Պարոն քաղաքապետ, սկսեք Ավետիս Կարագուլյանից եւ Արամի փողոցից

Պարոն քաղաքապետ, սկսեք Ավետիս Կարագուլյանից եւ Արամի փողոցից
Տասնյակ տարիներ անավարտ շինություններ ու ավերակներ կան մայրաքաղաքում, որոնց սեփականատերերին իշխանությունը չի կարողանում պարտադրել՝ ավարտին հասցնել դրանք։ Ասում են՝ խնդիրն այն է, որ առուվաճառքի կամ սեփականաշնորհման պայմանագրերում ժամանակին չեն նախատեսել ոչ ժամկետներ, ոչ կառույցներն ավարտին հասցնելու պարտավորություններ ու սանկցիաներ՝ այդ պարտավորությունները չկատարելու մասով։ Դա է պատճառը, որ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքի տեղում՝ երկաթգծի կայարանի մոտ հյուրանոցի շենքն այդպես էլ մնաց կիսակառույց, «Սեւան» հյուրանոցի շենքը քանդվեց եւ մայրաքաղաքի սրտում մի խոռոչ մնաց, քանդվեց նաեւ «Երիտասարդական պալատն» ու դրա տեղը ոչինչ չկառուցվեց՝ հիմա այնտեղ ավազի հանք է գործում։



Հայտնի «Ցումը»՝ Աբովյան փողոցի վրա հսկա առեւտրի սրահը թեեւ Արա Աբրահամյանի կողմից նորոգվեց, բայց մնաց դատարկ ու փակ։ Տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանը, մասնավորապես Երեւանի գլխավոր ճարտարապետները փորձել են լուծել կիսակառույց շենքերի, անավարտ շինարարությունների հարցը, ապարդյուն։ Ոչ «Սեւան» հյուրանոցի սեփականատեր Վաչե Մանուկյանին են կարողացել համոզել, որ ավարտին հասցնի կամ վաճառի տարածքը, ոչ Արա Աբրահամյանին են ստիպել, որ աշխատեցնի «Ցումը»։ Լուրեր կան, որ Տարոն Մարգարյանը կրկին ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը եւ առաջինը սկսելու է Արա Աբրահամյանից։ Մենք ուրիշ առաջարկ ունենք Երեւանի քաղաքապետին՝ «անշարժը շարժելու» գործընթացը սկսել այլ՝ ավելի կարեւոր հատվածից։



Տարիներ առաջ Երեւանի կենտրոնի մի մեծ հատված՝ Նալբանդյան-Աբովյան փողոցների միջնամասում հանձնվեց սիրիացի մի գործարարի՝ Ավետիս Կարագուլյանին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ է մտերիմ։ Այս հատվածից մեծ թվով մարդկանց վտարեցին, աղմկոտ պատմություններ եղան, օրինակ՝ Արամի 30 հասցեի հետ կապված, բնակելի շենքեր կառուցվեցին, գոնե 3-4 շենք արդեն բնակեցված է։ Սակայն առնվազն երկու շենք շինարարության փուլում է, բայց շինարարությունը կրիայի քայլերով է գնում, եթե չասենք՝ կանգնած է։ Դա էլ ոչինչ, բայց այդ շինարարության տեմպերը Արամի փողոցի ամենաբանուկ հատվածին է խանգարում՝ Հանրապետության հրապարակի ետնամասում։



Փողոցը նեղացել է, մայթ չկա, գեղագիտական առումով սոսկալի վիճակում է։ Եթե մենք խոսում են զբոսաշրջությունը խթանելու մասին, ապա չի կարող մայրաքաղաքի կենտրոնում նման փնթի հատված լինել։ Այժմ առաջարկը․ պարոն քաղաքապետ, ստիպեք Ավետիս Կարագուլյանին արագացնել շինարարությունը, բարեկարգեք Արամի փողոցը, հարմարավետ դարձրեք հետիոտնի եւ երթեւեկելու համար։ Բիզնես անելն այն չի, որ բռնագրավի մայրաքաղաքի կենտրոնը եւ տարիներ շարունակ խանգարի մարդկանց երթեւեկությանն ու անցուդարձին։ Բիզնեսն էլ պետք է մարդու, քաղաքացու շահերի հետ հաշվի նստի։ Չի կարելի Երեւանի կենտրոնը նվիրել մի սիրացու, ձեռքերը լվանալ եւ թողնել նրա բարեխղճության հույսին։