Եթե Ազգային ժողովն արհամարհական կեցվածք ընդունի, դա կարող է հանգեցնել ավելի տարածական բողոքի ակցիաների

Եթե Ազգային ժողովն արհամարհական կեցվածք ընդունի, դա կարող է հանգեցնել ավելի տարածական բողոքի ակցիաների
Վերջին օրերին փաստաբանները գործադուլներ են անում՝ բողոքելով Դատական օրենսգրքի դեմ, որով դատավորները հնարավորություն են ստանում սանկցիա կիրառել՝ 100 հազար դրամ տուգանելով փաստաբաններին։ Նախկին օրենսդրությամբ, փաստաբանին պատժելու գործառույթը պատկանում էր Փաստաբանների պալատին։ Գործադուլ արեցին Վանաձորի, երեկ նաեւ Շիրակի փաստաբանները։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։



**-Պարոն Զոհրաբյան, դուք դիմել էիք Ազգային ժողովին եւ կառավարությանը, որ «Դատական նոր օրենսգրքից» բացառվի այն կետը, որը հնարավորություն է տալիս դատավորին սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ՝ 100 հազար դրամ տուգանքի չափով։ Արձագանքե՞լ են Ձեր դիմումին։**



Դեռ պաշտոնական արձագանք չի եղել:



**-Դուք չէիք բացառել, որ եթե խնդիրը չկարգավորվի, փողոցային պայքարի տարբերակը կընտրվի։ Չի՞ հասունացել պահը դիմելու այդ քայլին։**



Այս խնդիրը հրապարակայնացրել եք դեռևս 2017թ. հոկտեմբերի 31-ին, դրանից հետո 2017թ. նոյեմբերի 9-ին փաստաբանների պալատում քննարկում ենք կազմակերպել, իսկ նոյեմբերի 21-ին հրապարակել ենք մեր գրավոր առաջարկությունը ՀՀ արդարադատության նախարարությանը: Ինչպես ժամանակը ցույց տվեց, մեր առաջարկությունը հաշվի չառնվեց ոչ կառավարության կողմից և ոչ էլ Ազգային ժողովի կողմից: Դեկտեմբերին առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց: 2018թ. հունվարի 16-ին կրկին քննարկում կազմակերպեցինք և որոշեցինք արդեն մեր դիմադրությունը ցույց տալ: Դիմել ենք նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (CCBE)՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով: Մենք փաստաբաններ ենք, լավ գիտենք պետական համակարգը և իրավական ակտերը: Վստահ եմ, որ փողոցային պայքարին չենք հասնի:



**- Լոռու, այնուհետեւ Շիրակի մարզի փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել՝ գործադուլ, նրանց քայլերը որքանո՞վ արդյունք կտան, եւ ՓՊ-ն էլ իր հերթին չի՞ պատրաստվում նման կոչով հանդես գալ։**



23.01.2018թ. դրությամբ 1354 փաստաբան միացել էր պահանջ-հայտարարությանը: Մարզի փաստաբանները հերթով նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում: Եթե Ազգային ժողովը քննարկման չգա և արհամարհական կեցվածք ընդունի, ապա դա կարող է հանգեցնել ավելի տարածական բողոքի ակցիաների և այլ քայլերի: Փաստաբաններիս ակնկալիքը հետևյալն է, հաշվի առեք մեր փաստարկները:



**- Այս դրույթով սահմանվում է նաեւ, որ դատավորը նույն սանկցիան կարող է կիրառել մեղադրողների նկատմամբ։ Չե՞ք կարծում, որ փաստաբանական համայնքն ու դատախազությունը պետք է միավորվեն սրա դեմ։ Դատախազության դիրքորոշումը Ձեզ պա՞րզ է։**



Մեր պայքարի շահառուն ոչ միայն փաստաբանն է կամ շարքային քաղաքացին, այլ նաև՝ դատախազությունը: Դատախազությունը առարկել է այս դրույթի դեմ, սակայն դատախազության կարծիքը նույնպես հաշվի չի առնվել: Հիշեցնեմ, որ նախագիծը ղեկավարվելով փաստաբանների և դատախազների անբարեխղճության կանխավարկածով, չի նախատեսել դատավորների անբարեխղճության հնարավորությունը, որի դեպքում, տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Նախագիծը չի նախատեսել փաստաբանների մասնագիտական չափանիշներին համապատասխան իրականացվող գործունեության ժամանակ պատժամիջոցներից զերծ մնալու երաշխիքներ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: