական միջոցներ խնայել։



-**Ձեր ցանկությունն ինչպե՞ս կարող է իրականացվել**։



-Մենք այդ ուղղությամբ փորձում ենք աշխատել, համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի տեսնենք, եթե կա հնարավորություն, կատարեն ներդրումներ, եւ մենք ունենանք նոր շենքի հնարավորություն։



-**Իսկ համայնքներում տեղակայված դատարանների «ճակատագիրն» ի՞նչ կարող է լինել**։



-Այդ հարցերին, կարծում եմ, հետո պիտի անդրադառնանք, որովհետեւ, նախ, դա ո՛չ իմ իրավասության դաշտում է, ո՛չ էլ գուշակություններով զբաղվենք։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**