«Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Արսենալ» ճանապարհի քրոնիկոնը

«Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Արսենալ» ճանապարհի քրոնիկոնը
_Օրեր շարունակ ֆուտբոլային աշխարհը շունչը պահած հետեւում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան 29-ամյա Հենրիխ Մխիթարյանի կարիերայի վայրիվերումներին։_



**Հենոն՝ «Արսենալի» ճանապարհին**



Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը սկսվեցին դեռ այն ժամանակ, երբ լրատվական կայքերը գրեցին, թե Անգլիայի պրեմիեր լիգայի 12-րդ տուրի Մանչեսթեր Յունայթեդ-Բրայթոն խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի և Հենրիխ Մխիթարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Խաղը վերլուծելու ժամանակ պորտուգալացին բոլորի ներկայությամբ քննադատել է հայ ֆուտբոլիստին, որից հետո միջանցքում նրանց միջև խոսակցությունը շարունակվել է:



Ըստ շրջանառվող տեղեկություններին՝ Մոուրինյոն ցանկացել էր տրանսֆերի հանել Մխիթարյանին, որպեսզի թիմ հրավիրի Մեսութ Օզիլին:



«Արսենալ» տեղափոխվելու մասին գրվեց, թե Հենոն «Զինագործների» ակումբի հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ հայ ֆուտբոլիստը պետք է դառնար «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:



Այնուհետեւ, բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն ժամանել է Լոնդոն: Հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու արդեն այսօր կարող է կնքել պայմանագիրն «Արսենալի» հետ: «Փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն նաև կարող է տեղի չունենալ: Ես արդեն 30 տարի` աշխատում եմ տրանսֆերային շուկայում, և այստեղ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել: Ոչինչ երաշխավորված չէ»,- նշել էր մասնագետը:



_Այս ընթացքում բանակցությունները շարունակվում էին․․․_



Միջազգային մարզական մամուլի ուշադրության կենտրոնում Սանչես-Մխիթարյան հավանական փոխանակումն էր, «London Evening Standard»-ը գրում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական արդեն 175 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:



Մինչ մարզական աշխարհը քննարկում էր Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը «Instagram»-ի իր էջում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ մարզումային լուսանկար էր հրապարակել և այն մակագրել՝ «Հաղթող թիմ»:



**Երազանքներն իրականանում են**



Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ «Արսենալը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում գրեց․ «Ես շատ ուրախ եմ, որ այս գործարքը կայացավ և ուրախ եմ այստեղ լինելու համար: Իմ երազանքն իրականացավ, քանի որ միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ում: Հիմա այստեղ եմ և կանեմ ամեն ինչ, որ պատմություն կերտեմ ակումբի հետ: Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես խաղացել «Արսենալ»-ը, և ինչպես է թիմը ղեկավարել Արսեն Վենգերը: Իհարկե, ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին»:



«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:



**Աննա Պապիկյան**